«Կարմիր քարտ» քաղաքացիական նախաձեռնությունը նոյեմբերի 23-ին Ազգային ժողով նամակը փոխանցելուց հետո շարունակեց իր բողոքի ակցիան:
Հիշեցնենք՝ բողոքի ակցիայի ընթացքում «Կարմիր քարտ» նախաձեռնությունը պետք է նամակներ փոխանցեր ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին եւ նախագահական նստավայր: Նախաձեռնությունը պահանջում է նվազեցնել էլեկտրաէներգիայի, շաքարավազի, գազի, ալյուրի եւ բենզինի սակագները:
«Կարմիր քարտ» նախաձեռնության անդամները Ազգային ժողովից շարժվեցին դեպի նախագահական նստավայր եւ ցանկացան մոտենալ նրան, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: Նշենք, որ աշխատանքային ժամն արդեն ավարտվել էր: Ոստիկանները հետիոտնային անցումների մոտ պատ կազմեցին, որպեսզի նախաձեռնության անդամները չկարողանան անցնել դիմացի մայթ, հրմշտոց սկսվեց: Չնայած, որ նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենք իրենց ակցիան ավարտել են, այդ դեպքում էլ ոստիկանությունը թույլ չտվեց նրանց մայթն անցնել: Որոշ քաղաքացիներ հնարավորություն ունեցան անցնել ոստիկանության պատը, սակայն ոստիկանները նրանց հետ էին բերում մայթ:
Կարդացեք նաև
Ոստիկանությունը փոխզիջումների գնաց՝ առաջարկեց նախաձեռնության անդամ Փայլակ Թեւանյանին լրագրողների հետ ոստիկանի ուղեկցությամբ անցնել մայթը եւ ապացուցվել, որ նստավայրում աշխատանքային ժամն ավարտվել է, եւ այնտեղ ոչ ոք չկա: Փայլակ Թեւանյանը ընդունեց առաջարկը, տեսնելով, որ դուռը փակ է, նա նստեց աստիճաններին՝ հայտարարելով, որ կսպասի մինչեւ աշխատանքային ժամը սկսվի: Ոստիկանները զանգ կատարելուց հետո ասացին, որ Փայլակ Թեւանյանը միայնակ կարող է մտնել նախագահական նստավայրի ընդունարան եւ իր նամակը հանձնել: Փայլակ Թեւանյանը համաձայնեց եւ փոխանցեց նամակը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ