Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզյան ահաբեկչության պատճառներն ու հնարավոր աշխարհաքաղաքական զարգացումները

Նոյեմբեր 23,2015 15:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը եւ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Գոհար Հակոբյան.– Ինչո՞ւ կատարվեց փարիզյան ահաբեկչությունը եւ ռազմաճակատը Մերձավոր Արեւելքից հասավ Եվրոպա։

Գառնիկ Իսագուլյան.– Ահաբեկչությունը գերտերությունների եւ ազդեցիկ պետությունների կողմից տարբեր հանգամանքներում տարբեր կերպ օգտագործվել է, այն երկար պատմություն ունի: Հատկապես վերջին շրջանում Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող դեպքերի հետ կապված՝ կարծում եմ, որ հիմնական պատճառն այն էր, որ միաբեւեռ աշխարհակարգի առաջին փուլի ժամանակաշրջանում որոշվեց, որ ամբողջ աշխարհը եւ բոլոր պետությունները պետք է ապրեն նույն արժեհամակարգով, անկախ նրանից՝ այդ պետությունները իրենց զարգացման ինչ աստիճանում են գտնվում: Իհարկե, դրա նպատակն այլ էր. աշխարհաքաղաքական այս գործընթացներում ամեն մեկը, հատկապես Արեւմուտքը, որ մնացել էր մենակ՝ որպես աշխարհի հիմնական թելադրողը, ռեժիմներ տապալեց, որը կոչվեց «արաբական գարուն», հեղաշրջումների շարք եղավ, որտեղ փորձ էր արվում, այսպես կոչված, բռնապետական ռեժիմները տապալել եւ դրա տեղը ստեղծել ժողովրդավարական պետություններ: Մենք տեսանք, թե դա ինչ ելք ունեցավ Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում: Հիմա նույնը տեղի է ունենում նաեւ Սիրիայում: Եվ քանի որ աշխարհը զբաղված էր Սիրիայով, Իրաքի տարածքում ստեղծվեց հայտնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը եւ տարբեր խմբավորումներ, որոնք ծնունդ են «Ալ-Քաիդայից» կամ այլնից, եւ այն աշխարհը, որ փորձում էր ստեղծել ժողովրդավարական կարգեր, ստեղծեց քաոս:

Այդ քաոսի պայմաններում ահաբեկչական խմբերը, ըստ էության, կարողացան տիրանալ ե՛ւ Սիրիայի, ե՛ւ Իրաքի տարածքների մեծամասնությանը, բնական հարստություններին, եւ այդ բնական հարստությունները աջակցող պետությունների միջոցով բավականին լուրջ ֆինանսական հնարավորություններ բերեցին դեպի նոր ստեղծված ահաբեկչական խմբավորումները, որոնք ինչ-որ պահի դուրս մնացին էդ պետությունների վերահսկողությունից, մինչդեռ վերջիններս կարծում էին, թե այդ խմբերը միշտ կմնան իրենց վերահսկողության ներքո: Ռուսաստանն էլ տեսնում էր, թե ինչ կարող էր տեղի ունենալ Սիրիայից հետո, հաջորդը Իրանն էր, հետո, բնականաբար, ամեն ինչ նաեւ Ռուսաստանի դեմ էր ուղղվելու՝ որպես էլի նույն կարգի պետություն, որտեղ էլի պետք է ժողովրդավարություն մտցնեին: Հենց այս ալիքի տակ ահաբեկիչները մտածեցին, որ իրենք այնքա՛ն ուժեղ են ու այնքա՛ն հնարավորություններ ունեն, որ նախ՝ ռուսական ինքնաթիռի հետ հայտնի դեպքը պատահեց, ապա Փարիզի սարսափելի դեպքերը: Ահաբեկչության դեմ բոլորը պետք է պայքարեն ու այն իր իսկ բնում խեղդեն: Եթե սա չհասկանան, դա կունենա շատ ծանր հետեւանքներ… Ողջունելի է, որ արդեն Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները կարողացան համատեղ ռազմական գործողությունների ծրագիր մշակել, ինձ համար ընդունելի է նաեւ, որ Օբաման հայտարարեց, թե պատրաստ են Ռուսաստանի հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում համատեղել ուժերը: Ֆրանսուա Օլանդն էլ հայտարարեց, որ առաջիկա օրերին կհանդիպի Օբամայի եւ Պուտինի հետ ու կփորձի նրանց ընդհանուր սեղանի շուրջ բերել «Իսլամական պետության» դեմ պայքարում: Կարծում եմ, որ բոլոր պետություններն ի վերջո պետք է հանգեն սրան:

Գ. Հ.- Պարոն Սաֆարյան, պարոն Իսագուլյանի ո՞ր դիտարկումների հետ եք համաձայն, որոնց հետ՝ ոչ, ո՞ւմ մատն եք տեսնում այս ամենում խառը, մանավանդ պարոն Իսագուլյանն ակնարկներ արեց…

Ստեփան Սաֆարյան.– Պարոն Իսագուլյանն ասաց խոշոր պետությունները, ասաց՝ այդ թվում՝ Ռուսաստան, Ամերիկա… Ես խնդրին մի քիչ այլ կերպ եմ նայում: Ես միանգամայն ծանոթ եմ այն դիրքորոշմանը, որ ներկայացվեց, ու չէի ասի, թե ամեն ինչի հետ համաձայն չեմ: Մյուս կողմից էլ՝ եթե այդ դատողություններով գնանք, կստացվի, որ «արաբական գարուն»-ներից հետո ծնվեցին ահաբեկիչները, կամ եթե ուրիշներին լսենք, կստացվի՝ Իրաքի ներխուժումներից հետո ծնվեցին… Ես այս խնդիրների վրա ուշադրություն սեւեռել եմ դեռեւս վաղ 90-ականներին, նույնիսկ համապատասխան գրականություն կարող եմ տրամադրել այդ տարիներին հրատարակված: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, բազմաթիվ հայտնի, փորձառու տեսաբաններ ասում էին, թե 21-րդ դարի հիմնական մարտահրավերը տեռորիզմն է դառնալու: Այն ժամանակ ո՛չ դեմոկրատիայի արտահանումները կային, ո՛չ «արաբական գարուն»-ները, ո՛չ Իրաքի տապալումները… Ես ձեզ հավաստիացնում եմ՝ վկայակոչելով 90-ականներին տպագրված միջազգային անվտանգության վերաբերյալ հեղինակավոր ձեռնարկներ, հոդվածներ, թե այդ մարդիկ ինչու էին այդպես մտածում: Այդպես էին մտածում, որովհետեւ տեսնում էին տեխնիկայի զարգացումը, պետությունների միջեւ սահմանների թուլացումը, գլոբալացման ուրվագծերը, հասկանում էին, որ ազատ տեղաշարժը հեշտանալու է, մարդկանց շարժունակությունը ավելանալու է, մարդկանց իմացությունը տեխնոլոգիաներից ավելանալու է, հետեւաբար ո՛չ բարի նպատակներ հետապնդող խմբերի կողմից ավելանալու է նաեւ միջուկային, զանգվածային ոչնչացման, քիմիական զենք ձեռք բերելու վտանգը: Այսինքն՝ դեռեւս 90-ականներից լուրջ մասնագետները գոնե այս դաշտում ահազանգ էին հնչեցնում՝ տեռորիզմի հետ կապված: Հետագայում դրան հաջորդեցին ԱՄՆ դեսպանատների վրա կազմակերպված տեռորիստական ակտերը, որոնց մասին շատերը չգիտեն, բայց գոնե մասնագետները, որ շփվում են ահաբեկչական խնդիրների հետ, հաստատ գիտեն, որ 90-ականների վերջին նման դեպքեր եղել են: Ես համաձայն եմ պարոն Իսագուլյանի հետ, որ երկբեւեռ աշխարհակագի ժամանակահատվածում՝ կլիներ դա Վիետնամ, Վրաստան, թե Մերձավոր Արեւելք, երկու բեւեռները միմյանց դեմ գործող խմբեր էին ձեւավորում, որոնց մեջ մտնում էին տարբեր ծայրահեղական խմբավորումներ կամ կռվողներ: Բայց ամենախոշոր բանը, որ տեղի ունեցավ սառը պատերազմի ավարտից, ԽՍՀՄ-ը փլուզումից հետո, դա վակուումն էր, որ ստեղծվեց: Դրա արդյունքում 90-ականներին նույն սալաֆիզմը ներթափանցեց ընդհուպ Կովկաս, Չեչնիա, այսինքն՝ այնպես չէր, որ Ամերիկան էր ընդլայնվում, ուղղակի այդ վակուումը լրացվեց՝ նախկին քաղաքական ինստիտուտները չկային, նորերը ստեղծված չէին, եւ այդ ամայի տարածությունը տեղի ագրեսիվ խմբերը իրենցով լցրեցին: Սալաֆիզմը հասավ մինչեւ Հյուսիսային Կովկաս, ունեցանք չեչենական առաջին պատերազմը:
Հիմա վերադառնանք «Իսլամական պետությանը»:

Շատերը չգիտեն, որ նույն «Իսլամական պետությունը» ժամանակին որպես փոքրիկ խմբավորում եղել է Բաշար Ասադի մտերմագույն տակտիկական գործընկերը, պարզապես հիմա իրար դեմ են պայքարում: Հետո այդ նույն «Իսլամական պետության» հետ սկսեցին խաղալ այլ պետություններ նույնպես՝ Թուրքիա, Սաուդյան Արաբիա եւ այլն: Այսինքն՝ խաղընկերները միշտ փոխվել են, ամեն մեկը փորձել է նրան որպես գործիք օգտագործել: Հիմա այն մասին, թե ինչ կարեւոր զարգացումներ եղան: Նախ առաջինը՝ ԱՄՆ-ը 2004-ին չկարողացավ եւ ապշեց, որ Թուրքիան մերժեց նույն իրաքյան գործողությունների ժամանակ իր տարածքը տրամադրել: Միջազգային ահաբեկչության ու այլնի հետ կապված էլ նշենք, որ հատկապես Թուրքիայում եղած ահաբեկչությունների ժամանակ, որ կազմակերպվեցին, օգտագործվեցին Թուրքիայի վախերը, գոնե ԱՄՆ-ը տարածքի մուտք ստացավ Ինջերլիկը օգտագործելու՝ «Իսլամական պետության» դեմ գործողությունների համար: Այսինքն՝ մի ճակատ այստեղ ավելացավ սեպտեմբերի սկզբից, երկրորդ ճակատն ավելացավ ռուսական ներխուժումով, եւ հիմա «Իսլամական պետությունը» հայտնվել է բավականին փակուղային իրավիճակում: Աջ է թեքվում՝ Ասադի զորքերն են, ձախ է թեքվում՝ ամերիկյան ռմբակոծություններն են, ուղիղ է գնում՝ ռուսական ռմբակոծություններն են: Ստացվում է, որ խաղի դաշտը փոքրացել է, մինչդեռ մինչեւ այս ամեն ինչը «Իսլամական պետությունը» մի ժամանակ տարածքներ էր գրավում՝ Սինջար, անգամ Իրաքի մի մասն էր վերցրել: Հետեւաբար՝ ի՞նչ էր մնում նրան անել: Այս փակուղու մեջ ինքը պետք է բնականաբար տեղափոխվեր, ու քանի որ ուներ գլոբալ ցանցեր, տեղափոխվեց այլ տարածքներ, նրա երկու գործողություններից մեկը իրականացվեց Սինայի տարածքում՝ Եգիպտոսում, որտեղ «Իսլամական պետության» համակիրները շատ են, ռուսական ինքնաթիռին այնտեղ հարվածեցին, մյուսը Ֆրանսիայում եղավ: Շատ ռացիոնալ են «Իսլամական պետության» քայլերը: Նրանք թիրախի տակ են վերցրել այն ճակատները, որոնք իրենց խոչընդոտում են ընդլայնվել խալիֆաթությունը ստեղծելիս: Ուստի փորձում էին վախեցնել ֆրանսիային, ստիպել նրան հետ քաշվել օդային հարվածներից: Ես ուրախ եմ, որ Ֆրանսիան շատ արագ հաղթահարեց այս ամենը եւ սկսեց գնդակոծել «Իսլամական պետության» գրոհայիններին:

Քննարկումն ամբողջությամբ

Պատրաստեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30