«Մարկ Տվենն ասում էր՝ կա արդարացված, չարդարացված եւ կա վիճակագրական սուտ: Այդ սուտ ասողներից մեկը նստած է այստեղ եւ ես ուզում եմ այդ մասին խոսել»,- այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսպես սկսեց իր ելույթը՝ 2016-2018թթ պետական վիճակագրական ծառայության եռամյա ծրագրի քննարկման ժամանակ՝ նկատի ունենալով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանին, որը դահլիճում էր:
Նա ձեռքը տնկելով դեպի Մնացականյանը՝ ասաց. «Այս ծառայության տվյալներով ՀՀ-ում ՀՆԱ-ն գտնվում է 1990-ի 167 տոկոսի վրա: Տնտեսական խորը անկման պայմաններում 92-ին 3 անգամ տնտեսությունը բարձրանում է, որովհետեւ 10 տարի գրանցվում է երկակի տնտեսական աճ: Սա ոչինչ չի փոխում ՀՆԱ-ի առումով, որովհետեւ ՀՆԱ-ն այսօր 10.5 մլրդ էմ, բայց էս մարդը խառնել է տարին տեմպերի հետ՝ հաճոյանալով այս կամ այն նախագահին կամ վարչապետին: Եթե ՀՀ բնակչությունն այդ ընթացքում 3.8 մլն-ից իջել է 2.7 մլն-ի, ապա կոպիտ ասած, 2015-ին այս երկրի բնակչությունը պետք է 2 անգամ ավելի լավ ապրեր»:
Ըստ Հրանտ Բագրատյանի, Ստեփան Մնացականյանի տեսակը շատ վտանգավոր է. «Ես հասկանում եմ, երբ որ մարդը կրեատիվ խելոք է ու երբ որ մարդը խելոք չի: Բայց երբ որ մարդը կիսախելոք է ու վարպետ է ինտրիգների մեջ, սա վտանգավոր է: Խորամանկությունը, ինտրիգը խելք չի, դա բնազդ է, ժողովուրդ: Խելոք մարդը խորամանկ չի լինում: Նա միշտ պարտվում է այդ հարաբերություններում: Հիմա տեսեք ինչ է արել ինքը: Քանի որ անընդհատ տվել է աճի տեմպ՝ 10, 12, 15 տոկոս, ՀՆԱ-ն եկել հասել է 167 տոկոսի՝ 1990-ի համեմատ: Ու որպեսզի մեզ բացատրի, որ եթե ՀՆԱ-ն կրկնապատկվել է, ինչու մենք լավ չենք ապրում, ինքը գնացել է հետ, կոմունիստների ժամանակի ՀՆԱ-ն ղըռռ իջեցրել է: ՀՆԱ-ն առաջին անգամ Հայաստանում հաշվել են 94-ին, բայց մինչ այդ եղել է ազգային եկամտի ցուցանիշ, հեչ դժվար չի ազգային եկամտի ցուցանիշից անցում կատարել ՀՆԱ-ին: Ազգային եկամտին գումարում ես ամորտիզացիան, ստանում ես ՀՆԱ-ն: Վերջ, ի՞նչ մի խնդիր կա, որ: Էս մարդը ուրեմն գնացել է 90 թվի ՀՆԱ-ն իջեցրել է եւ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, ըստ ՀԲ տվյալների, ՀՀ-ում կազմում է 660 դոլար: Վրաստանում կազմում է 1800 դոլար, Ադրբեջանում՝ 1200: Մեզանից նրանք լավ են եղել 90-ին փաստորեն: Նայում ենք ազգային եկամտի ցուցանիշը՝ սովետական վիճակագրությունը՝ 2945 ռուբլի, 2750 Վրաստանը, 2100 Ադրբեջանը: Հայաստանի վիճակն ավելի լավ էր, Հայաստանի խանութներում ուտելիք կար լիքը: Հլը սրա արա՛ծը նայեք»:
Հրանտ Բագրատյանը պատմեց, որ երկու նամակ է գրել, թե ինչու է այդպես: Մեկը՝ Համաշխարհային բանկին, մյուսը՝ Վիճծառայությանը. «ՀԲ-ն ասում է՝ էդ հիմարության պատճառը ՀՀ վիճծառայությունն է, սա էլ ասում է՝ ՀԲ-ն է: Բա սենց վիճակագրություն կլինի՞, բա սենց բան են անո՞ւմ: Չեմ ասում է չգիտի, նա բավականաչափ խելոք ա՝ վարպետորեն խաբելու համար»:
Կարդացեք նաև
Ցույց տալու համար, որ Ստեփան Մնացականյանը կեղծ վիճակագրություն է ներկայացնում, Հրանտ Բագրատյանը ներկայացրեց գյուղմթերքի տվյալները եւ ասաց, որ եթե հավատանք նրան, ուրեմն Հայաստանում մեզանից ամեն մեկը օրական ուտում է 4.6 կգ մթերք, թե չէ պիտի թափենք. «Բա սենց մարդուն պահո՞ւմ են: Բա քո տունը շինվի, 120 հազար տոննա խաղող է արտադրվել, 300 հազար տոննա ես ցույց տալիս, նրա համար, որպեսզի ձեռնարկությունների մեծ մասը ցույց տան, որ շատ են խաղող առել ու հարկ չտան: Ասվել է այս բանը, էլ կոռուպցիան ո՞նց եք ուզում լինի՝ ոտով է լինում, շորով է լինում, էլ ո՞նց է լինում»:
Ըստ Հրանտ Բագրատյանի, Վիճծառայությունում հայտնի սուտասաններ կան, սկի հարցումներ էլ չեն անում, գյուղապետերից, մարզպետարաններից թվերը հավաքում են, տալիս Ստեփան Մնացականյանին, հրապարակում է. «Լավ, ո՞ւմ եք ձեռ առնում: Իսլամիստներին թողած՝ ո՞ւմ դեմ պայքարենք, լավ, սրա՞նք, թե՞ իսլամիստների»:
Ելույթի վերջում Հրանտ Բագրատյանը պահանջեց ՀՀԿ-ին,որ ազատվեն այդ մարդուց՝ Ստեփան Մնացականյանից. «Ում ուզում եք՝ բերեք, մենք վերջապես պիտի վիճակագրություն ունենանք, ամոթ է»:
Գալուստ Սահակյանը, արձագանքելով նրան՝ ասաց, որ եթե մարդը ազնիվ է, ուրիշի մեջ ազնվություն է տեսնում. «Ով ինչ հեքիաթներ գիտի՝ պատմում է: Էս նույն մարդը աշխատում էր նաեւ այն ժամանակ՝ չտեսնված աշխատող էր, էսօր հանկարծ վատացա՞վ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ «Արմենպրեսի»/Ֆելիքս Առուստամյան