Լրահոս
Օրվա լրահոսը

Անկրկնելի օրեր էին (պատմվածք)

Նոյեմբեր 23,2015 16:04

Շոգ է։Ավազն այնքան տաք է, որ ոտքի թաթերն ավազին հպվելուն պես այրվելու նման տաքացան։ Մինչև ինքը դանդաղ հանվում էր, աչքի տակով հասցրեց իրավիճակին ծանոթանալ։ Չնայած լողափում շատ մարդ կար, կարողացավ նկատել  արդեն աշխատանքով ապահովված ընկերուհիներին։ Նրանց հետ ծանոթացել էր սեզոնի սկզբին ու վաղեմի ծանոթների պես անխոս հասկանում էին իրար։ Ընթացքում ինքը մի քանի անգամ նրանց աշխատանք էր ապահովել, աշխատանք, որը իր մակարդակի համար             չէր։ Դե նրանք իրեն մրցակից էլ չէին, այդ իմաստով ինքը անհանգստանալու բան չուներ։ Բարձրագույն կրթությունն, օտար լեզուներին տիրապետելը, ժամանակին մարմնամարզությամբ զբաղվելն, իդեալական կազմվածքն ու բնատուր գեղեցկությունն իրեն անգերազանցելի էր սարքել։ Իսկ քայլվա՞ծքն…Ինքն իր գինն լավ գիտի։

Անցյալ ամառ մի այլ ծովափնյա քաղաքում էր աշխատում։ Բավականին գումար վաստակեց։ Դա այնքան էր, որ կարող էր անհատական ձեռնարկություն ստեղծել ու բիզնես լեդու վերածվելով անհոգ ապրել։ Լողափում իրեն մշտական հարևան տարեց բազմափորձ մի տիկին իրեն խորհուրդ տվեց գործունեության մակարդակը փոխել, աշխատել քիչ՝ միայն այսպես կոչված ՎԻՊ խավի հետ, բայց վաստակել անհամեմատ ավելի։ Այդպես և ապահով է, և շատ ավելի շահավետ։ Հանգամանքների հաջող դասավորման դեպքում կարող է ստացվի երկարաժամկետ կապի  ստեղծում, ինչու չէ՝ նաև շահավետ ամուսնության հնարավորություն։ Տիկինը պնդեց. քանի դեռ երիտասարդ  ես և բարետես, օգտագործիր ունեցածդ հնարավորությունը ճիշտ, իմ երիտասարդ տարիների սխալները մի կրկնի։ Խորհուրդն անկասկած իր օգտին էր։ Դրա համար էլ այս ամառ գործունեության վայրը և ձևը  փոխեց։

Ծովափնյա այս քաղաքում իրեն ոչ ոք չէր ճանաչում։ Հանգստանալու եկած գեղեցկուհին անմիջապես նկատվեց, բայց նկատողները հեռվից հարգալից վերաբերմունքից այն կողմ չէին համարձակվում անցնել։ Բարձրակարգ հյուրանոցում իջևանելը, ճաշակով հագնվելը ու ֆիրմային խանութներից օգտվելը նրա շուրջը ստեղծել էր անհասանելիության պատրանք։

Պառկեց հովանոցի տակ, արևային ակնոցները դրեց աչքերին։ Անշարժացավ։  Տղամարդկանց  արտաքուստ թվում էր, թե ինքը քնած է, կամ էլ աչքերը փակ են, այդ պատճառով էլ իր կողքով անցնելիս նրանք դանդաղեցնում էին քայլերը ձրի ըմբոշխնելով ցուցադրված գեղեցկությունը։ Հաջողությունն անկասկած գալու էր, կարևորը համբերատար հարմար պահն որսալն է։

Երեկ լողափից վերադառնալուց հետո, երբ քաղաքի հրապարակում գտնվող ֆիրմային ոսկերչական խանութ էր մտնում, խանութի մոտ  կանգնեցված սպիտակ Բենտլիի մոտ  երկու տղամարդ՝ տարեց և երիտասարդ, պատրաստվում էին մեքենա նստել։ Կամ հայր և որդի էին, կամ էլ գործարար էր իր վարորդի հետ։ Խանութում ինքը մտածված բավականին ժամանակ անցկացրեց՝ զննելով հարուստ տեսականին։ Պայմանավորվեց իր հավանած զարդը հանգիստն այդ քաղաքում ավարտելուց առաջ ձեռք բերելու մասին, կատարեց կանխավճար։ Երբ դուրս եկավ խանութից, սպիտակ մեքենան դեռ այնտեղ էր, բայց շարժիչը միացված վիճակում։ Կասկած չկա՝ իրեն են սպասում։ Բարձրակարգ մոդելին հատուկ քայլվածքով անցավ մեքենայի մոտով։ Դանդաղ, առանց շտապելու մոտեցավ ոսկերչական խանութից ոչ հեռու գտնող իր իջևանած հյուրանոցի մուտքին, ներս մտնելուց առաջ աննկատ ակնթարթային հայացք գցեց դեպի փողոց ու մտավ հյուրանոց։ Բենտլին մինչև հյուրանոց դանդաղ ուղեկցել էր իրեն։ Հաջողությունը մոտ էր, հիմա գլխավորը շարունակական ճիշտ գործողություններն են։

Պտտվեց փորի վրա, այդ ընթացքում միաժամանակ զննելով մեքենաների կայանման տեղը։ Սպիտակ Բենտլին, ըստ երևույթին, նոր էր կայանվել, քանի որ այդ պահին երիտասարդ վարորդը դուրս գալով մեքենայից, արագ վազեց դեպի կողային դուռը՝ բացելով այն։ Այնտեղից դուրս եկավ իր արդեն տեսած տարեց տղամարդն ոտքից գլուխ սպիտակ հագուստով։ Մտովի չափեց իր և նրա մեջ ընկած հեռավորությունը հասկանալու համար նրա իր մոտ հասնելու տևողությունը։ Կրկին շրջվեց մեջքի վրա։ Սպասեց։ Երբ որ ըստ իր հաշվարկի պոտենցիալ կավալերն իրեն շատ մոտ պետք է լիներ, բարձրացավ ու իր միշտ տպավորություն թողնող քայլվածքով դանդաղ շարժվեց դեպի ծով՝ լողանալու։ Բազմիցս ստուգված էր, որտեղ էլ որ լիներ, իր լողանալու ժամանակ միշտ հետաքրքրասերների և նորահայտ երկրպագուների մի խումբ էր հավաքվում և նայում, ինչպես է ինքը պրոֆեսիոնալ լողորդուհու նման լողի յուրօրինակ վարպետություն ցուցադրում։ Երբ ծովից դուրս եկավ անմիջապես ծափեր հնչեցին։ Սկզբից ցածր՝ նախաձեռնողն իր ընկերուհիներն էին իրենց կավալերների հետ, հետո ուժեղ՝  երկրպագուների քանակի ավելացման շնորհիվ։ Այդ պահին թիկունքից ուսերին սրբիչ դրեցին։ Շրջվեց, որ համարձակին սաստի, բայց… Բենտլիի տարեց տղամարդն էր։

– Գեղեցկությունը գնահատողը պետք է այն պաշտպանի  կիզիչ արևից։ Մեղմ, գրավիչ տղամարդկային ձայնն իրենից անկախ մեղմեց նրա բարկությունը տեղի տալով տպավորված ժպիտին.

– Շնորհակալություն։

Հետո  նույն մեղմ,  գրավիչ տղամարդկային ձայնը նրան ճաշի հրավիրեց հենց իր իջևանած հյուրանոցի ռեստորանում։ Չպատասխանեց։ Ձևացրեց թե տատանվում է։ Երբ քայլելով հասան լողափի իր պաշտպանիչ հովանոցին, տեսավ, որ հովանոցի տակ սեղանիկ է դրված, վրան  բաժակներ՝ հյութ էր սառույցով։ Բաժակը վերցրեց, հյուրասիրողին ժպիտ պարգևելով մի կում խմեց։ Դա համաձայնության նշան էր առանց խոսքի։

Սպիտակ Բենտլին, երբ մոտենում էր հյուրանոցին, ոսկերչական խանութի մոտ տղամարդը կանգառ պահանջեց և առաջարկեց իրեն.

–  Մտնենք խանութ, գեղեցիկը պետք է ըստ արժանվույն գնահատվի։

Վաճառողն արագ մոտեցավ նրանց.

– Ինչպիսի զարդեր են Ձեզ հետաքրքրում։

– Տիկնոջ համար ինքնատիպ ոճի մատանի կուզեի, իր գեղեցկությանը սազական։

Վաճառողը ցուցափեղկը զննեց, կատարեց ընտրություն.

– Ձեզ կառաջարկեի այս գեղեցիկ մատանին 5000$ արժեքով։

– Ընդամենը՞։ Ոչ, մենք կուզեինք առանձնահատուկ մի բան, չկրկնվող, պատրաստված մի օրինակից։

– Ենթադրում եմ, որ սա այն է, ինչ որ Դուք ուզում եք, – վաճառողը վաճառակետի խորքում գտնվող հատուկ ցուցափեղկից հանած զարդը ներկայացրեց, հավելելով, – ընդամենը  40000$։

Աչքերին չկարողացավ հավատալ.թե իրականություն է, թե երազ, մարմնով դող անցավ։ Տղամարդը ուշադիր զննեց զարդը.

– Մենք սա հավանում ենք։ Ինձ վճարումը հարմար կլիներ կատարել իմ հաշվից գումարի դուրս գրման կարգով։ Բնականաբար, որպեսզի համոզվեք իմ հաշվում միջոցների բավարար լինելու մասին, Ձեզ ներկայացված այս հաշիվ կտրոնի պահով պետք է զանգեք բանկ։ Մենք մի քանի րոպե կսպասենք։

Վաճառողը զանգեց բանկ, այնտեղից հերթապահ աշխատակիցը պատասխանեց, որ աշխատանքային օրը 15 րոպե առաջ ավարտվել է։

– Ափսոս, – տղամարդը մտախոհ նայեց ժամացույցին, հետո  իրեն, ապա դիմեց վաճառողին –  ոչինչ, մենք կսպասենք։ Բայց քանի որ այսօր ուրբաթ է, թողնենք մատանին մնա խանութում ի պահ տրված, իսկ երկուշաբթի առավոտյան Դուք բանկի հետ կավարտեք ֆինանսական մասը։ Ես երկուշաբթի ժ. 12-00-ին ուրիշ քաղաքում գործարարների հետ պլանավորված հանդիպման եմ, այդ պատճառով տիկինը կգա զարդը վերցնելու առանց ինձ, օրվա երկրորդ կեսին՝ ժ. 16-00-ին։ Կարծում եմ դա հնարավո՞ր է։

– Իհարկե, ոչ մի խնդիր, – վաճառողը հարգալից ուղեկցեց նրանց մինչև ելքը։

Մինչև երկուշաբթի ասես երազի մեջ լիներ։ Երբ տղամարդն ուզում էր վճարել հյուրանոցում արված ծախսերն, ինքը տղամարդուց աննկատ աչքով նշան արեց իրեն միշտ սպասարկող մատուցողին։ Սա հայտարարեց.

– Բոլոր վճարումներն արդեն արված են։

Տղամարդը հանդիմանալից նայեց իրեն, բայց դիտողություն չարեց։ Հասկացավ, որ իր արարքը հավանեց։

Երկուշաբթի գնաց լողափ, մենակ վայելեց երկու բուռն օրերից             հետո առաջացած հանգիստն, անհամբեր սպասելով թանկարժեք զարդը վերցնելու ու կրելու հաճելի պահին։

Երբ ժ. 16-00-ին ուզում էր մտնել ոսկերչական խանութ, մոտակայքում կայանած տաքսի մեքենայի մեջից դուրս եկած վարորդն, որը մեկ օր առաջ սպիտակ Բենտլիով սպասարկում էր իրենց, իրեն հանձնեց մի փակ ծրար, ասելով.

– Ձեզ նամակ է հասցեագրված։ Խնդրվում է կարդալ նախքան խանութ մտնելը, –  հետո նստեց մեքենան և հեռացավ։

Բացեց ծրարը. «Սիրելիս, այն  երկու օրը, որ մենք միասին անցկացրինք, ինձ համար անկրկնելի օրեր էին։ Շնորհակալություն։ Ոսկին երջանկություն չէ և քո գեղեցկության տեր կինը դրա կարիքը չունի»:

 Գագիկ Շոլինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30