Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Կարմիր քարտ» քաղաքացիական նախաձեռնությունը նոյեմբերի 23-ին բողոքի ակցիա էր կազմակերպել, որի ընթացքում պետք է նամակներ փոխանցեր ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին եւ նախագահական նստավայր: Նախաձեռնությունը պահանջում է նվազեցնել էլեկտրաէներգիայի, շաքարավազի, գազի, ալյուրի եւ բենզինի սակագները:
Կառավարության մոտ նրանց դիմավորեց ՀՀԿ տատիկը, որը նախ սկսեց վիրավորել նախաձեռնության անդամներին, ապա իր ձեռնափայտով հարվածեց նախաձեռնության պաստառին: Նախաձեռնության անդամները սկսեցին սուլել. «Սերժը թաղի ձեզ: Ոստիկա՛ն, ասա, որ շվոցն ավարտեն, էս թիրախները, որ հավաքվել են էստեղ: Ասա՛, ասա՛՝ ավարտեք ձեր շվոցը: Էս խուլիգաններին որտեղի՞ց եք հավաքել բերել, նրա՞նք են մեր երկրի հիմնադիրը»:
Սակայն, ոստիկանները չհետեւեցին տատիկի կոչերին, նա էլ սկսեց քարոզել այո ասել սահմանադրական փոփոխություններին, ինչը դուր չեկավ նախաձեռնության անդամներին, եւ վերջիններս սկսեցին ավելի ուժեղ սուլել: ՀՀԿ տատիկը կրկին սկսեց իր ձեռնափայտով հարվածել պաստառին, նրան ոստիկան մոտեցավ, սակայն տատիկը շարունակում էր վիրավորել նախաձեռնության անդամներին:
Կարդացեք նաև
«Սփյուռքահայե՛ր, մեր երկիրը ունի լավ նախագահ, փառք ու պատիվ Սերժ Ազատի Սարգսյանին, փառք ու պատիվ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին, փառք ու պատիվ Վլադիմիր Գասպարյանին, փառք ու պատիվ Սեյրան Օհանյանին»,- բացականչում էր տատիկը:
«Կարմիր քարտ» նախաձեռնության անդամները շարունակելով սուլել շարժվեցին դեպի կառավարության մյուս մուտքը, որտեղ պետք է իրենց նամակը փոխանցեին: Նամակը հանձնեցին կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին: Վերջինս, տեսնելով կարմիր քարտը, հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են կանոնը խախտում՝ նախ պետք է դեղին քարտ ցույց տային, հետո՝ կարմիր: «Կարմիր քարտ» նախաձեռնության անդամ Փայլակ Թեւանյանը պատասխանեց, որ դեղին քարտը Բաղրամյանում են ցույց տվել: Նախաձեռնությունը կառավարությանը պատասխանելու համար մինչեւ նոյեմբերի 30-ը ժամանակ է տվել, Ալեքսանդր Ղազարյանը ասաց, որ 1 ամիս ժամանակ պետք է տալ գրավոր պատասխանի համար:
Փայլակ Թեւանյանի եւ Ալեքսանդր Ղազարյանի խոսակցությանը խառնվեց ՀՀԿ տատիկը. «Իսկ խոսքի կարելի՞ էր շվացնել, ո՞ւմ վրա եք շվացնում: Որ 40 տարեկան հորս հայրենիքին նվեր եմ տվել, որ Ղարաբաղի դիրքերում զինվորներ եմ կանգնացնում պատվոգրով, էսօր դու եկել ինձ վրա շվացնո՞ւմ եք: Գնացե՛ք ձեր պլակատով, չեղավ մարտի 1-ը, հերի՛ք եղավ ձեզ»: Ոստիկաններից մեկը տատիկին մի կողմ տարավ, սակայն նա չէր դադարում բացականչություններ անել:
Փայլակ Թեւանյանը եւ Ալեքսանդր Ղազարյանը շարունակեցին իրենց խոսակցությունը: «Թո՛ղ ուսումնասիրեն, 1 շաբաթ ժամանակ ենք տալիս, թո՛ղ չքնեն, ուսումնասիրեն»,- պնդում էր Թեւանյանը: Ալեքսանդր Ղազարյանը առաջարկեց նրան օրենքով խոսել, սակայն նա ասաց, որ օրենքը թույլ չի տալիս թալանել ազգին: Ղազարյանը խնդրեց որակումներ չանել եւ նշեց, որ իրենք նախաձեռնությանը գրավոր կպատասխանեն: Փայլակ Թեւանյանն էլ ասաց, որ նախաձեռնության անդամները նոյեմբերի 30-ին վերադառնալու են՝ պատասխան պահանջելու, Ալեքսանդր Ղազարյանը պատասխանեց, որ այդ դեպքում ինքը կտեղեկացնի նրանց, թե ինչ ընթացք է տրվել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ