Ինչ պետք է անեին այն քաղաքական ուժերը, որոնք, այնուամենայնիվ, որոշել են մասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հակաքարոզչությանը։ Նրանցից շատ բան չի պահանջվում, ուղղակի իշխանություններին քննադատելիս պետք է պատասխանատուների անունները եւս հնչեցնեն եւ ընդհանրական իշխանություններին քննադատելու գործելաոճից պետք է հրաժարվեն։ Այն պարզ պատճառով, որ իշխանություն ասվածն ինչ-որ վերացական մարմին չէ, այն կոնկրետ մարդկանցից է բաղկացած։
Օրինակ՝ երբ խոսքը գնում է տնտեսության ծանր կացության մասին, ապա պետք չէ մոռանալ, որ թիվ մեկ պատասխանատուն ներկա կառավարությունն է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ու 18 նախարարների մեղսակցությամբ։
Ի դեպ, տվյալ դեպքում նախորդների գործոնն էլ էական չէ, որովհետեւ եթե ներկա կառավարությունն ինքն ավելի լավն է, ապա անցած մեկուկես տարում նրա գործունեության դրական արդյունքներն արդեն պետք է նկատվեին։
Իսկ մենք հակառակ երեւույթի ականատեսն ենք։ Երբ խոսքը գնում է արդարադատությունից, ապա դրա պատասխանատուն ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Սկրտումյանն է, վճռաբեկ դատարանի մյուս անդամների հետ միասին։ Իհարկե, գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, բայց նրա վնասարարությանը նպաստում է մի ողջ համակարգ, որի մեջ ներառված են շուրջ հազար մեծ ու փոքր պաշտոնյաներ։ Ու ամեն անգամ այս մարդկանց արածների համար միայն Սերժ Սարգսյանին հայհոյելը, մեղմ ասած, օգնում է, որպեսզի համակարգն ավելի մեծ թափով շարունակի աշխատել։
Կարդացեք նաև
Այն հանգամանքը, որ ներկա ընդդիմությունը խուսափում է բարձրաստիճան պաշտոնյաներին անվանական անդրադառնալուց, ամենեւին էլ պատահական չէ։ Նախ, այսպես կոչված, հին ընդդիմադիրները վաղուց արդեն տարբեր կապերով այդ նույն պաշտոնյաների հետ կապված են եւ կաշկանդված են։ Նույն վիճակն է նաեւ մեկումեջ ընդդիմություն խաղացող քաղաքական ուժերի դեպքում։ Նրանք պարտադրված են ընդհանրական քննադատել, եւ առավելագույնը, որ նրանք կարող են անել, բոլոր մեղքերը միայն Սերժ Սարգսյանի վրա բարդելն է, չնայած իրենք էլ գիտեն, որ նա ընդամենը բուրգի գլուխն է։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում