Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյան. «Չեմ հավատում հեքիաթին, թե ռոբոտները մեր փոխարեն կգնան դպրոց» (Տեսանյութ) 

Նոյեմբեր 24,2015 12:56

Կրթության ոլորտի պատասխանատուներին եւ մի շարք դպրոցների տնօրեններին այսօր ներկայացվեց «Իմ Դպրոցը» (Imdproc.am) կրթական կայքը, որը կհետաքրքրի նախադպրոցականներին, աշակերտներին, ուսուցիչներին եւ ծնողներին: Կայքը երեխաներին գիտելիքներ ձեռք բերելու, ինքնուրույն առաջադրանքներ կատարելու եւ ուսումնական նյութը հեշտ յուրացնելու հնարավորություն է տալիս:

Շնորհանդեսին ներկա Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ կայքի գործարկումը Հայաստանի կրթական համակարգի շարունակական միջազգայնացման ցուցանիշ է. «Երբ միջազգային կորպորացիաները մուտք են գործում մեր երկիր, նշանակում է՝ հետաքրքրված են մեր կրթական համակարգով: Միջազգային փորձի շնորհիվ ավանդական դասավանդման մեթոդները համակցվում են նորարարությունների հետ»:

Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ կայքի հիմնական գործառույթներն անվճար են, իսկ լրացուցիչ՝ վճարովի ծառայություններից կարելի է օգտվել ծնողի թույլտվությամբ: «Գուցե լավ է, որ մեր ժամանակ նման կայքեր չկային, որովհետեւ մենք ավելի շատ էինք գիրք կարդում եւ շփվում միմյանց հետ: Բայց չեմ ուզում փնթփնթացող ծերունու տպավորություն թողնեմ: Իհարկե, կյանքն իր տեխնոլոգիական զարգացումներով ավելի հարուստ է, քան մեր պատկերացումները: Այն, ինչ ունենք այսօրվա կրթական համակարգում, թույլ է տալիս ասելու, որ համացանցում հայալեզու բովանդակությունն իրողություն է եւ հասանելի է ոչ միայն հայաստանցիներին, այլեւ սփյուռքի մեր հայրենակիցներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը:

22

Նա փաստեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները երեխաների համար նոր հորիզոններ են ստեղծում. «Յուրաքանչյուր գաղափար իր յուրահատկությունն ունի: Մենք չունենք կրկնվող կրթական ծառայություններ: Այն, ինչ ներկայացնում է «Իմ դպրոց»-ը, ունիկալ տեխնոլոգիա է ոչ միայն Հայաստանի, այլեւ եվրոպական կրթական տարածքի համար, որտեղ նախագիծը վաղուց գործում է»:

Նշենք, որ կայքն ինքն է գնահատում, թե դպրոցականը որքանով է ճիշտ հասկացել այս կամ այն առաջադրանքը: «Մի քանի առարկաներ հասցրել եմ նայել եւ իսկապես հետաքրքրիր է: Երեխայի մոտ «վարժասարքի» վրա պարապելու հետաքրքրություն է առաջանում»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Նա միաժամանակ ընդգծեց, որ ուսուցման բնագավառում ոչ մի տեղեկատվական տեխնոլոգիա չի կարող փոխարինել ուսուցչին: «Ավանդական դասավանդման մեթոդները եւ մանկավարժությունը չեն կարող իրենց դիրքը զիջել: Սա չի գալիս փոխարինելու մարդուն եւ մանկավարժական աշխատանքի հարստությանը: Սա օգնում է, համալրում, բայց ոչ երբեք՝ փոխարինում: Ես չեմ հավատում այն հեքիաթներին, թե շուտով ռոբոտները մեր փոխարեն կգնան դպրոց եւ առհասարակ մանկավարժների կարիք չի լինի: Չգիտեմ, գուցե այդպես լինի, բայց Աստված տա՝ մենք դա չտեսնենք: Համակարգիչը պետք է լինի ոչ թե դպրոցը տերը, այլ ծառան»,-եզրափակեց նախարարը:

Հավելենք, որ Imdproc.am-ը պարունակում է մեծաքանակ առաջադրանքներ, թեստեր ու տեսական նյութեր՝ դպրոցական տարբեր առարկաներից և հիմնված է ՀՀ պետական առարկայական ծրագրերի վրա: Այն հնարավորություն է տալիս սովորել նաեւ ցանկացած համակարգչային սարքով, այդ թվում՝ սմարթֆոնով և պլանշետով: Imdproc.am-ի օգնությամբ ուսուցիչները կարող են հանձնարարել աշխատանքներ, որոնք աշակերտները կկատարեն առցանց եղանակով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30