Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա խայտառակություն է, ի՞նչ եք ուզում, էս երկրում էլ մարդ չմնա՞». Գագիկ Ջհանգիրյան

Նոյեմբեր 23,2015 16:55

Այսօր ԱԺ-ում ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրեց Քաղաքացիական օրենսգրքում եւ դա հետ կապված մի շարք օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը վերաբերվում է գրավի եւ գրավադրման հետ կապված հարաբերությունների կարգավորմանը: Մինչ այժմ, եթե մի գրավառուի մոտ գրավ է դրված եւ ուզում են տեղափոխել մեկ այլ ֆինանսական ինստիտուտ, համաձայնություն պետք է տար առաջնային գրավատուն: Հիմա առաջարկվում է, որ գրավը ազատ շարժվի՝ առանց առաջին գրավառուին հարցնելու. «Բանկերը որոշակի տույժ, տուգանքներ են դնում, որով հնարավոր չէր գրավը օգտագործել՝ երկրորդ անգամ վարկային միջոցներ ձեռք բերելիս: Միջազգային փորձն առաջարկում է, որ պետք է կարգավորվեն գրավի հարաբերությունները: Եթե գրավի պարտավորությունները չեն իրականացվում, նոր միայն առաջնահերթությունը տալու են սկզբում գրավ վերցրած գրավառուին՝ որպես առաջնային գրավառու:

Բացի այդ, առաջարկվում է ՝քրեականացնել գրավը դիտավորությամբ վնասելու հոդվածը: Ըստ Ներսես Երիցյանի, երբեմն գրավն այնպես են վնասում, որ դա այլեւս որեւէ արժեք իրենից չի ներկայացնում:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը դեմ էր, նա ասաց, որ պայմանագրի չկատարումը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում. «Դուք ասում եք՝ չի կարող ազատազրկվել անձը: Դուք ասում եք՝ ոչ թե պարտավորության չկատարման մասին ենք խոսում, այլ՝ գույքի դիտավորյալ ոչնչացման մասին: Բայց եթե մարդը ի սկզբանե կամ ընթացքում մտահղացել է, որ գրավի առարկա հանդիսացող գույքը պետք է մասնատի, ծախի, ոչնչացնի, իրացնի եւ այլն, այդ մարդը կատարում է խարդախություն, ոչ թե ուրիշի գույքի դիտավորյալ վնասում»:

Ըստ Գագիկ Ջհանգիրյանի, պատշաճ ծանուցումը քաղաքացուն լավ է, բայց նեղ վիճակում, երբ մարդուն վարկ է հարկավոր, ծանուցման ինչ տարբերակ էլ ասեն՝ համաձայնվելու է. «Հետո մենք չենք կարող քաղաքացիներին քրեական պատժի ենթարկենք՝ իր պարտավորական իրավունքից բխող թերացումների կամ չկատարման համար»:

Ներսես Երիցյանը պատասխանեց, որ պետք է պոզիտիվ նայել առաջարկվող փոփոխություններին. «Եթե օրենքով չի սահմանվում, պայմանագրի ազատություն է տրվում: Մեր բանկային համակարգում բավականին լուրջ վարկային պորտֆել կա, դրա մեծ մասը նորմալ բիզնես վարկեր են: Այս փոփոխությամբ ազատականացնում ենք, որ գույքը տեղափոխի այն բանկը, որտեղից վարկ է ուզում վերցնել՝ նույնիսկ չքննարկի այդ բանկի հետ: Սա խորացնելու է մրցակցությունը»:

Գագիկ Ջհանգիրյանը չհամոզվեց. «Սա խայտառակ բան է, ինչը դուք առաջարկում եք: Ես չէի էլ ցանկանա, որ դուք անձամբ սա ներկայացնեիք: Սա իր հետեւից կարող է բերել շատ ծանր իրավիճակի, չի կարելի: Առանց այն էլ վիճակագրությամբ հանցագործությունների թվական տվյալները պակասում են, բայց դատարաններում քրգործերի թիվն ավելանում է: Եթե սա մենք ընդունեցինք, մեր դատարանները հեղեղվելու են նոր քրեական գործերով»:

Ներսես Երիցյանը չհամաձայնեց, որ դատարանները կհեղեղվեն՝ ասելով, որ բանկերը իրենց հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերություններ ունեն եւ այդ քայլին գնում են ծայրահեղ դեպքում. «Մենք ուզում ենք ազատականացնել, որպեսզի գրավը ազատ շարժվի, ինչը կբերի տոկոսադրույքների նվազմանը»:

Հեղինե Բիշարյանի համար նույնպես այս փոփոխությունները անընդունելի էին, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նույնպես դեմ էր, նա ասաց, որ այս նախագիծը պետք է լուրջ հանրային քննարկման առարկա դառնա, ոչ թե այսպես հապշտապ բերվի ԱԺ:

Ըստ Գագիկ Ջհանգիրյանի, իսկապես խնդիր կա բանկային համակարգում, բայց այն լուծումը, որը կառավարությունն առաջարկում է՝ խայտառակություն է. «Լրացուցիչ լծակ եք տալիս իրավապահների ձեռքին: Ինչ եք ուզում, էս երկրում էլ մարդ չմնա՞: Վարչականի, քրեականի մուրճը բերել եք, որ կարողանաք քաղաքացիաիրավական հարաբերություն կարգավորեք, այդպիսի բան չի կարելի անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30