«ԵՏՄ-ն դեռեւս գտնվում է ձեւավորման փուլում, պետք չէ պեսիմիստական դրսեւորումներ ունենալ: Հաշվի առնելով ԵՏՄ շուկայի մեծությունը, մենք անպայման հաջողություններ կունենանք»,- այսօր այսպիսի լավատեսական կարծիք հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքերով՝ եթե մենք չունենանք հաջողություններ, նշանակում է մենք լավ չենք աշխատում:
Անդրադառնալով մեր տնտեսության ներկայիս վիճակին, պարոն Բոստանջյանը կարծում է, որ Հայաստանում մինչեւ չլինի ազատ տնտեսական մրցակցություն, տնտեսությունը չի զարգանա, ներդրումներ էլ չեն լինի: Նրա խոսքերով՝ պետք է այնպիսի հարկային մոտեցումներ դրսեւորել, որպեսզի փոքր եւ միջին բիզնեսը՝ ծառայությունների եւ այլ ոլորտներ, որոնք ստեղծում են աշխատատեղեր, կարողանան աշխատել. «Պետք է գործունեության հնարավորություններ ընձեռել, որը կբերի եկամուտների բարձրացման եւ այդ պայմանների պարագայում կունենանք ներքին եւ արտաքին ներդրումներ»:
Տնտեսագետ Բոստանջյանը կարծում է, որ միակ զարգացողը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, որը անկախ ամեն ինչից՝ առաջ է գնում: Aravot.am-ի այն դիտակմանը, թե այդ ընկերությունների մեծ մասը աութսորսինգով են աշխատում, այդ պատճառով էլ կարողանում են այստեղ «շնչել», Վարդան Բոստանջյանն ասաց, որ գոնե այդպես կարողանում են աշխատել եւ զարգանում են: Հարցին՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի փողը մտնի շուկա, ոչ թե մարդիկ չվստահեն եւ այն պահեն ներքնակի տակ եւ բանկերում սառեցնեն, պարոն Բոստանջյանն ասաց, որ փողն աշխատեցնելու համար պետք է օրենսդրական մոտեցում եւ քաղաքական կամք. «Եթե մեկնում ես Ամերիկա երկարաժամկետ, ոչ 2-3 օրով, քեզ միանգամից ցանկ են տալիս այն ընկերությունների, որտեղ կարող ես ներդրումներ անել: Դիմացը գրված են այն տոկոսադրույքները, որոնք կստանաս այդ ներդրումների արդյունքում: Գրված է նաեւ ռիսկերի մասին, թե որ բիզնեսում ինչքան ռիսկ կա: Այնտեղ դու չես տեսնի մի մարդ, որն իր գրպանից կհանի 100 դոլար եւ կանխիկ կվճարի: Եթե այդպիսի մարդ կա, ապա նա տեղացի չէ, այլ երկրից է, որովհետեւ այնտեղ մարդիկ կանխիկ գումար չեն պահում, իրենց գումարը տարբեր տեղեր ներդրված է: Իսկ մեր մենք ունեցած միջոցները գերադասում ենք տանը, գրքի մեջ պահել, քան մի ֆինանսական կառույցում ներդնել: Եթե ես համոզված լինեմ, որ իմ գումարները պաշտպանված են, ես կմտածեմ դրանք որտեղ ներդնել»:
Անդրադառնալով պետական պարտքին, պարոն Բոստանջյանն ասաց, որ այդ պարտքի գումարները, որոնք վերցնում ենք, պետք է տեղադրենք այնպիսի ծրագրերում, այնպիսի ոլորտներում ներդրումների համար, որ կարողանա մեզ բերի շահույթ, փող. «Եթե դա միայն սպառման է գնում, բնականաբար, հաջորդ օրը դու կրկին հայտնվելու ես պարտքերի մեջ, այդ գումարները պետք է գնան աշխատատեղերի ստեղծմանը»: Վարդան Բոստանջյանը մտահոգություն հայտնեց, որ եկող տարի մեր արտաքին պարտքը դառնալու է 5,5 մլրդ դոլար:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ