«Տեռորիստի անուն կցվեց իմ վրա, բայց դա իրականությանը չի համապատասխանում»,- այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց ամբաստանյալի կարգավիճակում գտնվող, Միջազգային Դուքենդոյի եւ Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը:
Նա մեղադրվում է ապօրինի ռազմամթերք պահելու մեջ:
Նա այսօր դատարանում ցուցմունք տվեց, պատմեց, թե ինչ հանգամանքներում է ռազմամթերքն իր մոտ հայտնվել. «1999 թվականից ֆիլմեր եմ նկարում, իսկ 1992 թվականից աշխատել եմ ներքին գործերի նախարարությունում եւ ազգային անվտանգության ծառայությունում: 2005-ին պատերազմի մասին ֆիլմ էի նկարում, գրություն գրեցի այն ժամանակվա ՊՆ նախարար Սերժ Սարգսյանին, հատուկ հրաման դուրս եկավ, գնացի Ղարաբաղ, այնտեղ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ նիստ եղավ, քննարկվեց ու մեր ֆիլմի համար ռազմամթերք հատկացվեց բավականին մեծ քանակությամբ»:
Խոսքը «Ճակատագիր» ֆիլմի մասին է, որը Գոռ Վարդանյանը Ղարաբաղյան հերոսամարտի 20 ամյա տարեդարձին նվիրված է նկարել:
Կարդացեք նաև
«Ես չէի հասկանում ռազմամթերքից, բերեցին այդ մթերքը դատարկեցին դպրոցի բակում, հիշում եմ ուժեղ անձրեւ էր գալիս, կինոյի կազմով մի կերպ տեղավորեցինք դպրոցի ներսում: Մասնագետ չկար, ու ես չգիտեի՝ որն է պայթուցիկ, որը՝ չէ»:
Մեղադրողն էլ Գոռ Վարդանյանից հետաքրքրվեց՝ ֆիլմի նկարահանման համար ՊՆ-ի կողմից տրամադրվել էր ընդամենը երեք հազար հատ անգնդակ փամփուշտ, գործին կցված փաստաթղթերում հիմնավորված է, ինչպես կբացատրեք:
Պարոն Վարդանյանն ասաց, որ ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ էլ են իրեն այդ հարցը տվել, ապա ասել՝ ՊՆ-ից թույլտվության թուղթ բերի, գործը կարճեն, ինքն էլ վերցրել է անհրաժեշտ թուղթը:
«Ինչո՞ւ չեք հանձնել զինամթերքը, երբ ավարտել եք ֆիլմի նկարահանումը»,- իր հարցը շարունակեց դատախազը:
Գոռ Վարդանյանն էլ ասաց՝ հանձնել է:
Դատական նիստի ավարտին Գոռ Վարդանյանի փաստաբանը միջնորդեց որպես վկա հրավիրել պիրատեխնիկ Տիգրան Շահինյանին, ասաց՝ վկան տեղյակ է ինչ զենք է օգտագործվել ու ինչ միջոցներով: Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 4-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ուրեմն, 1992 թվականից աշխատել ա ներքին գործերի նախարարությունում եւ ազգային անվտանգության ծառայությունում, բայց 2005-ին անգամ, դեռ բան չէր հասկանում ռազմամթերքից ու չգիտեր, թե որն է պայթուցիկ, որը՝ չէ…. ինչ լավ ա չէ՞…. բա տեսնես ե՞րբ էր հասկանալու……….