Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյան. «Որևէ մի քաղաքացի պարտադրված չէ գնալու քվեարկել»

Նոյեմբեր 23,2015 13:35
movses hakobyan

«Այդ հարցերով չեմ զբաղվում, իմ պարտականությունների շրջանակից դուրս է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը`պատասխանելով ազատագրված տարածքների վերադարձի մասին լրագրողներից մեկի հարցին: Այդ խոսակցությունները, հիշեցնենք, Հայաստանում վերակենդանացան ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ երևանյան այցից հետո`ՌԴ մամուլի հրապարակումների ֆոնին:

Լրագրողը համառեց` որքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանին տարածքներ տրվեն: ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալն այսպես պատասխանեց. «Արցախի Սահմանադրությունը դեռևս փոփոխության չի ենթարկվել: Այնտեղ բոլոր հարցերի պատասխանները տրված են»:

Ի դեպ, նա հրաժարվեց մեկնաբանել Ստեփանակերտի օդանավակայանը հակաահաբեկչական գործընթացին մասնակցելու հնարավորության վերաբերյալ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը: «Որևէ պաշտոնյայի հայտարարություն չեմ մեկնաբանում, հատկապես երբ նրանք իմ ղեկավարներն են»: Ավելին, Մովսես Հակոբյանն ասում է, որ նման հարցերն իր ոլորտից դուրս են, իսկ ինքը չի ծանրաբեռնում իր ուղեղը նման խնդիրներով:

Իսկ սահմանադրական բարեփոխումներին վերաբերվող հարցերին Մովսես Հակոբյանը հրաժարվեց պատասխանել, քանի որ պաշտոնը թույլ չէր տալիս:

Լրագրողներից մեկը նկատեց, որ Պաշտպանության նախարարը «այո» է քարոզում: Հակոբյանը հակադարձեց. «Պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է»: Լրագրողները նկատեցին, որ այդպիսով նախարարը ուղղորդում է զինվորներին, Մովսես Հակոբյանը խորհուրդ տվեց. «Կարաք վերահսկեք: Վերահսկեք: Բայց որևէ մի քաղաքացի պարտադրված չէ գնալու քվեարկել»:

Լրագրողները նկատեցին, որ անընդհատ փաստարկ է բերվում, թե սահմանադրական փոփոխություններով երկրի անվտանգությունն ավելի կուժեղանա: Մովսես Հակոբյանն ասաց, որ  մեր զինված ուժերի կառուցվածքն այնպիսին է, որը հնարավորություն է տալիս ցանկացած ժամանակ կայուն ղեկավարել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30