Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ սպասել Ալիև-Սարգսյան՝ դեկտեմբերի 1-ին կայանալիք հանդիպումից

Նոյեմբեր 24,2015 13:53

ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Փարիզում: Սակայն Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն առանձնապես սպասելիքներ չունի այս հանդիպումից: «Նոյյան տապան» մամուլի սրահում «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության կազմակերպած «Արցախյան հիմնահարց. հայկական դիվանագիտության խնդիրներն ու հեռանկարները» թեմայով կլոր-սեղանին նա հայտարարեց. «ՀՀ-ն չունի խաղաղության համար բանակցող գործընկերներ: Այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները իրենց քաղաքացիական հասարակությանը ծանր հարված հասցրին, հիմա նրանք թիրախավորում են իրենց ուժային կառույցները: Հակահայկական քարոզչությունն աճում է՝ զուգակցվելով ռազմական գործողություններով ոչ միայն ուղղված դեպի Հայաստանը, այլև ԼՂՀ-ն»:

Richard_Kirakosyan

Պարոն Կիրակոսյանի կարծիքով՝ ապրում ենք չհայտարարված պատերազմի պայմաններում: Ըստ նրա՝ այս հարցում քաղաքական կամքի սղության պայմաններում ԵԱՀԿ համանախագահները միայն այսքանը կարող են անել:

Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ Ադրբեջանի գործողությունները կարող են արդարացված լինել այն հանգամանքով, որ այս երկիրը հիասթափված է, բայց մյուս կողմից՝ դրա պատճառը հենց այդ երկրի վարած մաքսիմալիստական քաղաքականությունն է:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չհամաձայնեց, թե ապրում ենք լայնամասշտաբ պատերազմի պայմաններում, քանի որ ըստ նրա՝ իրավիճակը այժմ և 1990-ականներին տարբերվում է: Ըստ նրա՝ մաքսիմալիստական քաղաքականություն են վարում ոչ միայն Ադրբեջանը, այլև հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը. «Ադրբեջանն ասում է, որ մենք պատրաստ ենք կոմպրոմիսի, բայց այն պայմանով, որ վերադարձ կատարվի դեպի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իրավիճակ: Մեր կողմից հնչում են հայտարարություններ, թե չենք զիջելու մեկ թիզ հող»: Այս պարագայում նա հիշեցրեց այն, ինչի մասին խոսում են համանախագահները՝ հրադադարի ռեժիմի պահպանում և այլն. «Սա նշանակում է, որ բանակցությունները կշարունակվեն հավերժ»:

Shahnazaryan

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը նկատեց, թե Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունն է, որ նա միջազգային հանրությունից պահանջում է վերադարձնել այն, ինչ իրենք կորցրել են իրենց իսկ սկսած պատերազմում:

Պարոն Շահնազարյանի կարծիքով՝ բանակցային գործընթացում 2012-ից՝ Սաֆարովի գործից սկսած լուրջ փոփոխություն է տեղի ունեցել, երբ Սաֆարովին Ադրբեջանը հերոսացրեց:

Դավիթ Շահնազարյանը նկատեց. «Ադրբեջանի սանձազերծ պահվածքը ես կապում եմ ՌԴ-ի հետ նրա հարաբերություններով և զենքի վաճառքով: Այդ գործարքների պատճառով խախտվել է ռազմական բալանսը: Բայց այդ խախտումը բավարար հիմք չի տալիս Ադրբեջանին հույսեր ունենալ ռազմական հաջողության համար»:

Պարոն Շահնազարյանը մտահոգություն հայտնեց, թե երբեք մենք այդքան հեռու չենք եղել կարգավորման գործընթացից, ինչպես հիմա:

Դառնալով համանախագահների այն հայտարարություններին, որ ուզում են քննարկել հրադադարի խախտումները գնահատելու նոր մեխանիզմներ՝ Դավիթ Շահնազարյանը հիշեցրեց, որ այդ ամենը արվել է 1995-ի փետրվարին. ԵԱՀԿ հովանու տակ եռակողմ համաձայնագիր կա ստորագրված, որը կոչվում է հրադադարի պահպանման միջոցների ուժեղացման համաձայնագիր՝ ստորագրված երեք կողմերի ՊՆ նախարարների կողմից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30