Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Ուսանողական աշուն» ամենամյա մարզամշակութային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։
Փառատոնին մասնակցում են տնտեսագիտական համալսարանի 6 ֆակուլտետային թիմերը, ինչպես նաև՝ առաջին անգամ Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական թիմը։ «Ուսանողական աշուն» միջոցառման բացման պատիվը տրված էր Հայաստանի ֆուտզալի առաջնության գործող չեմպիոն, ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականին։ Մարզական միջոցառումները կանցկացվեն շախմատ, վոլեյբոլ, ֆուտզալ, բազկամարտ, հրաձգություն, սեղանի թենիս սպորտաձևերում։ Տեղի կունենան նաև մշակութային, ինտելեկտուալ մրցույթներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր ողջույնի խոսքում հատուկ շեշտեց տնտեսագիտական համալսարանի ուսանողների ձեռքբերումները ՀՀ ուսանողական կյանքում։ Ըստ պարոն Ավագյանի՝ պատահական չէ, որ ունիվերսիադաներում, համաշխարհային սպորտային միջոցառումներում մասնակցություն են ունենում և Հայաստանը պատվով են ներկայացնում ՀՊՏՀ ուսանողները։ Կարեն Ավագյանը, հորդորելով երիտասարդներին շարունակել նույն ոգով, կոչ արեց ասել այո′ առողջ ապրելակերպին, այո′ սպորտին։
Կարդացեք նաև
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը կարևորեց սպորտի դերը բուհական համակարգում, կրթության գործընթացում։ «Համալսարանները կոչված են ոչ միայն մասնագիտական կրթություն տալու, այլև այստեղ են ձևավորվում երկրի ապագա քաղաքացին, նրա արժեքային համակարգը, ու այս գործում շատ մեծ դերակատարություն ունեն սպորտն ու մշակույթը»,- նշեց ՀՊՏՀ ռեկտորը՝ ընդգծելով, որ իր ղեկավարած բուհը մեծ հաջողություններ է գրանցում մարզական և ինտելեկտուալ միջոցառումներում։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նկատեց, որ Հայաստանում տարեցտարի զարգանում է ուսանողական սպորտը։ Նա կոչ արեց երիտասարդներին ավելի ակտիվորեն զբաղվել ֆիզկուլտուրայով։
Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը նկատեց, որ կոնսերվատորիայի ուսանողներին, որպես կանոն, տեսնում են համերգային բեմերում, միջազգային և հանրապետական մրցույթների ժամանակ։ Այսօր, սակայն, նրանց սպորտային դեբյուտն է։ Ըստ պարոն Շահինյանի՝ սպորտը, անկախ մասնագիտությունից, շատ կարևոր է կյանքը ճիշտ կազմակերպելու համար. «Կյանքում կան պահեր, երբ մարդը պետք է շուտ կողմնորոշվի և ճիշտ վճիռ կայացնի։ Եվ սպորտով զբաղվող մարդկանց մոտ դա ավելի հեշտ է ստացվում»։
Նշենք, որ «Ուսանողական աշունը» կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն