«Մենք դեռ 1887 թվականից խորհրդարանական կառավարման կողմնակիցն ենք եղել, սա մի քայլ առաջ է եւ մեր երկրի համար կարող է որոշիչ նշանակություն ունենալ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» Սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկման ժամանակ ասաց ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը: Նրա խոսքերով Հայաստանում իրական բարեփոխումների համար հարկավոր է համակարգային, խորքային փոփոխություններ, ուստի ՍԴՀԿ-ն խորհրդարանական փոփոխությունների կողմնակիցն է:
«Ես միշտ ասում եմ՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացը երբեք մեզ վաղը այլ Հայաստանում չի արթնացնելու, եւ երբեք ու երբեք հաց չի տալու մեր ժողովրդին: Բայց այս գործընթացը կամ խորհրդարանական կառավարումը մեզ համար հույս է, որ 5 կամ 10 տարի հետո մեր երկրում որոշակի դրական առաջընթաց կլինի: Որովհետեւ խորհրդարանական կառավարման համակարգը՝ կայացնում է երկրի քաղաքական համակարգը, կուսակցական համակարգը: Իսկ մենք ուզենք կամ չուզենք, պետք է ընդունենք, որ մեր երկրում թե քաղաքական, եւ թե կուսակցական համակարգը դեգրադացված վիճակում է»,-ասաց Գալստյանը:
Քննարկման մյուս մասնակից «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանն էլ նկատեց, որ հանրության համար պարզ չէ, թե որո՞նք են դրդապատճառները նոր Սահմանադրության համար, նոր նախագիծն ինչ հարցեր է լուծում: Ինչ վերաբերում է հայեցակարգին, ապա Ղուկասյանի խոսքերով, ըստ այնտեղ նկարագրվածի, Հայաստանում տապալված է սահմանադրական կարգի հիմքերը. «Հստակ գրված է, որ չեն գործում 8-րդ, 3-րդ հոդվածները, որոնց նկարագրվածությունում ասվում է՝ պետությունը կաշկանդված չէ մարդու իրավունքներով եւ ազատություններով որպես անմիջական գործող իրավունք: Այդ հոդվածի կարգախոսային բնույթը, եթե արձանագրվում է, պաշտոնապես նշանակում է՝ երկրում տեղի է ունենում քրեական հանցագործություն, որովհետեւ քրեական օրենսգրքում կա հոդված, ըստ որի Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածների փաստացի դադարեցումն իրավական համակարգում՝ առանձնապես ծանր քրեական հանցագործություն է՝ 10-15 տարի ազատազրկում: Այսինքն, մենք ունենք հետեւյալ նկարագրությունն այդ հայցեկարգում՝ Հայաստանում պետությունը կաշկանդված չէ մարդու իրավունքներով ու ազատություններով, որպես անմիջական գործող իրավունք, կուսակցությունները չեն ղեկավարվում Սահմանադրությամբ ու օրենքներով, չկան պայմաններ ազատ մրցակցության համար, քաղաքացիների հնարավորությունը դիմել պետությանը եւ ողջամիտ ժամկետում իրենց հետաքրքրող հարցի վերաբերյալ ստանալ պատասխան, չկա, պատգամավորները զբաղվում են բիզնեսով, կառավարության անդամները զբաղվում են բիզնեսով, այսինքն՝ երաշխավորված չէ բիզնեսի եւ իշխանության տարանջատումը: Այսինքն, ժողովրդի լեզվով ասած՝ «բարդակ» է նկարագրված»:
Ղուկասյանը կրկին անգամ, ինչպես մշտապես հայտարարել է, այս անգամ էլ նշեց՝
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հանցավոր խումբը սահմանադրական կարգի տապալման միջոցով յուրացրել է իշխանությունը, եւ երկրում համակարգված կոռուպցիա է, սելեկտիվ արդարադատության համակարգ:
Նարեկ Գալստյանն էլ անդրադառնալով Ղուկասյանի խոսքերին ասաց. «90-ականերից ընդդիմության տարատեսակ «պրավալների» արդյունքն այն հռետորիկան է՝ «ամեն ինչ կամ ոչինչ» գաղափարը: Եւ ամեն անգամ իշխանությունը դառնում է միակենտրոն, մեկ բռունցք, եւ դրա արդյունքում մենք չկարողացանք ունենալ կայացած ընդդիմություն»:
Հարցին՝ ինչո՞ւ հիմա որոշվեց նախաձեռնել այս փոփոխությունները, Նարեկ Գալստյանն ասաց, որ դա իրեն չի հետաքրքրում. «Բայց 2017 թվականին այս վիճակով խորհրդարանական ընտրություններին ընդդիմությունը, այդ թվում նաեւ մենք, հնարավորություն չունենք խորհրդարան մտնելու»:
Անդրեաս Ղուկասյանի խոսքերով էլ՝ Սահմանադրությունն, ըստ էության, իր ինստիտուտներով ուժի մեջ է մտնելու Սերժ Սարգսյանի պաշտոնավարումից հետո. «Այսինքն, այն բոլոր ինստիտուտները շարունակելու են գործել մինչեւ 2018 թիվը: Ինչն էլ հիմք է տալիս ասել, որ իսկապես վերարտադրվելու շահ է: 2017-ին բոլորին հրավիրում են պառլամենտական ընտրություններին, որտեղ մի կուսակցություն իր առաջնորդով պիտի հաղթի, եւ այդ գործիչն ինքն է դառնում թիվ մեկ գործիչը, որովհետեւ 2018-ին Սերժ Սարգսյանի (եթե հասնի դրան), պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, լինելու է վարչապետի թափուր պաշտոն: Սա Սահմանադրությամբ է: 2018-ին զրոյացվելու է 17-ի խորհրդարանական ընտրությունները, ինչո՞ւ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի