Մեր ունեցած տեղեկություններով՝ Տավուշի մարզի համայնքապետերը եւ դպրոցի տնօրենները իշխանությունից հրահանգ են ստացել աջակցելու Սահմանադրության նախագծի քվեարկության «այո»-ին: Նրանք չկամորեն են պատասխանում Սահմանադրության նախագծի մասին մեր հարցերին:
Իջեւանի տարածաշրջանի Դիտավանի հիմնական դպրոցի տնօրեն Արմեն Հախվերդյանին հարցրինք՝ կարդացե՞լ է Սահմանադրության նախագիծը: Նա դրական պատասխանեց: Հարցրինք, թե որո՞նք են դրա առավելությունները: Նա չցանկացավ մանրամասնել:
Ա. Հախվերդյանը Սահմանադրության նախագծի «այո»-ն ապահովելու վերաբերյալ ասաց. «Ես, բնականաբար, պետք է որոշակի աշխատանք տանեմ»: Խնդրեցինք պարզաբանել, թե ինչու «բնականաբար», ինքը որպես ՀՀԿ անդա՞մ է պարտավոր նման աշխատանք տանել, թե՞ որպես դպրոցի տնօրեն: Ա. Հախվերդյանը այլեւս չկամեցավ զրուցել:
Դիլիջանի տարածաշրջանի Աղավնավանքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին հարցրինք՝ իր համագյուղացիները տեղյա՞կ են Սահմանադրության նախագծից: Նա ասաց. «Չեմ կարող ասել»: Վ. Գրիգորյանին հարցրինք՝ կարդացե՞լ է Սահմանադրության նախագծի տեքստը: Նա դրական պատասխանեց: Հարցրինք, թե այնտեղ ի՞նչ է նշված համայնքների ղեկավարների ընտրության մասին: Գյուղապետը շտապեց ասել, որ ինքը ժամանակ չունի զրուցելու:
Կարդացեք նաև
Բերդի տարածաշրջանի Նորաշեն համայնքի ղեկավար Գոռ Աբրահամյանն ասաց, որ ինքը համագյուղացիներին հորդորում է մասնակցել Սահմանադրության նախագծի հանրաքվեին: Նա ասաց, որ թեեւ Նորաշեն քարոզչական խմբեր չեն եկել, սակայն գյուղում քարոզչական պաստառ է փակցված, նորաշենցիները տեղյակ են հանրաքվեի վերաբերյալ: Գյուղապետին հարցրինք՝ ինքը կարդացե՞լ է Սահմանադրության նախագծի տեքստը, այնտեղ իր համար ո՞ր հոդվածներն են ընդունելի: Գ. Աբրահամյանը ընկերական ձեւով խնդրեց այլեւս այդ թեմայով հարցեր չտալ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ