ՀՊՄՀ-ում արդեն երկու տարի է գործում է ռադիո Ֆաման, որը կրում է` ամեն ինչ լսող և տեսնող հունական աստվածուհու անունը: Իր գործունեությունը 2013-ին սկսած ռադիոկայանը, սկզբից էլ եղել է ուսանողներին փորձ ապահովող լավագույն միջոցը: Եթեր հեռարձակվող հաղորդումները պատրաստում են ուսանողները` սովորում մասնագիտության մեջ հմտանալու ճիշտ և գրագետ մեթոդները:
ՀՊՄՀ-ի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը խոսեց ռադիոկայանի իրականացրած գործառույթի, նրա կարևորության, և ուսանողների շրջանում ակտիվ համագործակցության մասին:
Aravot.am-ի հետ զրույցում Դիանա Մարկոսյանն ասաց. «Այս կարճ ժամանակահատվածում զգալի և ցանկալի արդյունքի ենք հասել: Ռադիո Ֆաման նորամուծություն էր: Առաջին համալսարանական ռադիոն ոչինչով չի զիջում մնացած ռադիոկայաններին: Սա բավականին լուրջ և պատասխանատու աշխատանք է, և կարող եմ ասել, որ ոլորտի լավագույն մասնագետները` ուսանողներին կարողանում են ուղղորդել ճիշտ և որակյալ հաղորդումներ պատրաստելու համար»:
Խոսելով հաղորդումների բովանդակության և որակի մասին՝ Դ.Մարկոսյանը հավելեց, որ ցանկացած հաղորդաշար խմբագրական խոշորացույցի խիստ հսկողության տակ է դրված: «Մենք փորձում ենք ուսանողներին բերել բարձր մասնագիտական աստիճանի: Եվ վստահ կարող եմ ասել, որ մեր շատ ուսանողներ Ռադիո Ֆամայի փորձը կարող են կիրառել հետագայում: Սա լուրջ դպրոց է, որտեղ ուսանողը դառնում է որակյալ մասնագետ»:
Կարդացեք նաև
«Ուսանողների շրջանում նկատվող ակտիվությունը, ինչպես նաև համացանցային լսումները ցույց են տալիս, որ ռադիոկայանը հասել է իր նպատակին: Յուրաքանչյուր քայլ ուղղված է ռադիոկայանը զարգացնելու, նորամուծությունների և երիտասարդական շունչը պահելու համար: Անընդհատ թարմացվող եթերացանկը, ուսանողների ջանքերն ու հետաքրքիր ձևաչափերը մեր հաղթանակներն են: Շնորհավորում եմ բոլորիս: Առաջին համալսարանական ռադիոն արդեն երկու տարեկան է: Սա մեծ ձեռքբերում է բոլորիս համար»,-ասում է ՀՊՄՀ-ի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետը:
ՀԱՅԿ Մագոյան