Եթե ընտանիքը գումար չունի ծախսելու, ապա ոչ թե պետք է գնա կրկին պարտք վերցնի, այլ ծախսերը կրճատի: Այսպիսի պարզունակ օրինակով տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը նկարագրում է, թե ինչպես են ՀՀ կառավարության պատասխանատուները եկող տարվա բյուջեն ծրագրելիս, միանգամայն հակառակ քայլերը կատարում` ինչի արդյունքում երկրի արտաքին պարտքը եւս մի քանի միլիարդով ավելանում է:
Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում պարոն Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, որ 2016 թվականի բյուջեի մեջ միայն սուբսիդիաներն ավելացել են 89 միլիարդ դրամով. «Սուբսիդիաների ավելացումը ստեղծելու է ոչ օբյեկտիվ բաշխման հնարավորություններ: Տնտեսության մեջ լուրջ խնդիր է առաջանում եկամուտների մասով»:
Տնտեսագետի մեկ այլ դիտարկմամբ էլ՝ 120 միլիարդ դրամ միան արտաքին աղբյուրներից ենք գումար ներգրավելու: Նրա խոսքերով, չնայած այն բանին, որ բյուջեի դեֆիցիտը նախատեսել էին 2,8 տոկոս, այն գերազանցել է եւ 3,8 տոկոս է կազմելու, մինչդեռ 3 տոկոսից ավելի չպետք է լինի, ինչը սահմանում է նաեւ եվրոպական չափանիշը: 2015 թվականին բյուջեի դեֆիցիտը 200 միլիարդն անցնելու է:
Նրան զարմացնում են նաեւ եկող տարվա բյուջեով նախատեսված տրանսպորտային ծախսերը, վառելիքաէներգետիկ ծախսերը, որոնք նույնպես մի քանի անգամ ավելացել են: Տնտեսագետը գտնում է, որ այս իրավիճակում դրանք տեղին ծախսեր չեն. «Դա էլ նման է նրան, որ ամուսինը տանը նստած է, փող չի աշխատում, բայց կինը որոշում է մեքենա գնել»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե բոլոր կանխատեսումներով, այդ թվում եւ պաշտոնական, 2016 թվականին աղքատությունը բարձրանալու է, ավելի ճիշտ չէր լինի՞ այդ գումարներով թոշակները, նպաստներն ավելացվեին, որպեսզի մարդիկ կարողանային փոքր-ինչ մեղմել իրենց աղքատությունը, Վիլեն Խաչատրյանն ասաց, որ նախ պետք է բյուջեի եկամտային մասն աճ ունենար. «Մենք այս պահին ունենք բյուջեի եկամտային մասի նվազում, դա թույլ չի տալիս անել: Ինչ վերաբերում է որոշ ծախսեր փոխարինելու հաշվին, ես համամիտ եմ, կան որոշ ծախսատեսակներ, որոնք կրճատելով, կարելի է այդ բաղադրիչն ուղղել, բայց, այնուամենայնիվ, սա եւս բեռ է, որ հետագայում ընկնում է բյուջեի վրա»:
Մանրամասները՝ տեսանյութում
Խոսելով երկրի արտաքին պարտքից, Վիլեն Խաչատրյանն ասաց, որ պարտքի միայն տոկոսավճարները հասել են 99 միլիարդ ՀՀ դրամի, որոնք վճարվում են երկրի ներքին եւ արտաքին աղբյուրների հաշվին:
Տնտեսագետը գտնում է, որ սահմանադրական փոփոխությունների ճիշտ ժամանակը չէ, քանի որ փոխվելու պարագայում տնտեսությունը դեռ մեկ տարի էլ պետք է գործի, որպեսզի մարդիկ հասկանան՝ ինչն ինչպես է: Ըստ նրա,
ցանկացած ներդրողի համար այս փոփոխություններն առաջացնում են ռիսկ եւ անորոշություն եւ ներդրողը հետաձգում է ներդրումներ անելու իր մտադրությունը:
Վիլեն Խաչատրյանի տվյալներով, դեռեւս մոտ 300 օրենք պետք է համապատասխանեցվեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ