Արքայանարիջը չի թույլատրվում ենթաստամոքսային
գեղձի եւ շաքարային դիաբետով հիվանդներին
Արքայանարինջը, որը հաճախ անվանում են քաղցր նարինջ, աճում է հիմնականում Հյուսիսային Չինաստանում: Աշխարհում հայտնի է ավելի քան 500 տեսակ: Այս միրգը աճում է նաեւ Հայաստանում, որը աչքի է ընկնում օգտակարության մեծ շարքով: Այս պտուղը նպաստում է էնդորֆին կոչվող հորմոնի արտադրությանը, որի շնորհիվ լավանում է տրամադրությունը, ուժեղանում օրգանիզմի դիմադրողականությունը, նպաստում է արյունատար անոթների պատերի ամրացմանը, կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը։ Այս պտուղն ունի միզամուղ հատկություն, կանխարգելում է քարերի առաջացումը։ Կարգավորում է մարսողությունը, նպաստում վիտամինների յուրացմանը: Արքայանարինջն ունի հակաբորբոքային ազդեցություն։ Պեկտինի բարձր պարունակության շնորհիվ օրգանիզմը մաքրվում է թույներից։ Կարգավորում է աղիքային միկրոֆլորան։
Հասուն արքայանարինջը պարունակում է հսկայական քանակությամբ բետա-կարոտին, որը լավացնում է տեսողությունը, կանխարգելում աչքերի ծերացումը:
Թարմ պտուղները տան պայմաններում արագ հասունացնելու համար պտուղը հարկավոր է 10-12 ժամ պահել գոլ ջրի մեջ, կարելի է նաեւ պտուղը ծակել սպիրտի մեջ թաթախված ասեղով։ Այս գործողությունները կատարվում են, որպեսզի պտղի միջից դուրս գա տտիպ համը։
100 գրամ արքայանարինջը պարունակում է 0,5 գրամ սպիտակուց, 0,4 գրամ ճարպեր, 15,3 գրամ ածխաջրեր, 81,5 գրամ ջուր եւ այլն:
Պարունակում է վիտամիններ C, PP, E, A եւ հանքային տարրերից կալցիում, կալիում, երկաթ, ֆոսֆոր, մանգան, մագնեզիում, յոդ, պղինձ:
Արեւելյան բժշկության մասնագետ Հասմիկ Խաչատրյանը «Առավոտի» լրագրողի հետ խոսելով արքայանարնջի օգտակարության մասին` նշեց, որ այն շնորհիվ մեծ քանակության յոդի, հատկապես օգտակար է վահանաձեւ գեղձի խնդիրների` յոդի պակասի ժամանակ: Օրվա մեջ 2-3 պտուղ ուտելու դեպքում զգալիորեն բավարարվում է օրգանիզմի յոդի պահանջը։
Edaplus.info-ն էլ գրում է, որ մրսածության ժամանակ եւս խորհուրդ է տրվում մի քանի օր շարունակ կոկորդը ողողել մեկ բաժակ տաք ջրով բացված արքայանարնջի հյութով: A եւ C վիտամինների մեծ պարունակության շնորհիվ արքայանարինջը բարձրացնում է դիմադրողականությունը սեզոնային մրսածության ժամանակ: Իսկ եթե արդեն հիվանդ եք, պտուղն օգտակար է նաեւ ավիտամինոզի ժամանակ: Կայքը գրում է, որ որոշ սրտաբաններ իրենց հիվանդներին թերապեւտիկ եւ պրոֆիլակտիկ բուժման համար խորհուրդ են տալիս օգտագործել արքայանարինջը, քանի որ այն հեռացնում է մարմնի ավելորդ ջրային կուտակումները, թեթեւացնում սրտի աշխատանքը եւ որպեսզի նվազեցվի երիկամների լարվածությունը` խորհուրդ են տալիս ուտելուց հետո խմել 100 միլիգրամ կաթ:
Քրոնիկ հիվանդությունների դեպքում արքայանարինջ ուտելը պետք է համաձայնեցնել բժշկի հետ։ Զգայուն կոկորդ ունեցողները պետք է զգույշ լինեն սպազմներից։ Փորկապությունից խուսափելու համար այն պետք է ուտել խնձորի հետ, առանց սառը ջուր օգտագործելու։
Արքայանարիջը չի թույլատրվում ենթաստամոքսային գեղձի եւ շաքարային դիաբետով հիվանդներին: Շնորհիվ իր տտիպ համի, չի թույլատրվում նաեւ ստամոքսաաղիքային վիրահատված մարդկանց, ինչպես նաեւ նրանց, որոնք ունեն քրոնիկ փորկապություն եւ հեմառոյ:
Այս միրգը լայնորեն օգտագործվում է նաեւ կոսմետոլոգիայում` մանր կնճիռների դեպքում հասած, կորիզներից առանձնացրած արքայանարնջի պտղամիսը խառնել սերուցքի` սլիվկիի հետ, հավասար քանակությամբ եւ քսել դեմքին։ 15-20 րոպե հետո լվանալ դեմքը գոլ ջրով։ Իսկ ճարպոտ մաշկի դեպքում խորհուրդ է տրվում պտղամիսը խառնել հարած ձվի սպիտակուցի հետ, քսել դեմքին եւ պահել 15-20 րոպե։ Լվանալ տաք, այնուհետեւ սառը ջրով: Այս դիմակը մաքրում է դեմքը, թարմացնում եւ սպիտակեցնում այն:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
24.11..2015