ԱԺ-ում շարունակվում է արտահերթ նիստը եւ քննարկվում է ՀՀ 2016-2018 թթ պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու հարցը: Հիմնական զեկուցողը՝ ՀՀ Վիճծառայության պետ Ստեփան Մնացականյանը նշեց, որ Հայաստանը միակ երկիրն է, որը եռամյա ծրագիրը բերում է ԱԺ եւ հարցը քաղաքականացնում:
Ուստի Վիճծառայությունը մտադիր է մոտ ապագայում բերել նախագիծ եւ օրենքի այդ պահանջն ուղղել:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դիտողություն արեց, որ շատ կարեւոր օրենքներ քննարկում են դատարկ դահլիճում, երեկ էլ Վիճծառայության ծրագիրը քննարկելու ժամանակ դահլիճում, նիստը նախագահողն էլ հետը 10 պատգամավոր կար. «Երեկ ինձ համար կարեւոր բացահայտում արեցի, որ աղքատությունը շատ հարաբերական հասկացություն է՝ նայած, թե ինչ գործիքով ես չափում: Եթե չափում ենք Վաշինգտոնից ժամանած մեր հյուրերի գործիքներով, ապա ՀՀ-ում աղքատ բնակչություն չկա, մենք բոլորս հարուստ ենք, եթե չափում ենք այլ գործիքով՝ 90 տոկոսը աղքատ է: Կներեք, պարոն Մնացականյան, Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը դեռեւս որեւէ մեկը կասկածի տակ չի առել, չնայած նման փորձեր եղել են, բայց ես կարծում եմ, որ աղքատությունը, գործազրկությունը պետք է չափել մեկ գործիքով՝ հայաստանյան եղած գործիքով»:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի, տարօրինակ է, որ բնակչության կենսամակարդակը վատանում է, բայց, չգիտես ինչու, աղքատության ցուցիչը բարելավում է. «Շատ կուզենայի իմանալ սրա պատասխանը, ինչպե՞ս է, որ արտագաղթը ավելանում է, գործազրկությունը ավելանում է, բայց դրանց ցուցիչները բարելավում են: Կա ռեալ իրականություն, որի հետ պետք է հաշվի նստել: Իսկ ռեալ իրականությունն այն է, ինչ մենք տեսնում ենք: Ես շատ կցանկանայի, որ բացի գիտական բացատրություններից, մեզ ռեալ պատասխաններ տրվել՝ ինչու է աղքատությունը, գործազրկություն, արտագաղթը մեծանում եւ ինչ պետք է անել՝ այդ ամենը կանխելու համար: Միգուցե սա ձեր գործառույթների տիրույթում չէ, բայց սա քաղաքական ամբիոն է եւ մենք ակնկալում ենք մեր հարցադրումների կոնկրետ պատասխաններ, այլ ոչ թե հղումներ վիճակագրական տեղեկատվական գրքի, որը, ինչպես դուք ասացիք, ձեր փոխարեն պետք է կանգնած լիներ այստեղ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ