ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում այսօր հանդիսավոր միջոցառմամբ տոնվեց կրթօջախի հիմնադրման 50-ամյակը: Դպրոցի վաստակաշատ ուսուցիչները պարգեւատրվեցին Կրթության և գիտության նախարարության պատվոգրերով եւ մեդալներով, իսկ կրթօջախի տնօրենը՝ վարչապետի մեդալով: «Ֆիզմաթը մեր երկրի լավագույն դպրոցն է, որը, ցավոք, երբեմն շատ համեստ է գործում: Այն շատ ավելի պահանջկոտ է ինքն իր հանդեպ: Հայաստանի ազգային վարկանիշավորման համակարգում ֆիզմաթն առաջինն է դպրոցների մեջ»,-դիմելով ուսուցիչներին՝ ասաց Կրթության եւ գիտության նախարարը: Արմեն Աշոտյանի խոսքով՝ 50-ամյակը ոչ միայն ձեռքբերումներն ամբողջացնելու հնարավորություն է, այլեւ զարգացման միջոցներ ստեղծելու առիթ. «Եկեք միասին խոստանանք, որ գալիք տարիներին կանենք ավելին, քան այս պահի դրությամբ ենք արել, մասնավորապես՝ կբարեկարգենք տարածքը, կավելացնենք գիտահետազոտական հնարավորությունները, եւ, ինչու չէ, կունենանք նոր մասնաշենք: Վստահ եմ, որ տասնյակ-հարյուրավոր շրջանավարտներ կարձագանքեն մեր կանչին եւ ֆիզմաթի համար 21-րդ դարին հարիր պայմաններ կստեղծեն, որովհետեւ ֆիզմաթի արդյունքն իրականում 22-րդ դարի է»:
Նշենք, որ տարբեր տարիներին ֆիզմաթցիները փայլել են տեղական եւ միջազգային օլիմպիադաներում: Միայն վերջին 4 տարում նրանք 70-ից ավելի մեդալ են նվաճել: «Խնդիրը միայն այն չէ, որ հաղթենք օլիմպիադաներում եւ ծածանենք եռագույնը, թեեւ դա շատ կարեւոր է: Անկեղծ խոստովանեմ, որ ամռան թեժ ժամանակահատվածում ինձ ավելի շատ հետաքրքրում են օլիմպիական նորությունները, քան ընդունելության քննությունները: Դրանք անցողիկ են, իսկ նվաճումները՝ մնայուն»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանի խոսքով՝ դպրոցի հաջողության գրավականը հոգատար եւ սրտացավ մանկավարժներն են. «Մեր մանկավարժների հերոսական աշխատանքի արդյունքը նրանց բազմահազար շրջանավարտների հաջողություններն են: Դրա վկայությունն է նաեւ այն, որ շատ շրջանավարտներ վերադարձան կրթօջախ՝ շարունակելով իրենց ուսուցիչների գործը: Այսօր նրանք դպրոցի հիմնասյուներն են»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ արդեն 26 տարի Արցախի մայրաքաղաքում հաջողությամբ գործում է դպրոցի մասնաճյուղը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ