Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այո»-ն կամ «ոչ»-ը կյանքը չեն փոխելու

Նոյեմբեր 24,2015 10:09

Մեր թերթի երկու համարներում հրապարակվել է իրավագիտության դոկտոր (PhD), ԱՄՆ Դյուքի համալսարանի այցելու, պրոֆեսոր եւ Երեւանում գործող Ապելլա Ինստիտուտ հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Արմեն Մազմանյանի հոդվածը, որը կոչվում է «Ինչո՞ւ «ոչ»: Թեման Սահմանադրության նախագծի քննադատական վերլուծությունն է, որը հանգեցնում է «ոչ» ասելուն: Գիտական, տրամաբանական փաստարկներ են: Հավանաբար, կան ուրիշ իրավագետներ, որոնք այլ տեսակետներ ունեն: Բայց հոդվածի տոնայնությունը ինձ համար միանգամայն ընդունելի է, ավելին ասեմ՝ ողջունելի, որովհետեւ հոդվածում չկան անիմաստ էմոցիաներ եւ քաղաքական էժանագին շահարկումներ:

Հասարակական ընդհանուր անտարբերության ֆոնի վրա մի քանի տասնյակ մարդու թվում է, որ «այո»-ն կամ «ոչ»-ը իրենց աթոռի հարցն են լուծում, եւ քարոզում են այնպես, կարծես դեկտեմբերի 6-ին նախագահական ընտրություններ են լինելու: Մնացածներին, որոնք համացանցում լուտանքներ են գրում, խարազանում են երեւացող եւ աներեւույթ թշնամիներին, նրանց պարզապես այդ թեման «տարել է»՝ նրանք հավատացել են այդ մի քանի տասնյակ մարդու պնդումներին, որ Սահմանադրության հանրաքվեով որոշվելու է իշխանության հարցը:

Այստեղից է այդ համացանցային եւ մասամբ հեռուստատեսային կատաղի քարոզչությունը, հայհոյանքները, թույն ու թարախը, որը երբեմն կոչվում է «քաղաքացիական դիրքորոշում»:
Բնակչության մեծ մասին «այո»-ի եւ «ոչ»-ի շուրջ կրքերը չեն հետաքրքրում: Նրան հետաքրքրում է, որ գան լավ, բարի իշխանավորներ, որոնք «էս ժողովրդին տիրություն կանեն», նրա համար «զավոդներ կբացեն», նորմալ աշխատավարձ եւ թոշակ կտան: Գործիչները գնում են այդպիսի սպասելիքներ ունեցող քաղաքացիների մոտ եւ, ըստ էության, փորձում են խաբել նրանց. «Դուք ուզում եք այդ ամենն ունենա՞լ: Ուրեմն ասացեք՝ «այո» («ոչ»)»: Մեկուկես տարի հետո նույն մարդիկ դարձյալ գնալու են «ժողովրդի մոտ» եւ դարձյալ փորձելու են խաբել. «Դուք ուզում եք այդ ամենն ունենա՞լ: Ուրեմն ընտրեք մեզ»:

Ոչ մի քաղաքական գործիչ համարձակություն չունի եւ չի ունենա ասելու՝ ժողովուրդ ջան, ձեր սպասելիքներն իրատեսական չեն, ոչ ոք ձեզ տիրություն չի անելու, ոչ ոք ձեզ համար գործարան չի բացելու, ոչ ոք ձեր կյանքը չի հեշտացնելու: Ամեն ինչ կախված է ձեզնից, եւ եթե ձեզ դուր չի գալիս ձեր այսօրվա վիճակը, ապա դրա համար միայն դուք եք պատասխանատու: Իհարկե, այն, ինչ ես հիմա գրում եմ, հակասում է քաղաքական քարոզչության բոլոր կանոններին: Բայց ինչ-որ մեկը պետք է կարողանա, հակադրվելով ամբոխահաճո ճառերին, մարդկանց ճշմարտությունն ասել:

Փորձեք, օրինակ, ասել մարդկանց, որ պետք է ապրել օրենքներով: Դա նրանց մոտ բուռն ցասում կառաջացնի, եւ նրանք կսկսեն թվարկել այն հարուստների անունները, որոնք օրենքով չեն ապրում: Այստեղից հետո վեճն այն մասին, թե ինչպես է պետք ձեւակերպել այդ օրենքները՝ Սահմանադրությունն այդ թվում, անիմաստ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Նախաբանի հետ միանգամայն համաձայն եմ, ավելին, կուզենայի ներկայացնել Արմեն Մազմանյանի ակադեմիական հոդվածի ենթավերնագրերը, որոնք ըստ էության մահախոսական են այս ՛՛Սահմանադրական փոփոխություններ՛՛ կոչված ֆարսի համար.
    1.Իշխանության կենտրոնացում
    2.Հասարակության պառակտում եւ ճգնաժամերի խրախուսում
    3.Ժողովրդավարական զարգացման արգելակում
    Հետաքրքիրն այն է, որ այս նախաբանն արդեն խոր հակասության մեջ է գտնվում վերնագրի հետ: Հարց է առաջանում, ինչպե՞ս կարող են վերոնշյալ երեք որոգայթները, այն էլ ամրագրվելու դեպքում կյանքի վրա ազդեցություն չունենալ: Չեմ կարծում, թե հեղինակն այնքան տրամաբանությունից զուրկ է, որ այս ակնհայտ հակասությունը չի նկատել, իսկ եթե հաշվի առնենք նաև հոդվածի վերջնամասի ՛՛պերպետուում մոբիլ՛՛ ոճով գրված. ՛՛ինչ էլ անեք, ոչինչ չի փոխվի՛՛, ՛՛ով էլ լինի նախագահ, ոչինչ չի փոխվի՛՛, ՛՛ով մեղավոր է՝ մեղավոր չէ, այլ դուք եք մեղավոր՛՛ և այլն, ապա այստեղ ես երկու տարբերակ եմ հնարավոր համարում. կամ հեղինակը վախենում է ՛՛Այո՛՛-ականների կորագծային հակահարվածներից, ուստի իր համար ՛՛հակափաստարկ՛՛ է ստեղծում, կամ պարզապես ՛՛թիփի՛՛ է անում, մարդկանց թմբիրի մեջ պահելու, և ՛՛Ոչ՛՛ ասելով, քարոզչություն անում ՛՛Այո՛՛-ի համար:
    Չեմ հասկանում, թե ինչ իմաստ ունի ընկնել նման խուճուճապատումների մեջ, երբ ամեն այնքան հստակ է: Ըստ էության հանրությանը տրված է հետևյալ հարցը.
    ՛՛Ժողովո՛ւրդ, ցանկանո՞ւմ եք, որ մենք ձեզ մի քիչ էլ կզեցնենք, ու այդ վիճակում հնարավորինս երկար պահենք՛՛:
    Մեր անհատական պատասխանը քաղաքական դաշտի Բենդերներին, Չեմբեռլեններին և հատկապես Շուրաներին.
    1.Ասա Այո՝ Ոչին
    2.Ասա Ոչ՝ Այո-ին
    3.Ասա Այո-ին՝ Ոչ
    4.Ասա Ոչ-ին՝ Այո
    Քիչ մնաց մոռանայի. արա՛, էդ ՛՛Սահմանադրական փոփոխություններ՛՛ կոչված Ղազագիրն առեք ու Աշոտյան ըլեք ստուց…

  2. Karen says:

    Հարգելի պ-ն Աբրահամյան: Ասում եք ամեն ինչ կախված է ձեզնից: Թույլ տվեք չհամաձայնվել: երբ դասախոսը, բժիշկը, գիտաշխատողը ստանում են ողորմելի աշխատավարձ, որը չի հերիքում անգամ մինիմալ կարիքները հոգալու համար, ապա մարդը իր կամքին հակառակ ստիպված է լինում անտեսել ինչպես բարոյական այնպես էլ օրենքով սահմանված նորմերը: Չեմ կարծում որ հենց այնպես մի օր մենք կարդնանանք և կորոշենք ՝՝ժողովրրդ ջան այսօրվանից այլ կերպ ենք ապրելու՝՝

  3. Գառնիկ says:

    Ո՞վ չգիտի, որ ազգային ժողովում աշխատում են 50-65 մարդ:Ի՞նչ է անում Գագիկ Ծառուկյանը, Ռաֆֆի Հովհաննիսյանը, էն գեներալներն ու նաև շատ-շատերը:
    Այնպես, որ Հայաստանի համընդհանուր աղքատության պայմաններում, չափազանց շռայլություն է շուրջ 60 ավելորդ պատգամավոր պահելը:Այն դեպքում, երբ թոշակառուները մի կերպ են յոլա գնում:
    Հիմի դառնանք այս կոչեցյալ սահմանադրական փոփոխություններին:Կայուն մեծամասնություն ունենալու անվան տակ սահմանել են կրկնակի ընտրությամբ ՀԿԿ-ի քմհաճությամբ ավելացնել անորոշ թվով պատգամավորներ:
    Ինչու՞ և ո՞վ է թույլ տալիս, որ <> կոչեցյալ խումբը, իր հեռահար նպատակները իրականացնելու համար, դիմի նման ստոր, հակաժողովրդական քայլի:
    Ո՛չ… ասում ենք բոլորս:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30