Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում այսօր հանդիսավոր միջոցառմամբ տոնվեց կրթօջախի հիմնադրման 50-ամյակը: Ցուցադրվեցին դպրոցի մասին ֆիլմ եւ շրջանավարտների տեսաուղերձները: Նրանց մի մասը ներկայում կրթությունը շարունակում է աշխարհի առաջատար բուհերում: Որոշ շրջանավարտներ էլ աշխատում են արտերկրում: Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով եւս ֆիզմաթի շրջանավարտ է, ողջույնի խոսքում փորձեց նույն կերպ ներկայանալ: «Ես Գագիկ Բեգլարյանն եմ, ֆիզմաթ դպրոցն ավարտել եմ 1981 թվականին եւ ամենակարեւորը՝ Հայաստանից երբեք չեմ բացակայել»,-ասաց նա: Բեգլարյանը խոստովանեց, որ դպրոցի մասին ֆիլմը դիտելիս հուզվել է՝ տեսնելով ուսուցիչներին. «Ֆիզմաթում շատ բան չի փոխվել: Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի այս երեխաներն աշխարհում, եւ ամենակարեւորը՝ Հայաստանում, գտնեն իրենց տեղը: Հիմա տեսնում եմ, որ ֆիզմաթցիները ճարտար լեզու ունեն: Նախկինում միայն ճարտար միտք ունեին»:
Նախարարն ասաց, որ իր հաջողությունների գրավականը ֆիզմաթն է. «Հպարտ եմ, որ այստեղ եմ սովորել: Այն, ինչ արել եմ իմ կյանքում՝ դրականը, միայն այս դպրոցի շնորհիվ եմ արել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ