Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսան Պետրոսյանը՝ «ՄԱՊ»-ի Ալիկը, բողոքում է ԵՏՄ-ից. «Անօրինական գործընթաց է՝ մեր ապրանքների նկատմամբ»

Նոյեմբեր 23,2015 11:57

Կառավարությունն ԱԺ-ում արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է 14 հարց:

Այս պահին քննարկվում է ԵՏՄ տարածքում ապրանքների տեղափոխման եւ ներմուծման մասին արձանագրությունը վավերացնելու հարցը:

Հիմնական զեկուցողը միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանն է:

Ալեքսան Պետրոսյանը բոլոր արտադրողների անունից մտահոգություն հայտնեց, որ երբ ապրանքները արտահանում են Ռուսաստան, ինչ-ինչ պատճառներով հետ է գալիս, կրկնակի հարկվում է ԱԱՀ-ով. «Մի հատ ԱԱՀ ՌԴ-ում է մուծվում, այդ ապրանքները 50 օր հետո երբ հետ է բերվում Հայաստան, ՀՀ սահմանի վրա էլ է ավելացված արժեքի հարկով հարկվում: Նման բան առաջ չկար: Մասշտաբները երբ համեմատենք, ավելի շատ ապրանքներ գալիս է ՌԴ-ից, քան ուղարկվում է ՌԴ: Մեր մաքսային սահմանի վրա նրանցից նույնացման սերտիֆիկատ չեն պահանջում, բայց նրանք մեր ապրանքների համար նույնացման սերտիֆիկատ են պահանջում: Այսինքն, երկուսն էլ անօրինական գործընթաց է մեր ապրանքների նկատմամբ»:

Պատգամավորը խնդրեց միջամտել եւ այս հարցը լուծել ու դժգոհեց, որ ամեն անգամ ասում են՝ սենց կանենք, նենց կանենք, մի հատ վաղը կտեսնենք, բայց չեն զբաղվում այդ լուրջ հարցով:

Սուրեն Կարայանը պատասխանեց. «Երբ ՀՀ-ից արտահանվում է ՌԴ, ապա ՀՀ-ում ձեր կողմից վճարված ԱԱՀ-ն պետք է հետ վերադարձվի եւ վճարը պետք է կատարվի ՌԴ-ում: Իսկ երբ արտահանված ապրանքատեսակների որոշ մասը ինչ-ինչ պատճառներով հետ է վերադարձվում, ապա այդ ապրանքների հետ վերադարձման ժամանակ նույն մեխանիզմը պետք է կիրառվի՝ հակադարձ ուղղությամբ: Այնտեղ պետք է հետ վերադարձվի վճարված ԱԱՀ-ն»:

Ինչ վերաբերում է նույնականացման սերտիֆիկատ պահանջելուն, Սուրեն Կարայանն ասաց, որ դրանք կարող են պահանջվել միայն այն ապրանքատեսակների նկատմամբ, որոնց մասով ՀՀ-ն կիրառում է ԵՏՄ-ի միասնական մաքսային սակագներից տարբերվող այլ սակագներ: Մնացած բոլոր ապրանքատեսակների մասով իրավունք չունեն եւ չեն կարող պահանջել նույնականացման սերտիֆիկատներ: Նա հորդորեց, որ եթե իրենցից պահանջում են, կարող են դիմել, ԵՏՄ հանձնաժողովը կտա համապատասխան գրություն, որը հիմք կհանդիսանա, որ այլեւս չպահանջեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30