Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՖԱՖ-ը (Առաջին հայկական ճակատ) նոյեմբերի 24-ին դեպի Ֆուտբոլի ֆեդերացիա երթ էր կազմակերպել: ՖԱՖ անդամների եւ ոստիկանների մեջ հրմշտոց սկսվեց, երբ նախաձեռնության անդամները ցանկանում էին իրենց պաստառը փակցնել Ֆուտբոլի ֆեդերացիայի պարսպին:
ՖԱՖ-ի երթին մասնակցում էր նաեւ «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը: Նա իր ելույթի ընթացքում նշեց, որ ինքը նախկին ֆուտբոլիստ է, ֆուտբոլասեր է եւ այժմ կանգնած է ՖԱՖ անդամների կողքին:
«Եվ ընդհանրապես «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը, որը այսօր ե՛ւ քարոզչության մեջ է, ե՛ւ ոչ-ի շարժման մեջ, ձեր կողքին կանգնած ենք: Մենք կանգնած ենք ցանկացած քաղաքացու կողքին, որը պայքարում է իր իրավունքների համար: Մենք կանգնած ենք ձեր կողքին նաեւ այն պատճառով, որ դուք պայքարում եք Ռուբեն Հայրապետյանի դեմ եւ պայքարում եք այն բանի համար, որ 17 անդամ ունեցող ֆեդերացիայի գործկոմի 9 անդամները Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են»,- ասաց նա:
Արշակ Մուսախանյանը նշեց, որ Հայաստանի բոլոր խնդիրները, այդ թվում նաեւ ֆուտբոլի խնդիրը համակարգային է. «Մինչեւ Հանրապետական կուսակցությունը ֆեդերացիայից դուրս չգա, ֆուտբոլը Հայաստանում հաջողություն չի ունենա: Մինչեւ Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիայից դուրս չգա՝ ֆուտբոլը Հայաստանում հաջողություն չի ունենա: Հանրապետականը պետք է դուրս գա սպորտից, մշակույթից, դպրոցից, համալսարաններից, Հանրապետական պետք է դուրս գա ամեն տեղից, եւ դա է լինելու հաջողության եւ հաղթանակի գրավականը»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ ՖԱՖ անդամները պահանջում են փորձառու մարզիչ, լավ մարզավիճակում գտնվող մարզիկներ, ֆուտբոլի տոմսերի գնի իջեցում, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը եւ ֆեդերացիայի գործկոմի լուծարումը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ