Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. Ադրբեջանը փորձում է ռեւանշի հասնել ԵԽԽՎ-ում

Նոյեմբեր 24,2015 14:24

«Սարսանգի ջրամբարի հարցի ներառումը ԵԽԽՎ օրակարգ հետևանք է այն իրավիճակի, որ այսօր գոյություն ունի ԵԽԽՎ-ում: Երբևիցե չենք համաձայնել այն մտքի հետ, թե սա պատվիրակության կամ պետական կառույցների պարտությունն է»,- այս մասին խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը: Հիշեցնենք, երեկ ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովի նիստում (Փարիզում) քննարկվել է Սարսանգի ջրամբարի մասին զեկույցը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ ընդունել-չընդունելու հարցը: Հայկական կողմը հանդես է եկել առաջարկով այս զեկույցը կասեցնել ու չընդունել օրակարգ, սակայն 9 «դեմ» և 16 «կողմ» ձայների հարաբերակցությամբ հայկական պատվիրակների առաջարկը մերժվել է:

Հերմինե Նաղդալյանը սա համարում է ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների կողմից նախաձեռնած և իրենց շահերին աջակցող տարբեր երկրների կամ անհատների հակահայկական արշավի արդյունք:

Տիկին Նաղդալյանը չհամաձայնեց այս օրերին հաճախ հնչող այն քննադատության հետ, թե ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը չի կարողանում պաշտպանել իր շահերը և մատնանշեց, որ գոնե վերջին տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ հարձակումներ ու նման արշավների էպիզոդներ, որոնց ժամանակ, կենտրոնացնելով մեր ողջ ուժերը, հաջողել ենք: Նրա կարծիքով, Ադրբեջանն այսօր, ունենալով ոչ բարենպաստ իրավիճակ ԵԱՀԿ Մինսկի խմբում, ոչ ադրբեջանանպաստ զարգացումներ միջազգային այլ հարթակներում, փորձում է մեկ այլ` ոչ մասնագիտական հարթակներում ռևանշի հասնել:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`հնարավո՞ր է հայկական պատվիրակությունը բոյկոտի ԵԽԽՎ-ի աշխատանքները: «Բոյկոտը լավագույն տարբերակը չէ ըստ իս: Սակայն, այդ հարցը պատվիրակությունն այսօր դեռ չի քննարկել: Մենք փորձում ենք գտնել այն ռեզերվները, որոնք հնարավորություն կտան մեզ քննարկման ժամանակ որոշակի բեկում մտցնել: Որևէ այլ բնույթի որոշումները կկայացվեն այն պարագայում, երբ կտեսնենք, որ այլ միջոց չունենք»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30