Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքա՞ն աղքատ մարդ կա Հայաստանում. մեր վիճծառայությունը չափում է՝ 30 տոկոս, ՀԲ-ն չափում է՝ 82 տոկոս

Նոյեմբեր 23,2015 18:45

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ 2016-2018 թթ պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու հարցը, որը ներկայացրեց ՀՀ Վիճծառայության պետ Ստեփան Մնացականյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նրան հարցրեց աղքատության տոկոսի, նվազագույն սպառողական զամբյուղը, գործազրկության տոկոսը, արդյոք միջին աշխատավարձն այսօր համադրելի՞ է նվազագույն սպառողական զամբյուղին:

Ստեփան Մնացականյանը պատասխանեց, որ աղքատությունը 2014-ին կազմել է 30 տոկոս՝ 2013-ի 32 տոկոսի դիմաց:

Բայց Վաշինգտոնից ժամանած հյուրերն ամեն անգամ նշում են, որ ՀՀ-ում աղքատությունը չափում են ոչ թե ըստ եկամուտների, ըստ ծախսերի, այլ՝ ըստ սպառման ագրեգատի: Ըստ Ստեփան Մնացականյանի, ՀՀ-ում եկամուտներով չեն չափում, որովհետեւ սեզոնային փոփոխությունների ազդեցությունը մեծ է լինում, իրենք չունեն համապատասխան գործիքներ, որ ըստ եկամուտների չափեն. «Ծախսերով էլ չեն չափում, որովհետեւ տան անդամներն էլ, երբեմն, տեղյակ չեն լինում մեկը մյուսի ծախսերից: Հրապարակվում է նաեւ այլընտրանքային հաշվարկ՝ աղքատության մակարդակի: Համաշխարհային բանկի հաշվարկով, ՀՀ-ում աղքատությունը կազմում է 82 տոկոս: Դա հարաբերական հասկացություն է: Գործազրկության ցուցանիշն է 18.4 տոկոս:

Ինչ վերաբերում է նվազագույն զամբյուղին, Ստեփան Մնացականյանն ասաց, որ իրենք վիճակագրական նվազագույն զամբյուղ են հաշվարկում ու հրապարակում՝ երկու հիմքով: Մեկը՝ առողջապահության նախարարության կողմից հաստատված անհրաժեշտ սննդամթերքի կազմով եւ  կալորիականության կառուցվածքով, մյուսը՝ տնային տնտեսությունների ամբողջական հետազոտությունների արդյունքներով: Երկու դեպքում էլ նվազագույն աշխատավարձն այդ զամբյուղի հետ ընդհանուր եզրեր չունի:

Նաիրա Զոհրաբյանը հեգնեց, որ փաստորեն, աղքատությունը շատ հարաբերական հասկացություն է: Այդուհանդերձ, Վաշինգտոնից ժամանակ հյուրերին ինչպե՞ս եք պատճառաբանում, որ ժողովրդի վիճակը գնալով վատանում է, բայց աղքատության մակարդակը երկու կետով նվազել է: Ստեփան Մնացականյանն ասաց, որ 2014-ին աշխատավարձերը բարձրացել են եւ դա դրա կապն է:

Ստեփան Մնացականյանի համոզմամբ, պետք է բազմաչափ աղքատության մոդելը ներդնել, որովհետեւ աղքատությունը միայն եկամուտը չէ, այլ, օրինակ, ջրից օգտվելու իրավունքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30