«Երբ փորձում եմ հետադարձ հայացք նետել Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքի պատմությանը, համոզվում եմ, որ շատ բան է մեզանում փոխվել,- ասում է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը.- դա դարձել է մեր հանրության, մասնավորապես երիտասարդության սեփականությունը: Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև մարդիկ կարող են մի տեսակ քմծիծաղով վերաբերվել այդ իրավարար վճռին, այն անվանել թղթի կտոր, մոռացված փաստաթուղթ, որը, իբրև թե, իրականության մեջ զուրկ է իրավական հենքից: Բայց, բարեբախտաբար, ժամանակը բերեց նրան, որ նույնիսկ պետական մակարդակով սկսեցին լրջորեն վերաբերվել Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին, որովհետև աշխարհի մեծերն էին դա որոշել՝ Առաջին աշխարհամարտից հետո տարածաշրջանում որոշակի ստատուս-քվո ստեղծելու համար, որը, ցավոք, քեմալաբոլշևիկյան համագործակցության արդյունքում մնաց թղթի վրա»:
Պատմաբանը համոզված է, որ հիմա՝ մոտ հարյուր տարի անց, պետք է Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը կյանքի կոչել: Ասում է, որ տարիներ առաջ էլ էր այդ մասին բարձրաձայնում, երբ շատ ավելի կայուն իրավիճակ էր տարածաշրջանում, և շատ ավելի հզոր էր թվում Թուրքիայի Հանրապետությունը. «Բայց տեսեք, որ վերջինիս այսօր լրջորեն անհանգստացնում է իր սահմանի երկայնքով ստեղծված քրդական պետության իրողությունը: Եվ մենք էլ պետք է հասկանանք, որ նաև ներկայիս Հայաստանի Հանրապետությանն սպառնացող լրջագույն վտանգներ կան, որովհետև մենք չգիտենք, թե Արևմտյան Հայաստանի տարածքում թուրքական պետության փլուզման արդյունքում ինչ պետականություն կստեղծվի, և մենք որքանով ենք դրան պատրաստ՝ որպես ժողովուրդ և որպես պետություն: Միևնույն է, այդ փլուզումը տեղի է ունենալու, և եթե մենք դրան չգնանք հայեցակարգային մակարդակով, ուշացած կհասկանանք, որ մեր սահմանի երկայնքով արդեն ստեղծվել է մեկ այլ պետություն, որը գուցե շատ ավելի լուրջ վտանգ ներկայացնի ՀՀ-ին, քան այսօր Թուրքիայի Հանրապետությունն է ներկայացնում: Դրա համար պետք է հայեցակարգային մակարդակով պատրաստ լինել հարյուր տարի անց կյանքի կոչելու Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը՝ ճիշտ այնպես, ինչպես իրավական առումով այն նախատեսում է՝ ազատ, անկախ, միացյալ Հայաստան՝ Տրապիզոնի, Էրզրումի, Բիթլիսի և Վանի վիլայեթների մեծագույն մասով հանդերձ»,- ասում է Աշոտ Մելքոնյանը:
Իսկ թե ինչ նախադրյալներ կան Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը կյանքի կոչելու համար, պատմաբանը նկատում է՝ ամենակարևորն այն է, որ այդ իրավարար վճռի հրապարակումից հետո (1920 թ. նոյեմբեր) ոչ մի երկիր չի հայտարարել, որ չի ճանաչում այն, ոչ մեկն այն չեղյալ չի հայտարարել: Այսինքն՝ իրավական առումով այդ վճիռն ուժի մեջ է. «Աշխարհի մեծերն իրենք են այդ փաստաթղթի գոյության մասին ժամանակ առ ժամանակ հիշեցնում, օրինակ, նույն Թուրքիային, երբ խնդիրներ են ունենում վերջինիս հետ: Հենց Թուրքիան փորձում է մի փոքր կամակոր դառնալ, Միացյալ Նահանգներն անմիջապես հիշեցնում է՝ գիտե՞ք, որ Ինջիլիքի տարածքը ժամանակին պատկանել է հայերին, և գոյություն ունեն նաև այդ հողերի, տարածքների կալվածագրերը: Նրանց տերերը կան, հայերն են, և բարի եղեք հավուր պատշաճի տեղի տալու Միացյալ Նահանգների պահանջներին»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ