ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել է հատուկ ձեռնարկ` բրայլյան գրատեսակով: Այն այսօր ներկայացվեց «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության գրասենյակում:
«Կարեւորելով յուրաքանչյուր քաղաքացու՝ քվեարկության կարգի հետ կապված իրազեկվածության աստիճանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինչպես միշտ ուշադրության կենտրոնում է պահում սահմանափակ հնարավորություններով անձանց՝ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացման լիարժեք ապահովման խնդիրը: Մեր մշակած ձեռնարկը նախատեսված է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար, ծավալով մեծ չէ, բայց լիարժեք ներկայացնում է քվեարկության կարգը: Այն հնարավոր է ընթերցել առանց ակնոցի կամ հավելյալ սարքերի: Մյուս ձեռնարկն էլ պատրաստված է բրայլյան այբուբենով: Այս երկու ձեռնարկներն էլ պատրաստվել են Կույրերի միավորման տպագրատանը»,-ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքով՝ տեսողական խնդիրներ ունեցողները ընտրատեղամասերում կստանան հատուկ մշակված կաղապարներ, որոնցում կտեղադրեն քվեաթերթիկը: Ձեռնարկի շնորհիվ հնարավոր կլինի հանրաքվեին մասնակցել ինքնուրույն:
«Եթե քվեարկողն ունի տեսողական խնդիր եւ տիրապետում է բրայլյան այբուբենին, կարող է հանգիստ օգտվել ձեռնարկից: Տեսողական խնդիրներ ունեցողներն ունեն իրենց անուն-ազգանուններով հատուկ կնիքներ, որոնք կիրառվում են ստորագրության փոխարեն: Մենք կնախազգուշացնենք, որ նրանք քվեարկության գնան կնիքներով: Դրանց միջոցով նրանք նաեւ ստանում են աշխատավարձ կամ թոշակ»,-նշեց «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ փոխնախագահ Մարտին Սարգսյանը:
Կարդացեք նաև
Տիգրան Մուկուչյանն էլ տեղեկացրեց, որ տեղամասերն իրազեկվել են կնիքների առկայության մասին: Ընտրատեղամասերում կլինեն նաեւ հատուկ ոսպնյակներ, որոնցից կօգտվեն ակնոցները մոռացած քաղաքացիները: Հավելենք, որ «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ն մոտ 3000 անդամ ունի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ