Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «ՄԱԿ-ը 50 միլիոն դոլար է խոստացել, որ ՀՀ-ն փախստականների քաղաքական խնդիր չբարձրացնի»

Նոյեմբեր 24,2015 16:05

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահ Մարիամ Ավագյանը պնդում է, որ ադրբեջանահայ փախստականները կարևոր կռվան են, որը չեն օգտագործում ՀՀ իշխանությունները: «Նոյյան տապան» մամուլի սրահում Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության կազմակերպած «Արցախյան հիմնահարց. հայկական դիվանագիտության խնդիրներն ու հեռանկարները» թեմայով կլոր սեղան- քննարկմանը տիկին Ավագյանը հիշեցրեց, որ 1988-ին այս օրերին Գանձակում հայությունը կենաց մահու պայքար էր մղում, և 1988-1992-ին ձևավորված Բաքվի ռեժիմի և ցեղասպանության բռնությունների հետևանքով հազարավոր հայեր հեռացան ու դարձան փախստական: Ըստ տիկին Ավագյանի`այսօր ՀՀ իշխանությունների համար հայության այդ հատվածը մոռացության է մատնված:

Նա նշեց. «ՀՀ իշխանություններն այդ կարևոր քաղաքական կռվանը չեն կիրառում: Ադրբեջանը ներկայացնում է, որ 1988-1992-ին եղել է կոնֆլիկտ Ադրբեջանի և Ղարաբաղի միջև: Բայց իրականությունն այն է, որ 1988-ի փետրվարի 20-ին ԼՂ մարզային խորհուրդն ընդունեց որոշում դիմել ԽՍՀՄ իշխանություններին դուրս գալ ադրբեջանական ԽՍՀՄ կազմից և մտնել հայկական ԽՍՀՄ: Դրան հետևեց այն, որ փետրվարի 27-ին հայերին ջարդեցին Սումգայիթում: Բաքվում, Սումգայիթում ու Գանձակում մորթեցին հայերի: Այսինքն` կոնֆլիկտը ադրբեջանական ԽՍՀՄ-ում ապրող ժողովուրդների և ձևավորված ռեժիմի միջև էր, ինչը ձևականորեն այսօր ներկայացվում է որպես Ադրբեջանի և Ղարաբաղի միջև կոնֆլիկտ»:

Մարիամ Ավագյանը նշեց, որ իրենց բոլոր հարցումներին ՀՀ իշխանություններն ունեն մեկ պատասխան, թե գերտերությունների ներկայացուցիչները խավիարակեր են: Նա մանրամասնեց. «Այն, որ ԵԱՀԿ և ՄԱԿ-ի երևանյան գրասենյակները խավիարակեր են, մենք գիտենք մեր փորձով: Բազմիցս դիմել ենք ու որևէ արձագանք չենք ստացել: Բայց մեր ԱԺ պատգամավորներն էլ անմասն չեն այդ խավիարից: Դրա վառ ապացույցն են ԵԽԽՎ-ում մեր պարտությունները: Ժամանակն է, որ մեր իշխանությունները հասկանան, որ եթե ուզում են ԼՂՀ-ում խաղաղություն, պարտավոր են բարձրաձայնել իրականությունը»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մտահոգություն հայտնեց, որ մինչև այսօր

չունենք պետական ծրագիր ադրբեջանահայ փախստականների վերաբերյալ. «Առաջին իսկ օրվանից հայ փախստականների խնդիրները հայ-ադրբեջանական հարաբերություններում չի դարձել քննարկման նյութ: Երեք տարի առաջ, երբ ուշադրություն էինք հրավիրում այս խնդրին, բազում նամակներ էինք հղում ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ, ի վերջո արձագանք ստացանք: Արձագանքը եղավ այն, որ ՀՀ եկավ ՄԱԿ-ի փախստականների խորհրդի գերագույն գլխավոր հանձնակատարը: Նա չհանդիպեց ոչ մի փախստականի, այլ միայն հանդիպեց Սերժ Սարգսյանին: Դրան հաջորդեց Սերժ Սարգսյանի մամուլի ծառայության հաղորդագրությունը, թե ադրբեջանահայ փախստականների հետ կապված քաղաքական խնդիր չունենք: Հետո իմացանք, որ ՄԱԿ-ը 50 միլիոն դոլար է խոստացել, որ ՀՀ-ն փախստականների քաղաքական խնդիր չբարձրացնի: Բայց մինչև այժմ այդ գումարը չի հատկացվել Հայաստանին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30