Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՀՏ ոլորտին որակյալ կադրեր են պետք (Տեսանյութ)

Նոյեմբեր 23,2015 15:54

Հայաստանի տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների(ՏՀՏ) մի շարք ընկերությունների նախաձեռնությամբ ստեղծվել է տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը:

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում նորաստեղծ միության մասին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, որ այս միության հիմնական նպատակը ոլորտի ձեռքբերումներն ու ուսումնասիրությունները դեպի իրական բիզնես տանելն է. «Որը պետք է բարձրացնի առաջին հերթին մեր մրցունակությունը, տնտեսության տարբեր ճյուղերում կառավարման եւ ծրագրավորման համակարգի մշակումը, կարողանա օգնել հայկական տնտեսությանը տարածաշրջանում մեր մրցունակությունը պահելով լավագույններից մեկը»:

«Յունիքոմփ» ընկերության հիմնադիր նախագահ Արմեն Բալդրյանն էլ նշեց, որ այսօր

Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաներն օգտագործում են բոլոր ոլորտներում, բայց Հայաստանում որոշակի բաց կա եւ պետք է ավելի ինտենսիվ աշխատեն տարբեր ոլորտների հետ. «Եվ սրա հետեւանքով, համոզված եմ, որ կառաջանան նոր բիզնես ոլորտներ: Հայաստանի համար կարեւոր է նաեւ ֆինանսական շուկաների ներգրավումը ՏՀՏ բնագավառում, եւ շատ կարեւոր է նորարարական ֆինանսական գործիքների կիրառումը, որը առաջ կբերի բազմաթիվ «ստարտափներ», նորաստեղծ ընկերություններ, եւ թույլ կտա բիզնեսը, որպեսզի իրեն ավելի կայուն զգա՝ նաեւ օտարերկրյա գործընկերների հետ աշխատանքում»:

Պարոն Բալդրյանն ասաց, որ այս ոլորտում հատկապես կարեւոր է կրթության խնդիրը, եւ նորաստեղծ միությունը պատրաստվում է համագործակցել ոլորտում կադրեր պատրաստող բոլոր կրթական հաստատություններ հետ, սկսած դպրոցներից միջին մասնագիտական հաստատություններից մինչեւ բարձրագույն ուսումնական հաստատություններ: Բալդրյանն ասաց, որ այս ոլորտում կադրերի պակասը զարգացման հիմնական խոչընդոտներից է, եւ առաջիկայում նախատեսվում է ստեղծել տեխնոլոգիական նոր համալսարան:

Մանրամասն՝ տեսանյութում

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ ասաց, որ

նմանատիպ նախաձեռնությունները կարեւոր են, հատկապես, որ ուղղված են երկրի տարբեր ոլորտների զարգացմանը:

«Ցանկացած մոտեցում կամ ՏՀՏ կամ դրան մոտ ցանկացած բիզնեսի հիմքում կա տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաներ, եւ բոլորը խթան են հանդիսանում, որ տնտեսությունում ոլորտներն ու ենթաոլորտները զարգանան: Մեր երկրի համար ինչն ապահովում է զարգացում, ճիշտ կլինի միանալ, խրախուսել եւ առաջ տանել»,-ասաց Յիրիկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսաելյանն

էլ անդրադառնալով ՏՀՏ գործատուների նորաստեղծ միությանը, ասաց, որ ողջունելի է, քանի որ հիմնական նպատակներն այն են, որ հարակից ոլորտներից գործատուները, որոնք ուզում են տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաները բիզնեսում արդյունավետության գործիք օգտագործեն, նրանք պետք է հակված լինեն միության հետ սերտորեն աշխատելու. «Ես կուզեի կրթության խնդիրը կարեւորել, միության առանցքային նպատակն ու ռազմավարությունն էլ կրթությունն է: Խոսքը որակյալ կրթության մասին է: Մենք բազմիցս ասել ենք՝ ՏՏ ոլորտի հիմնական խնդիրը որակյալ աշխատուժի պակասն է: Տարբեր հաշվարկներով մինչեւ 4000 որակյալ կադրերի պակաս կա: Տեխնոլոգիական համալսարանի ստեղծման մասին խոսեցին. Ժամանակն է լուրջ մտածել այդ մասին, որովհետեւ, եթե մենք ասում ենք, որ առաջնահերթություն ունենք տարածաշրջանային ՏՏ ոլորտում, եւ մեր կառավարությունը որդեգրել է տնտեսության գերակա ճյուղ, ապա մենք կադրերի պատրաստման լրջագույն մեխանիզմներ պիտի ունենանք: Տեխնոլոգիական համալսարանի ստեղծումը հավակնոտ է, ամբիցիոզ գաղափար է, որովհետեւ տարածաշրջանում չկա նման բան, իսկ Հայաստանում կան բոլոր նախադրյալներ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30