Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի ղեկավար Տանյա Ռակուշիչի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵԽ այլ ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում պրոբացիոն ծառայություն ներդնելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությանը, ինչպես նաև «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի իրականացման գործընթացին վերաբերող մի շարք հարցեր:
Կարդացեք նաև
Արդարադատության նախարարը բարձր է գնահատել վերոնշյալ ոլորտներում երկու կառույցների միջև առկա համագործակցությունը, կարևորել Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու նշել, որ դրանց շնորհիվ հնարավոր կլինի լուծել ՀՀ քրեակատարողական համակարգում առկա հիմնախնդիրները: Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով նաև ԵԽ օժանդակությամբ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող առողջապահական ծրագրին, նշել է, որ այն կնպաստի ՔԿՀ-ներում պահվող անձանց տրամադրվող բուժական ծառայության որակի բարելավմանն ու բուժանձնակազմի մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացմանը:
ԵԽ ծրագրերի ղեկավար Տանյա Ռակուշիչը նույնպես կարևորել է երկու ծրագրերի արդյունավետ գործարկումն ու ընդգծել, որ պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրի արդյունավետ իրականացումը կերաշխավորի ծառայության վերջնական ներդրման հաջողությունը: Տանյա Ռակուշիչը խոսել է նաև ՔԿՀ-ների բուժանձնակազմի անկախության կարևորությունից:
Հանդիպման ավարտին կողմերը ծրագրերի շարունակականության և համագործակցության խորացման պատրաստակամություն են հայտնել:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն