Լրահոս
Օրվա լրահոսը

25 մլն $-ի նոր վարկ՝ գյուղերի համար. բա ո՞ւր են գնացել նախկին վարկերը (Տեսանյութ)

Նոյեմբեր 24,2015 14:28

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ նախագահի կողմից ներկայացված «ՀՀ-ի եւ Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջեւ կնքված ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը:

Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 25 մլն դոլար արտոնյալ վարկ են տալիս ՀՀ-ին՝ 20 տարի մարման ժամկետով, 5 տարի արտոնյալ ժամկետով, 2.75 տոկոս տոկոսադրույքով:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ քանի՞վարկ ենք վերցրել վերջին տարիներին՝ գյուղական համայնքներում ջրօգտագործման բարելավման համար. «Մենք որ մարզում եղել ենք, թիվ մեկ խնդիրը, որից բողոքում են համայնքի բնակիչները, այդ ոլորտն է, բա ո՞ւր են գնացել այդ վարկերը: Եվ այս վարկի մեջ տխրահռչակ խորհրդատվությունների համար որքա՞ն գումար է նախատեսված»:

Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ KFW գերմանական բանկի աջակցությամբ ուսումնասիրություն է կատարվել եւ պարզվել, որ 600 համայնքում այդ խնդիրը կա եւ նույնիսկ այս վարկային ծրագիրը խնդիրը չի լուծելու:

Ինչ վերաբերում է խորհրդատվական ծախսերին, նա ասաց, որ դրա համար ծախսեր չեն նախատեսվել. «Բացի նախագծային աշխատանքներից, որեւէ խորհրդատվություն այս ծրագրում չկա»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, ծրագրով 2.5 մլն դոլարի գրասենյակի պահպանման ծախսերի համար է նախատեսվել. «Քանի որ խորհրդատվություն բառը հանրության մոտ մեծ ագրեսիա է առաջացնում, երեւի այլ ձեւակերպում եք տվել»:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ հարցրեց՝ մենք ի՞նչ երաշխիք ունենանք, որ այս վարկը բարի նպատակների է ծառայելու, թե չէ որպես փաստաթուղթ, որեւէ վարկ չի գալիս ԱԺ, որը ծառայելու է հակապետական նպատակների համար:

Ատոմ Ջանջուղազյանը չհամաձայնեց, որ մինչ այժմ վերցրած բոլոր վարկերը փոշիացվել են, դրա համար էլ համայնքներում դեռ այդ խնդիրն առկա է: Նա վստահեցրեց, որ վարկն իսկապես ծառայելու է բարի նպատակների համար:

Վահագն Մախսուդյանն էլ հետաքրքրվեց, թե ո՞ր համայնքներն են ընդգրկվել այս ծրագրում:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց այն համայնքները, որտեղ չի իրականացվելու ծրագիրը՝ Արմավիր, Արարատ, Կոտայք. «Դա նշանակում է, որ մնացած մարզերի համայնքներում նախատեսվում է իրականացնել»:

Վահագն Մախսուդյանը դժգոհեց, որ երբ մի վարկ հաստատում են, խորհրդատվության համար հսկայական ծախսեր են նախատեսվում, որ ուսումնասիրություններ անի մարզերում, թե որ համայնքում կա, ենթադրենք, ոռոգման խնդիրը: Նա առաջարկեց. «Ինչո՞ւ մի անգամը բավարար չի, ամեն անգամ վարկով նորից ծախս պետք է անենք, որ ուսումնասիրեն, մի անգամը բավարար չի՞, լավ, թող թարմացնեն տվյալները, գյուղերից ճշտեն»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ մտահոգություն հայտնեց, որ ԱԺ-ն հաստատում է վարկերը, բայց երբեք վերահսկողություն չի կարողանում իրականացնել՝ ի՞նչ արվեց այդ վարկը:

Նա նշեց, որ 100 մլն-ից ավելի վարկեր են հաստատվել՝ համայնքներում ջրամատակարարման, ջրահեռացման խնդիրների լուծման համար, բայց մնացել ենք նույն վիճակում, վարկերը հարց չեն լուծել: Նա առաջարկեց, որ համայնքապետերին ներգրավեն ծրագրում, որովհետեւ իրենցից լավ ոչ ոք չի պատկերացնում համայնքի խնդիրները, ֆինանսավորեն հենց մարզպետարաններին, թող իրենք էլ զբաղվեն իրենց խնդիրներով. «Հազար անգամ լավ կանեն էդ աշխատանքները: Մենք շատ լավ գիտենք ԾԻԳ-երը ինչով են զբաղվում»:

Ատոմ Ջանջուղազյանը միանգամից առաջարկին ասաց՝ ոչ, նպատակահարմար չենք գտնում: Ըստ նրա, ԾԻԳ-ը մասնագիտացված կառույց է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30