Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՖԱՖ-ը (Առաջին հայկական ճակատ) նոյեմբերի 24-ին դեպի Ֆուտբոլի ֆեդերացիա երթ էր կազմակերպել: Երբ նախաձեռնության անդամները մոտեցան Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքին՝ նախաձեռնության անդամ Սերգեյ Ջանջոյանն ասաց, որ իրենց՝ “Your time has come” («Քո ժամանակը եկել է») գրությամբ պաստառը պետք է փակցնեն ֆեդերացիայի պարսպին:
Սակայն ոստիկանություն հայտարարեց, որ չի կարելի ,եւ իրենք թույլ չեն տալիս պաստառ փակցնել՝ նշելով, որ համապատասխան վայրը չէ: ՖԱՖ-ի անդամները հակադարձեցին՝ Ֆուտբոլի ֆեդերացիան երկրպագուներինն է, եւ կոչ էին անում ոստիկաններին չխոչընդոտել իրենց պահանջին:
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, նախաձեռնության անդամներին հաջողվեց պաստառը փակցնել, սակայն ոստիկանները երկար ժամանակ պաստառը պարսպին չթողեցին: Հրմշտոց սկսվեց ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ: Ֆուտբոլի ֆեդերացիա եկավ նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նա հայտարարեց, որ նախաձեռնության անդամները իրազեկելիս չէին նշել, որ պատրաստվում են նաեւ պաստառ ամրացնել:
Նա նաեւ նշեց, որ ալկոհոլի հոտ է առնում՝ բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք ոգելից խմիչքներ են օգտագործել: ՖԱՖ անդամները այդ հայտարարությունը որակեցին անհեթեթ եւ հիմնավորումներ պահանջեցին: Օսիպյանը նշեց, որ բողոքի ակցիայի մասնակիցները կարգ են խանգարում, սակայն ՖԱՖ անդամները պնդեցին, որ իրենց գործողությունները օրինական են:
Հիշեցնենք՝ ՖԱՖ անդամները պահանջում են փորձառու մարզիչ, լավ մարզավիճակում գտնվող մարզիկներ, ֆուտբոլի տոմսերի գնի իջեցում, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը եւ ֆեդերացիայի գործկոմի լուծարումը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ