Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ (ԵԽԽՎ) հունվարին կայանալիք ձմեռային նստաշրջանը բազում տհաճ անակնկալներ է նախապատրաստել հայկական պատվիրակության համար: Բացի այն, որ քննարկվելու է Ղարաբաղի մասին խնդրահարույց զեկույցը, Սարսանգի ջրամբարի մասին զեկույցը գուցե ևս ներառվի օրակարգ, սպասվում են երկու ոչ հայանպաստ նշանակումներ:
Մասնավորապես հակահայ դիրքորոշմամբ հայտնի իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունդը ամենայն հավանականությամբ կդառնա ԵԽԽՎ նախագահ: Հենց այս պատվիրակն էր, որ ամեն կերպ փորձում էր Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների մասին զեկույցում ներառել «Լեռնային Ղարաբաղի օկուպացիա» տերմինը: Մյուս ոչ հայանպաստ նշանակումը կարող է լինել այն, որ ԵԽԽՎ պահպանողականների խմբի ղեկավար կարող է դառնալ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության նախագահ Սամեդ Սեիդովը:
Aravot.am-ի հետ զրուցում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ ԵԽԽՎ նախագահի ընտրության քվեարկություն տեղի չի էլ ունենալու, քանի որ դա քաղաքական պայմանավորվածության հարց է, և այժմ ԵԺԿ-ի իրավունքն է ներկայացնելու գլխավոր նախագահի իր թեկնածուին: Ինչպես կանխատեսվում էր հաղթել է Ագրամունդը. հունվարին՝ ջենտլմենական պայմանավորվածության համաձայն՝ հերթը ԵԺԿ-ի քվոտայինն է, և Ագրամունդը կնախագահի ԵԽԽՎ-ն:
Մեր հարցին՝ ինչու՞մ է թերացել հայկական պատվիրակությունը, որ նման թեկնածություններ են առաջադրվել, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Եթե ես էլի խոսեմ խավիարային դիվանագիտության, ադրբեջանական լոբբի մասին, մեր քաղաքական դաշտի որոշ ակտիվիստներ նորից ինչ-որ սլաքներ են ուղղելու ԵԽԽՎ պատվիրակության ուղղությամբ, մանկապատանեկան հորդորներ են հղելու, ինչպես, օրինակ, Հովհաննես Իգիթյանի հորդորը, թե պետք է նամակ գրել ԵԽԽՎ պատվիրակներին, պետք է նրանց հետ աշխատել: Դե բարև Ձեզ, երևի չէինք ֆայմում, որ պետք է նամակ գրել, պետք է աշխատել, հանդիպել: Նամակ գրելով լիներ՝ վաղուց արդեն հարցերը լուծված կլինեին: Ամեն ինչը վաղուց արված է, ավելին, հազարապատիկը, քան պարոն Իգիթյանի և մեզ անընդհատ հորդորներ տվողերի մտքով անգամ չի կարող անցնել»:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանը հավաստիացնում է, որ եթե Բժեզինսկին էլ այսօր ՀՀ պատվիրակության անդամ լինի, ներկայիս վեհաժողովում որևէ բան փոխել շատ դժվար է լինելու: Տիկին Զոհրաբյանը հորդորում է՝ նման մանկապատանեկան հորդորներ տալու փոխարեն լավ կլինի յուրաքանչյուր ոք զբաղվի իր գործով: Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց. «Մենք մեր գործը լավ գիտենք»:
Մեր այն դիտարկմանը՝ հայկական պատվիրակների վերաբերյալ դժգոհություններ հնչեցնողների դիտարկումները վերաբերում են նաև նրան, որ օտար լեզվին լավ չեն տիրապետում, հաճախ ռուսերեն են խոսում, տիկին Զոհրաբյանն արձագանքեց. «Նման հայտարարություններ անողները կարող են շատ թեթև մի ջանք գործադրել ու մտնել ԵԽԽՎ-ի կայք, որտեղ տեղադրված են բոլոր ելույթները, և եթե գտնեն հայկական պատվիրակության որևէ անդամի ռուսերեն ելույթ, պատրաստ եմ ընդունել իրենց ասածը: Չնայած ռուսերենը ԵԽԽՎ աշխատանքային լեզուներից մեկն է, կարող էինք և հանգիստ այդ լեզվով ելույթ ունենալ, բայց ես, Արմեն Ռուստամյանը, Մհեր Շահգելդյանը խոսում ենք միայն ֆրանսերեն, իսկ մյուս պատվիրակները, այդ թվում նաև Հերմինե Նաղդալյանը խոսում են անգլերեն»:
Դառնալով Սամադ Սեիդովի՝ պահպանողականների խմբի ղեկավար նշանակվելու մտավախությանը՝ տիկին Զոհրաբյանն ասաց, որ հույս ունի, որ այնուամենայնիվ Սեիդովը չի ընտրվի, այլ կընտրվի բրիտանացի թեկնածուն, թեև թուրքերն ու ադրբեջանցիները պահպանողականների խմբի հիմնական անդամներն են: Մեր այն հարցին՝ այդ դեպքում որտեղի՞ց նման վստահություն, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, թե բրիտանացիները պահպանողականների խմբում ևս մեծաթիվ են:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ