Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտանիք-երեխա հարաբերությունների արտասահմանյան այդ մոդելն ընտանիքի քայքայման ուղի է»

Նոյեմբեր 23,2015 17:19

Համենայն դեպս, այդպես են ասում այս համայնքների ներկայացուցիչները՝ Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը և «Պոնտի» հունական ՀԿ խորհրդի անդամ Արայիկ Գրիգորյանը:

Նրանք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ համայնքի ընդհանուր տրամադրվածությունը դրական է՝ ելնելով այն դրույթից, որ ազգային փոքրամասնություններն ԱԺ ընդգրկվելու հնարավորություն ունեն: Սակայն, Իրինա Գասպարյանի ձևակերպմամբ, համայնքը մեկ մարդ չէ, որ հստակ ասի՝ «Այո» կամ «Ոչ». «Համայնքում տարբեր մարդիկ են ապրում, և նրանցից յուրաքանչյուրն իր կարծիքն ունի: Իսկ դեմ են թե կողմ են, դա նրանց գաղտնի քվեարկության իրավունքն է»,- ընդգծեց Իրինա Գասպարյանը:

Բայց որպես ՀՀ քաղաքացի՝ նրան անհանգստացնում են հատկապես երեք հոդվածներ՝ 36-ը, 37-ը և 81-ը. «Օրինակ՝ ծնողների իրավունքներին ու պարտականություններին վերաբերող 36-րդ հոդվածում նշվում է, որ կարելի է ծնողական իրավունքներից զրկել կամ դրանք սահմանափակել միայն օրենքով և դատարանի որոշմամբ, երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով: Հարց է առաջանում՝ եթե ասում ենք, որ ընտանիքը հասարակության հիմնական բջիջն է, այդ դեպքում երեխայի շահերն ինչպե՞ս կարող են չմտնել ընտանիքի շահերի մեջ և ինչպե՞ս կարելի է երեխային մանկուց սովորեցնել, որ իր շահերն առանձին են, ընտանիքինը՝ առանձին: Նա ինչպիսի՞ քաղաքացի կմեծանա: Հետագայում էլ մտածելու է, որ իր շահերն իր շահերն են, պետությանը՝ պետությանը: Հետևաբար՝ պետք է ձևակերպվեր ոչ թե երեխայի, այլ ընտանիքի կենսական շահերն ապահովելու նպատակով: Կամ, ենթադրենք, ինչ-որ խնդիր է առաջանում ծնողի ու երեխայի միջև, ո՞վ է որոշելու՝ դա երեխայի շահերից է, թե ոչ: Երեխա՞ն է որոշելու, ծնո՞ղը, թե՞ մի առանձին մարմին: Եթե առանձին մարմինն է որոշելու, ուրեմն ստացվում է, որ ինչ-որ երրորդ մեկը պետք է քննարկի ծնողի ու երեխայի միջև առաջացած խնդիրը: Կարծում եմ՝ այդ պրակտիկան, որն ուզում են արտասահմանից ներմուծել, ընտանիքի քայքայման ուղի է: Իսկ 37-րդ հոդվածում խոսվում է միայն երեխայի իրավունքների մասին: Պարտականությունների մասին՝ ոչ մի խոսք»,- մտահոգվեց Ի. Գասպարյանը:

«Պոնտի» հունական ՀԿ խորհրդի անդամ Արայիկ Գրիգորյանը, սակայն, համոզված է, որ ընտանիք-երեխա հարաբերությունների արտասահմանյան այս մոդելը մեզանում թղթի վրա էլ կմնա՝ հաշվի առնելով մեր ազգային մտածողությունը:

Ինչ վերաբերում է «Այո»-«Ոչ»-ին, Արայիկ Գրիգորյանն ասաց, որ հունական համայնքի մեծ մասը կողմնակից է «Այո»-ին. «Բայց այդ «Այո»-ն պետք չէ անձի ընտրության հետ խառնել. դրանք լրիվ տարբեր բաներ են: Ի՞նչ ակնկալիքներ ունեն մարդիկ նոր Սահմանադրությունից, ի՞նչ է տալու մեզ պառլամենտական հանրապետությունը և ի՞նչն է խանգարում այսօր: Սա է խնդիրը»,- ընդգծեց նա:

Դառնալով ազգային փոքրամասնությունների՝ ԱԺ ընդգրկմանը՝ Ա. Գրիգորյանը նշեց, որ իրենց համար դա կարևոր է հատկապես այն առումով, որ իրենցից լավ ոչ ոք չի կարող ներկայացնել իրենց համայնքի խնդիրներն ու հոգսերը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30