Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բնակչության 20 տոկոսից ավելին տեղյակ չէ, որ հանրաքվե է անցկացվելու. հարցում

Նոյեմբեր 24,2015 17:11

Հայաստանի բնակչության 47 տոկոսը չի վստահում սահմանադրական փոփոխությունների գործընթացին: Նրանց 39.5 տոկոսը կարծում է, որ փոփոխության անհրաժեշտություն չկա: Հարցումն իրականացվել է 1300 անձանց շրջանում` ամբողջ Հայաստանի տարածքով «APR Group» ՀԿ-ի կողմից:

«Մեդիա կենտրոնում» «APR Group» ՀԿ-ի սոցիոլոգ Լիանա Բալյանը ծանոթացրեց հարցման մյուս արդյունքներին: Մասնավորապես, հարցվածների 42.9 տոկոսը կարծում է, որ Հայաստանը սխալ ուղիով է զարգանում: 73 տոկոսի կարծիքով` աստիճանաբար իրավիճակը երկրում վատանում է: Հարցին`ինչպե՞ս կարելի է փոխել այս իրավիճակը, հարցվածների 39.8 տոկոսը պատասխանել է իշխանափոխությամբ, 13.9 տոկոսը դա կապում է կառավարման համակարգի փոփոխության հետ և միայն 11.8 տոկոսը սահմանադրության և օրենքների փոփոխության հետ:

Ըստ հարցման արդյունքների` 2015-ին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը բարձր է 2014-ի համեմատ. հանրության 83.3 տոկոսը տեղյակ է, որ փոփոխություններ են տեղի ունենալու:

«APR Group» ՀԿ-ի նախագահ Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց տվյալներ այն մասին, թե որքանով են քաղաքացիները վստահում ընտրական գործընթացներին: 5.9 տոկոսը «լիովին վստահում է», «բոլորովին չի վստահում» 54 տոկոսը: Հարցվածների 80 տոկոսը տեղյակ է, որ հանրաքվե է անցկացվելու, մինչդեռ հանրաքվեից 2 շաբաթ առաջ հանրության 20 տոկոսը տեղյակ չէ այդ մասին:

Հարցին ո՞րն է այս իրավիճակի պատճառը, «APR Group» ՀԿ-ի փորձագետ Հերիքնազ Տիգրանյանը պատասխանեց. «Պատճառներից է մարդկանց անտարբերությունը, գործընթացի շտապողականությունը: Երբ գործընթացը, գաղափարը դեռ լավ չի մարսվում հանրության կողմից, բնականաբար այստեղ լինում է օտարում գործընթացից: Ինքը չի սկսում խորանալ և չունի մոտիվացիա դրա հետաքրքրվածության համար»:

Հարցին, եթե այս կիրակի տեղի ունենար սահմանադրական հանրաքվե, ապա կմասնակցեի՞ք, «այո» է պատասխանել 64.4 տոկոսը, «ոչ» 31.3 տոկոսը: 51.4 տոկոսը չի վստահում ընտրական գործընթացներին, դրա համար էլ չէր մասնակցի հանրաքվեին, 22.6 տոկոսի համար միևնույն է և 2.7 տոկոսը դեմ է առաջարկվող նախագծին: Հանրաքվեի մասնակցության մասին «այո» պատասխանը տվողների 35.8 տոկոսը «այո» է քվեարկելու, 31.8 տոկոսը` «ոչ», 0.6 տոկոսը անվավեր է դարձնելու քվեաթերթիկը: Հարցվածների 71 տոկոսը կարծում է, որ կանցնի այս նախագիծը: Այս ցուցանիշը Ռուբեն Սարգսյանը մեկնաբանեց. «Այս մարդիկ համարում են, որ իրենց քվեն, ձայնը որոշիչ չեն, սա անճարության, անելանելիության արտահայտում է, անվստահություն գործընթացին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30