Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարած-ետ բերած կնիկ մարդն ում է պետք, որ տարած-ետ բերած օրենքը բանի պետք լինի». Հովհաննես Մարգարյան

Նոյեմբեր 23,2015 17:25

Կառավարությունը մի նախագծով պատգամավորների աջակցությունն է խնդրում, որ ավելացնի դատավորների թիվը, քանի որ շատ ծանրաբեռնված են, գործերը շատ են, մյուս օրինագծով այնպիսի առաջարկ է անում, որը, ըստ պատգամավորների, ավելացնելու է գործերի քանակը դատարանում 1/3-րդով:

Խոսքը Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների փաթեթի մասին է, որը, կառավարության ներկայացուցչի՝ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի համոզմամբ, կարգավորելու է գրավադրման հետ կապված խնդիրները:

Նախագծով առաջարկվում է, որ եթե գրավադրված գույքը դիտավորությամբ վնասվում է, օրինակ, մեքենան գրավ է դրել եւ այն վնասվում է, ապա քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի գրավատուն:

Ինչպես տեղեկացրել ենք, նախագծին դեմ արտահայտվեցին Հեղինե Բիշարյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արծվիկ Մինասյանը:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ տարավ-բերեց ու ասաց. «Էս օրենքը որ ընդունենք՝ մեր քաղաքացիների 90 տոկոսը պետք է ընկնի դատական քաշքշուկների մեջ: Տասնյակ դատավորներ պիտի ավելացնենք դատական համակարգում, իսկ մենք գիտենք, թե մի դատավորն ինչքան է արժենում մեր պետական բյուջեի վրա: Դուք լավատես եք, ես լավատես չեմ, ժողովրդական խոսք կա՝ ասում են՝ տարած-ետ բերած կնիկ մարդն ում է պետք, որ տարած-ետ բերած օրենքը բանի պետք լինի»:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որը վարում էր նիստը, արձագանքեց. «Այսպիսի անվանարկում մենք դեռ չէինք լսել:

Էդմոն Մարուքյանի դիտարկմամբ՝ պետք չի մարդկանց քրեական հետապնդման զոհ դարձնել. «Արդեն ինչքան ժամանակ է, փորձ է արվում քրեականացնելով՝ ինչ-որ խնդիրներ լուծել, այնպիսի խնդիրներ, որոնք քրեական դատավարության ոլորտի լուծման խնդիրը չեն:

Ըստ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանի, կառավարության այս նախագիծը դատարկ տեղում չի ծնվել: Ինչ առաջարկում է ԿԲ-ն այսօր, տարիների քննարկման արդյունքն է: Եթե ուզում ենք տոկոսադրույքների իջեցում, որտեղի՞ց պետք է դա լինի:

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի խոսքերով՝ քրեաիրավական հարթությունում լուծում տալ քաղաքացիաիրավական հարաբերությունների խնդիրների, այստեղ իսկապես խնդիր կա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30