ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 24-ին այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տուն` համայնքի բնակիչների հետ հանդիպման:
Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը եւ Առաքել Մովսիսյանը:
Օրենսդիր մարմնի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը անդրադարձել է հանրային հետաքրքրություն ներկայացնող սահմանադրական բարեփոխումների գործընթացին, նախագծի ընձեռած հնարավորություններին:
Կարդացեք նաև
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է, որը սահմանում է մարդու եւ պետության միջեւ հիմնարար հարաբերությունները: Գալուստ Սահակյանը հավելել է, որ ներկայիս առաջարկվող սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներն են երկրում կայուն ժողովրդավարական համակարգի հաստատումը եւ իրավունքի գերակայության երաշխավորումը: ԱԺ նախագահը ընդգծել է, որ առաջարկվող նախագծում արմատական վերանայման են ենթարկվել հիմնական իրավունքների սահմանափակումների խնդիրները:
Ազգային Ժողովի նախագահն անդրադարձել է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգին, համայնքների խոշորացման պիլոտային ծրագրին ու համամասնական եւ մեծամասնական ընտրություններին:
Ջերմ եւ անկաշկանդ հանդիպման ընթացքում ներկաներն իրենց հուզող հարցերն են հղել ԱԺ նախագահին, որոնց նա սիրով պատասխանել է: Հարցերը հիմնականում վերաբերել են սահմանադրական փոփոխությունների ընթացակարգին:
ՀՀ Ազգային ժողով