ԱԺ-ում քննարկվում է ԵՏՄ տարածքում ապրանքների տեղափոխման եւ ներմուծման մասին արձանագրությունը վավերացնելու հարցը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, լսելով ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի դժգոհությունը ԵՏՄ-ի հետ կապված, իր ելույթում ասաց. «ԵՏՄ-ին անդամակցելը ՀՀԿ-ն հիմնավորում էր,թե այն բխում է ՀՀ քաղաքացիների շահերից: Ոմանք հիմնավորում էին նաեւ, որ այդ միությանն անդամագրվելով՝ մենք լուծելու ենք մեր արտաքին անվտանգության հարցը: Մինչդեռ այս տարի ականատես եղանք, որ ոչ միայն արտաքին անվտանգության խնդիրներն առկա են եւ սպառնում են մեր պետականությանը, այլեւ ԵՏՄ-ին անդամակցությունը ուղղակի տապալում է մեր ողջ տնտեսությունը: Մեր տնտեսվարող սուբյեկտները կրում են վնասներ՝ կապված ԱԱՀ-ի հարկման, սերտիֆիկատների հետ: Սրանք փոքր դրվագներ են, բայց իրականում պատճառված վնասները երեւալու են 2016-ին: Մեր բյուջեն արդեն իսկ ունի հսկայական ճեղքեր, մեր թոշակները չեն բարձրանալու, ապրանքների գները բարձրանալու են,. մենք բոլորս ենք տուժելու»:
Զարուհի Փոստանջյանը նորից անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին, որը նախաձեռնել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ասաց, որ այս օրերին իշխանությունը հանձնաժողովի իրենց անդամների վրա ճնշումներ է բանեցնում, որպեսզի հերթական անգամ կարողանա կեղծել քվեարկության արդյունքները. «Որպեսզի այս բիրտ ուժին դիմակայենք, մենք չպետք է հասնենք այդ ընտրությանը օրվան՝ դեկտեմբերի 6-ին: Դեկտեմբերի 1-ին պետք է հավաքվենք Ազատության հրապարակում եւ սկսենք անհնազանդության գործողություններ»:
Հետո Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ արագաչափերի եւ կարմիր գծերի խնդրին՝ ասելով, որ այդ բիզնեսը պատկանում է Սերժ Սարգսյանի ընտանիքին. «Մենք այդ տուգանքները մուծելով՝ օգնում ենք բիրտ ուժին, որպեսզի նա ավելի ու ավելի մեզ ճնշի»: Նա կոչ արեց հրաժարվել վճարել կարմիր գծերի եւ արագաչափերի տուգանքներն ու վճարները, որոնք, նրա խոսքերով, գնում են անմիջապես Սերժ Սարգսյանի գրպանը:
Կարդացեք նաև
Գալուստ Սահակյանն անընդհատ միջամտում էր Զարուհի Փոստանջյանի ելույթին՝ հորդորելով մի քիչ էլ նախագծից խոսել: Նա ասաց, որ կարող էր անջատել խոսափողը, բայց ոչինչ թողում է խոսի. «Իմ դուրը գալիս է, հումոր է»,- ասում էր ԱԺ նախագահը եւ ժպտում:
Սակայն ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ հունից դուրս եկան, երբ Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ ՀՀԿ-ական Լեւոն Մարտիրոսյանի հայտարարությանը. «Երբ ՀՀԿ-ական պատգամավորներն ասում են, որ մենք պետք է հանձնենք տարածքներ, սա արդեն ակնհայտ Սերժ Սարգսյանի դավաճան քաղաքականության հայտարարումն է, որին մենք պետք է վերջ տանք»:
ՀՀԿ-ական կանանցից մեկը տեղից գոռաց՝ ամո՜թ, Զարուհի Փոստանջյանն էլ արձագանքեց եւ դահլիճում սկսվեց լեզվակռիվ. «Ամոթը ձե՛զ, որ ընդգրկվել եք Սերժ Սարգսյանի թիմում, ամոթը ձեզ, որ նպաստում եք մեր երկրի անկմանը, որ նպաստում եք արտագաղթին…»:
Գալուստ Սահակյանը փորձեց հանդարտեցնել կանանց. «Հանգստացեք, արդեն բժշկի գործն է, հանգստացե՛ք»:
Զարուհի Փոստանջյանը բղավում էր՝ ամոթը ձեզ, որ դուք այստեղ նստած եք, իսկ ժողովուրդն արտագաղթում է եւ չգիտի քաղցից իր երեխային ինչպես կերակրի. «Ամոթը ձեզ, որ այստեղ հավաքվել եք եւ Սերժ Սարգսյանի թիմում եք»:
Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ եթե խորհրդարանը թույլ տա, Զարուհի Փոստանջյանի ելույթները անընդհատ ֆոնագրամա կդնի, ժողովուրդը անընդհատ կլսի, որովհետեւ միշտ նույն ելույթներն է ունենում. «Դե՛ղ ընդունեք, տիկին Փոստանջյան, մի՛ ապակողմնորոշեք ժողովրդին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ի՞նչ կապ ունի այս նկարը սույն նյութի հետ։ Առավո՞տ , դուք է՞լ ..
Հարգելի Նանա, նկարն ԱԺ-ից է՝ մեկ: Ձայնագրությունում լսվում է, որ Զարուհի Փոստանջյանին հակադարձողներից մեկը հենց այս նկարում պատկերված մարդկանցից մեկն է: Եվ այդ մասին կա նաեւ նյութում:
Ինչ կապ ունի այս նկարը սույն նյութի հետ:Առավոտ , դուք էլ?