Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինը Թուրքիային ուղղակի ձևով մեղադրեց ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ»

Նոյեմբեր 24,2015 22:07

Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումը  կլարի ռուս-թուրքական հարաբերությունները: Aravot.am-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը կարծիք հայտնեց, որ, իհարկե, Ռուսաստանը միանգամից չի դիմի Թուրքիայի նկատմամբ ինչ-ինչ ռազմական կամ այլ պատժիչ գործողությունների, սակայն երկարաժամկետ կտրվածքով կիրականացնի մշակված ծրագիր ընդդեմ Թուրքիայի: Թուրքագետը վստահեցնում է. «Սպասել երրորդ համաշխարհային պատերազմի իրական չէ»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազան օգտագործվի Սիրիայում ՌԴ օդային արշավին աջակցելու համար, քանի որ նման տեսակետ էր հայտնել Ռիչարդ Կիրակոսյանը, պարոն Իսպիրյանը պատասխանեց. «Իրադարձությունները տեղի են ունենում Սիրիայում ռուսական ներկայության համատեքստում: Թուրքիան անհանգստացած է Սիրիայում ռուսական գործողություններով. ահաբեկիչներին հարվածելով, այդ թվում անմիջապես Թուրքիայի հովանավորությունը վայելող ջիհադական Ալ Քաիդայի և մյուս  ահաբեկչական կազմակերպություններին, որոնց Թուրքիան ֆինանսավորում է  այսպես ասած թուրքմենական բրիգադների անվան տակ, Ռուսաստանը բարձրացնում է Թուրքիայի անհանգստությունը: Եվ փորձել այս հակամարտությունը բերել Թուրքիայի արևելք, որտեղ գտնվում է Հայաստանը, այս պահին նման հեռանկարներ չի նախատեսվում»:

Թուրքագետը կարծում է, որ ռազմական գործողությունները Սիրիայի տարածքից դուրս չեն գա:  Պարոն Իսպիրյանը չի բացառում, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազան օգտագործվի Սիրիայում, սակայն դրա նպատակահարմարությունն է ցածր գնահատում. «Հավանականություն կա, բայց թե ինչքանով է նպատակահարմար օգտագործել, այլ հարց է, քանի որ միևնույն է, Թուրքիայի տարածքով հնարավոր չէ այդ ռմբակոծիչները հասնեն Սիրիա, մեծ շրջան պիտի կատարեն, մտնեն Իրան, այնտեղից  գնան Սիրիա»:

Դառնալով Պուտինի հայտարարություններին, թուրքագետն ասաց. «Պուտինը մի քանի անգամ արդեն անուղղակի ակնարկել էր, որ Թուրքիան և G20-ի երկրներ աջակցում են իսլամական պետությանը և դրանով նա նկատի ուներ հենց Թուրքիային: Իր վերջին հայտարարություններով նա ուղղակի ձևով մեղադրեց Թուրքիային ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ: Սա Թուրքիայի համար նոր մարտահրավեր է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Անհամար փաստեր կան,
    որոնք յստակօրէն կ’ապացուցեն որ Թուրքիան մեղսակիցն է «Իսլամական Պետութեան»:

    Բոլոր պետութիւնները շատ լաւ գիտեն այս իրողութիւնը,
    սակայն ամէն մէկը զայն դիմագրաւում է իստ իր հաշիւներին, իր շահերին:

    Ուքրանիոյ խնդիրէն ի վեր,
    Ռուսաստանը լաւ դասեր է տալիս Արեւմուտքին,
    որի շրջանային շնիկն է Թուրքիան:
    Անատամ, սակայն լաւ հաչել գիտցող շնիկը:

    Առանց ԱՄՆ-ի հրամանին,
    Թուրքիան պարսատիկով մը իսկ չէր համարձակէր կրակել ռուսական օդանաւին վրայ:

    Որքա՜ն լեղապատառ պէտք է որ լինեն,
    որ այդ օդանաւին վրայ կրակելու յուսահատ միջոցին դիմեն:

    Սակայն դեռ չեն հասկցած թէ որո՞ւ հետ են «խաղում»…

    Կը սովորեն:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30