Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Շիրակի մարզի Արթիկ ու Մարալիկ քաղաքներում ու հարակից գյուղերում տեղի են ունեցել «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչների հերթական քարոզչական հանդիպումները, որոնց մասնակցել են «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը և «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Aravot.am-ը Պետրոս Մակեյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն է ժողովրդի տրամադրվածությունը, հետաքրքրվա՞ծ են քարոզարշավով, թե՞ արդեն հիասթափվել են, անտարբեր են: «Մենք քարոզարշավով մեկ տասնյակից ավելի բնակավայրեր ենք եղել: Երեւանից դուրս գալով՝ Արագածոտնի մարզի գյուղերից սկսած, Արթիկի տարածաշրջանի գյուղերով ավարտել ենք Մարալիկում, բայց մեր հիմնական հանգրվանը Արթիկն ու Մարալիկն էին:
Տրամադրությունները նախ Արթիկի մասով ասեմ, դուք գիտեք, որ ես Արթիկի վիճակին լավ ծանոթ եմ. Արթիկը միշտ ընդդիմություն է եղել, քաղաքականապես մի գլուխ բարձր հասարակություն կա, նույնիսկ, երբ առանց իրազեկման մի օր առաջ որոշել ենք ու եկել ենք… Փաստորեն, հասարակության մոտեցումն այսպիսին է, մեղմ բնութագրած. իրենք վստահություն են ուզում, որ ընդդիմությունը քայլեր է անելու, եւ իրենք իրենց կասկածները փարատելու համար փորձում են հասկանալ որպես առաջին քայլ ընդդիմության միասնություն: Հատկապես ՀԱԿ-ի տարբեր օրերին հանրահավաքներ նշանակելը եւ կարգախոսը՝ գնալ ընտրատարածք ու «ոչ» քվեարկել, դա բավականին ազդում է ընդդիմության գործողությունների վրա, կոնկրետ մեր գործողությունների վրա:
Մենք ռադիկալ մոտեցում ենք ցուցաբերում եւ նշաձողը շատ բարձր ենք դրել. ոչ միայն չեղարկել հանրաքվեն, այլ գնալ իշխանափոխության՝ արտահերթ ընտրությունների: Մեր այցերի ժամանակ տեղի բնակիչները հիմնականում հարցադրում են անում, թե ընդդիմության մի հատվածն ասում է՝ եկեք «ոչ» քվեարկեք, մեկդ դեկտեմբերի 1-ին եք հրավիրում, մյուսդ՝ դեկտեմբերի 3-ին: Խնդիրը կա, հիմա մեր կողմից բանակցություններ են գնում, փորձում ենք այդ խնդիրը լուծել, եթե միասնական օրվա խնդիր լուծվեց, այսպես կոչված, «Ոչ»-ի ճակատում, կարծում եմ՝ իշխանությունները ոչ միայն չեղարկելու են սահմանադրական հանրաքվեն, այլ պարտադրված են լինելու գնալ արտահերթ ընտրությունների, որովհետեւ համատարած ոչ միայն չեն ընդունում, այլ, մեղմ ասած, մեզանից չեն ազդվում, մեր մոտ բարբարոս, էթիկայի բոլոր նորմերն անցնելով՝ հայհոյում են իշխանություններին, բառի ուղղակի իմաստով: Բնականաբար, մեր կոչը եղել է այն, որ դա բավարար չէ, պետք է մասնակցեք, գաք Երեւան դեկտեմբերի 1-ին, այդ օրը մենք սկսում ենք: Ով չի կարողանում գալ, տեղերում պիտի անհնազանդություն անի, քաղաքապետարանի, գյուղապետարանի, ոստիկանության մոտ, փորձեն տեղերում կազմակերպեն, արձագանք տան»:
Կարդացեք նաև
Հարցին, թե մարդիկ, հատկապես գյուղերում ավելի շատ իրենց հուզող սոցիալական խնդիրները չե՞ն բարձրաձայնում, քան Սահմանադրությունից խոսում, Պետրոս Մակեյանն ասաց, որ նախկին բոլոր ընտրարշավների հետ համեմատ՝ 10 անգամ պակաս են սոցիալական ուղղվածության հարցադրումները: «Կան դժգոհություններ, հարցեր, որոնք իշխանությունները պետք է լուծեն ու չեն լուծում, դրանք բարձրացնում են, բայց ոչ չափաքանակով, ինչ նախկինում էին բարձրացնում: Հիմա համարյա հիմնական հարցը՝ ինչո՞ւ են փոխում Սահմանադրությունը, ընդդիմությունը կարո՞ղ է հարցը լուծել ու այսպես հիասթափության, անհավատության խնդիրներ են քննարկում», -ասաց մեր զրուցակիցը:
Մեր դիտարկմանը, թե ձեր հանրահավաքի ժամանակ Գյումրիում քիչ մարդիկ էին հավաքվել, շատերը վերագրեցին նրան, որ մարդկանց ահաբեկել են, չեն թույլատրել, վարչական լծակներ են կիրառել, ո՞նց էր վիճակը Արթիկում, Մարալիկում, նկատելի՞ էր կաշկանդվածություն, մեր զրուցակիցն ասաց. «Դա նկատելի էր, անզեն աչքով էլ երեւում էր. հատուկ ծառայությունների հետեւելը, ոստիկանության քաղաքացիական ու ոչ քաղաքացիական հագուստով շրջապատումը հրապարակներում, դա մշտական է: Մենք դա անտեսում ենք, բայց որ ասես դա այսօր հիմնական դերակատարում ունի, չեմ կարող ասել: Գյումրիում նախ առաջին օրն էր մեր նախընտրական քարոզչության, բնական է, որ այդպիսին պիտի լիներ, միգուցե մենք շատ լավատես ենք, որ պիտի լավ լինի՝ հաշվի առնելով Գյումրու որակները, բայց դրա համար մենք Գյումրի երկրորդ անգամ ենք գալիս, ամսի 28-ին»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ