Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանձնաժողովի անդամի ամուսնուն խոպանում ահաբեկել են. «Կնոջդ ասա դուրս գա, թե չէ քեզ գործից կազատենք»

Նոյեմբեր 24,2015 19:33

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «ՈՉ»-ի շտաբի ահազանգերին, վստահեցրեց, որ հանձնաժողովը որեւէ ահազանգ չի ստացել:

Հիշեցնենք, որ այսօր ՀԱԿ եւ «Ժառանգություն » կուսակցությունները հայտարարություն են տարածել, ըստ որի «ՈՉ»-ի համատեղ շտաբն ու Ժառանգություն կուսակցությունը ստանում են բազմաթիվ ահազանգեր տեղամասային հանձնաժողովների նորանշանակ անդամներից` նրանց նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ: Ահազանգերն, ըստ հայտարարության, վկայում են, որ ճնշումների գործադրումը կազմակերպում են մարզպետները, որոշ համայնքների ղեկավարներ եւ մեծամասնական ընտրակարգով ընտրված առանձին պատգամավորներ:

ԿԸՀ նախագահ Մուկուչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանրապետությունով մեկ ընթանում են տեղամասային հանձնաժողովների անդամների ուսուցման դասընթացներ, յուրաքանչյուր դասընթացի վերջում կազմակերպիչներից ստանում են տեղեկատվություն դասընթացների մասնակցության եւ հանձնաժողովականների կողմից բարձրացրած խնդիրների վերաբերյալ: «Ամփոփում ենք յուրաքանչյուր օրվա համար դասընթացների անցկացումը, որին մասնակցում են Հայաստանի տարբեր բնակավայրերի տեղամասերի հանձնաժողովների անդամներ: Մենք որեւէ նման ահազանգ հանձնաժողովականներից չենք ստացել: Այս պահի դրությամբ չկա նաեւ որեւէ դիմում, բողոք, ահազանգ հանձնաժողովականի կողմից՝ իր նկատմամբ բռնություն կամ օրենքով ոչ թույլատրելի միջամտություն գործելու վերաբերյալ:

Գոնե դասընթացների ժամանակ կարող են բարձրաձայնել կամ տեղամասային կամ կենտրոնական հանձնաժողով: Նման բան չի եղել»:

Armen Martirosyan«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ կարող են հանձնաժողովին տրամադրել ահազանգողների, ճնշումների ենթարկվողների անունները:

Ինչ վերաբերում է պարոն Մուկուչյանի հայտարարությանը, ապա Մարտիրոսյանը վստահեցրեց, որ ճնշումները տարբեր ձեւերով են կատարվում՝ ահաբեկում են, գայթակղում են կաշառքով. «Երկու դեպքում էլ աշխատանքը խաթարվել է: Պարոն Մուկուչյանի ասածն իշխանությունների հայացքով՝ ճիշտ է: Այսօր իրենք ներկայացնում են, որ Հայաստանում 2% նվազել է աղքատությունը, եթե այդ հայացքով են նայում, այո, ճիշտ է, բայց իրականությունում հայացքն այլ է»:

Պարոն Մարտիրոսյանի խոսքերով՝ մարդիկ վախենալով, որ իրենց ահաբեկողները չեն պատժվելու՝ չեն ցանկանում այդ մասին հայտարարել, բայց մեզ տեղյակ պահում են: «Կարծում եմ մեր հեռախոսները լսողները շատ հանգիստ այդ խոսակցությունները լսել են, թե ովքեր են, ինչ անուն ազգանուններով են: Եթե իրենց նայենք՝ ամեն ընտրությունից առաջ որեւէ խնդիր չկա, բայց ամեն ընտրություններից հետո տեսնում ենք ինչ խայտառակ ընտրություններ են եղել:

Նորություն չէ, որ մեր հեռախոսները լսում են, անվտանգության ծառայությունը, ոստիկանության գործակալական ցանցը: Դրանց օպերատիվ աշխատանքը ինչի՞ համար է, որ իրենք չգիտեն, թե ովքեր են: Իրենք շատ լավ գիտեն՝ ովքեր են»:

Ճնշումներ գործադրողների ձեռքերն անգամ Հայաստանից դուրս են հասնում. պարոն Մարտիրոսյանն ասաց՝ բանը հասել է նրան, որ հանձնաժողովի կին անդամի ամուսնու գործատուին խոպանում գտել են, վերջինիս հրահանգել են կին հանձնաժողովականի ամուսնու նկատմամբ էլ ճնշումներ կիրառի՝ «Այդ կնոջ ամուսնուն այդ մարդն ասել է՝ կնոջդ ասա՝ եթե շարունակի աշխատել հանձնաժողովում` քեզ գործից կազատենք: Այստեղ, քաղաքներից մեկի տեղամասի հանձնաժողովի երիտասարդ անդամին իր գործատուն, գործարանի փոխտնօրենն ասել է՝ հանձնաժողովից հեռու մնա, ինձ քաղաքապետն ասել է քեզ գործից ազատեմ, եթե մնաս հանձնաժողովում: Վանաձորում եւ Գյումրիում համատարած աշխատում են հանաձնաժողովի անդամների դեմ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30