Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ գույքագրվում են փողոցների մայթերում հետիոտնի ազատ տեղաշարժը խոչընդոտող վճարային տերմինալներն ու տարաբնույթ սարքավորումները: Նախորդ շաբաթ գույքագրվել է նմանատիպ 90 սարքավորում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ձեռնարկել համապատասխան քայլեր դրանք մայթերի այլ հատվածներ տեղափոխելու ուղղությամբ:
«Պետք է գույքագրել ոչ միայն վճարային տերմինալները, այլ նաև բոլոր այն սարքավորումները, որոնք խոչընդոտում են մեր քաղաքացիների ազատ տեղաշարժին ու կարճ ժամանակում պետք է տեղափոխվեն մայթերի այլ հատվածներ: Եվ ընդհանրապես խստորեն հետևեք տվյալ սարքավորումների տեղադրման գործընթացին: Ոչ թե մենք և մեր համաքաղաքացիները պետք է հարմարվենք սպասարկող կազմակերպությանը, այլ իրենք են պարտավոր ենթարկվել հստակ առաջադրվող պահանջներին ու կատարել դրանք»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 65 վարչական արձանագրություն:
Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է վարչական 14 արձանագրություն:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան