Այսօր՝ 2015 թ. նոյեմբերի 23-ին ոստիկանության ծառայողներն այցելել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ակտիվ անդամ, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Արմեն Միքայելյանի ծնողների բնակարան:
Ոստիկաններն իրենց անակնկալ և տարօրինակ այցելությունը փորձել են բացատրել մի կեղծ և անհեթեթ պատճառաբանությամբ, իբրև թե բջջային հեռախոսահամարով որոնում են այդ բնակարանում բնակվող դրա տիրոջը, որի հետ կապված ինչ-որ դեպք է պատահել:
Իրականում խոսքը Արմեն Միքայելյանի հեռախոսահամարի մասին է, որը ձեռք է բերվել նրա քրոջ անունով:
Արմեն Միքայելյանը, ծնողներից տեղեկանալով, որ իր հայրական տանը ոստիկաններ կան, հեռախոսով խոսել է նրանցից մեկի հետ, փորձելով ճշտել նրա անձնական տվյալները, պաշտոնը և այցի նպատակը: Ոստիկանը խուսափել է ուղիղ պատասխան տալուց և անջատել է հեռախոսը, այնուհետև չի պատասխանել զանգերին:
Կարդացեք նաև
Այնուհետև Արմեն Միքայելյանի ծնողները նրան տեղեկացրել են, որ ոստիկանները նրա հետ խոսելուց հետո ներողություն խնդրելով շտապ հեռացել են, պատճառաբանելով, թե թյուրիմացություն է տեղի ունեցել:
Ոստիկանության անհեթեթ և էժան այս հերթական ջղաձգումը ոչ միայն մեկ անգամ ևս բացահայտում է, որ ուժային մարմինները ապօրինի կերպով գաղտնալսում և հետևում են ակտիվ ընդդիմադիր քաղաքացիներին, այլև փորձում են իրենց աղքատիկ ու հնացած զինանոցի բոլոր միջոցներն օգտագործել մարդկանց պայքարից հեռու պահելու համար, սակայն ավելի ու ավելի հաճախ արդյունքի չեն հասնում:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ
«Ընդդիմության միասնական շտաբ»