Հայկական ջազի 75 տարվա պատմությունն (1938-2013 թթ.) ամփոփվել է 10 ձայնակսավառակներում և գրքույկում, որոնց շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր «Մալխաս» ջազ ակումբում:
Ընդգրկված են 109 երգեր, որոնք բաժանված են երեք մասերի՝ հեղինակներ, կատարողներ և խմբեր: Շարվածքը ըստ տարեթվերի է, գրքույկն էլ՝ եռալեզու (հայերեն, անգլերեն ու ռուսերեն):
«Չեմ բացառում, որ այստեղ կարող են բացթողումներ էլ լինել: Գուցե ներկայացված են ջազային ոչ բոլոր արժանի երաժիշտներն ու կատարումները: Դրանք տարբեր պատճառներ ունեն, այդ թվում նաև տեխնիկական՝ ձայնագրությունների բացակայության կամ կորստի պատճառներով»,- ասաց նախագծի համահեղինակ, դաշնակահար Լևոն Մալխասյանը:
Նախագծի մյուս հեղինակի՝ «TM Production»-ի տնօրեն Թովմաս Մարտիրոսյանի խոսքով՝ երկու տարի աշխատել են այս նախագիծը կյանքի կոչելու համար: Այդ ընթացքում հիմնական բարդությունն այն է եղել, որ ձայնագրությունների հետ պահպանված չեն եղել տվյալներ, թե ովքեր են նվագել, որ ստուդիաներում են ձայնագրել և այլն. «Մենք փորձել ենք հավաքել ողջ տեղեկատվությունը: Եվ ձայնասկավառակներում տեղ գտած 109 ստեղծագործություններից յուրաքանչյուրի համար տրված են հեղինակը, կատարողները, ձայնագրման ստուդիան, տարեթիվը»,- ասաց Թ. Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի խոսքով՝ անթոլոգիան լիովին արտացոլում է հայկական ջազի անցած ճանապարհը՝ ներառելով ինչպես արդեն հայտնի, այնպես էլ քիչ հնչող ու ոչ այնքան ծանոթ ստեղծագործություններ, որոնք իրենց մեծ դերն ու նշանակությունն են ունեցել այս երաժշտության զարգացման մեջ. «Սա նշանակալի իրադարձություն է հայկական ջազի պատմության մեջ, որովհետև ջազային երաժշտությունը, լինելով շատ ինքնամփոփ, ամենաբարձիթողի և ինքնուրույն զարգացած երաժշտական ժանրը մեզանում, վերջապես հնարավորություն ունեցավ իր 75-ամյա գործունեության ընթացքը մի ամփոփ աշխատությամբ ներկայացնելու համայն մարդկության ջազսիրողներին: Սա այն երաժշտությունն է, որը միայն բարություն է պարունակում՝ նույնիսկ իր ծայրահեղ դրսևորումներում»,- նշեց Մ. Վարդազարյանը:
Անդրադառնալով հայկական ջազ հասկացությանը՝ Լևոն Մալխասյանը նկատեց, որ պարտադիր չէ ջազային դաշնակահարի, թմբկահարի կողքին դնել դուդուկ, թառ, զուռնա, քամանչա, որ դառնա հայկական. «Արմեն Հյուսնունցի ջազբենդն այսօր նվագում է ամերիկյան ստանդարտ, որի մեջ անմիջապես զգացվում է Արևելքի շունչը: Բավականին հաճախ ես էլ, Վահագն Հայրապետյանն էլ, երբ նվագում ենք ամերիկյան երաժշտություն, դրա մեջ արդեն կա հայկականը»:
Նշենք, որ «Հայկական ջազի անթոլոգիա»-ն թողարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աջակցությամբ:
Ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանի փոխանցմամբ՝ հայկական ջազի եռալեզու անթոլոգիան հրատարակվել է սահմանափակ թվով և վաճառքի համար չէ: Սակայն հանրության լայն շրջանակներին հասու դարձնելու նպատակով այժմ ընթացքի մեջ են armjazz75 ինտերնետային կայքի պատրասման աշխատանքները: Նախատեսվում է այն գործարկել մինչև տարեվերջ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ