Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորները, «Սու-24» ինքնաթիռի կործանումից հետո, նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ են անում խզել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ: Այդպիսի առաջարկով են հանդես եկել պատգամավորներ Վալերի Ռաշկինը եւ Սերգեյ Օբուխովը: Առաջարկի պատճենն ուղարկվել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Այս տեղեկությունը հաղորդել է, «Известия»-ն:
«Թուրքիայի ագրեսիան հերթական անգամ ապացուցում է Թուրքիայի Հանրապետության աջակցությունը միջազգային ահաբեկչությանը, մասնավորապես՝ Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Դրա ապացույցները հստակ երեւացել են ավելի վաղ, այդ թվում՝ այն ժամանակ, երբ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ 7 պետություններ անհանգստացած են Սիրիայում Ռուսաստանի գործողություններից»,- Պուտինին ուղղված նամակում գրել են պատգամավորները:
Նրանք վստահ են, որ Թուրքիայի գործողությունները շտապ պատասխանի կարիք ունեն. «Դրա հետ կապված կոչ ենք անում Ձեզ` Թուրքիայի Հանրապետության դեսպանին կանչել եւ պարզել իրավիճակը, միաժամանակ դիտարկել դիվանագիտական հարաբերությունները նվազեցնելու եւ նույնիսկ խզելու հարցը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացնել Ռուսաստանի նկատմամբ ագրեսիայի համար Թուրքիային պատասխանատվություն ենթարկելու հարցը, ինչպես նաեւ Թուրքիան ճանաչել ահաբեկչության մեղսակից երկիր եւ քայլեր ձեռնարկել այդ պետության կողմից ԻՊ-ին աջակցությունը կասեցնելու համար»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ