Սեփական ուժերի եւ մտքերի վրա կասկածելը նույնքան օգտակար է
«Ինչպես զարգացնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ»: Այդ թեմային նվիրված են հազարավոր գրքեր եւ հոդվածներ, որոնց հեղինակները տալիս են խելամիտ եւ ոչ այնքան խելամիտ խորհուրդներ: Բայց որքան ես գիտեմ, ոչ ոք համոզիչ պատասխան չի տվել այն հարցին, թե ինչի համար է պետք այդ ինքնավստահությունը: Ասում են՝ որպեսզի ազդեցություն ունենաս այլ մարդկանց վրա: Բայց մի՞թե դա պարտադիր է: Իսկ եթե ես չե՞մ ուզում որեւէ մեկի վրա ազդել: Հիտլերը շատ ազդեցիկ էր, մի ամբողջ ազգի ուղեղը լվաց: Առանձնապես բարձր մտավոր մակարդակ չունենալով՝ նա չափազանց ինքնավստահ էր եւ կարողանում էր «առաջ բրթել» իր ցնդաբանությունները: Դուք ուզում եք տանը կամ աշխատավայրում փոքրիկ «ֆյուրե՞ր» լինել: Կամ գուցե հավակնում եք դեպի պայծառ ապագա ձեր հետեւից տանել հիացած ամբոխնե՞ր: Ուրեմն ձեզ պետք է զարգացնել սեփական ուժերի նկատմամբ վստահությունը:
Ասում են նաեւ, որ ինքնավստահությունը պետք է, որպեսզի դուք կարողանաք ծանոթանալ ձեր հավանած աղջկա հետ: Իբր աղջիկներն ինքնավստահներին ավելի շատ են սիրում: Իսկ եթե ես ում հետ որ պետք է՝ արդեն ծանոթացե՞լ եմ: Եվ հետո՝ մի՞թե մարդկանց դուր գալու միակ միջոցը ինքնավստահությունն է, եւ չկան ավելի կարեւոր արժանիքներ: Եվ ընդհանրապես՝ մի՞թե որեւէ մեկին դուր գալը ինքնանպատակ է: Բայց եթե դուք 15 տարեկան եք եւ «աղջիկ կապելու» հարցում խնդիրներ ունեք, ապա, հավանաբար, պետք է զարգացնեք սեփական ուժերի նկատմամբ վստահությունը:
Ասում են, որ ինքնավստահ մարդը ավելի շուտ կկարողանա վաճառել իր ապրանքը: Այստեղ ես լիովին համաձայն եմ: Եթե դուք կանգնած եք շուկայում եւ, ասենք, թթու ծիծակ եք վաճառում, ապա երբ որեւէ հաճախորդ մոտենում է ձեզ եւ գին է հարցնում, դուք պիտի ասեք՝ «սկզբից համը փորձի»: Եվ կախված նրանից, թե որքան վստահ հնչերանգով եք դա ասում, այդքան ակտիվ կաշխատեն հաճախորդի համային ռեցեպտորները: Կամ՝ եթե դուք աղանդավոր եք եւ դուրս եք եկել փողոց՝ «մարդաորսի», ապա շատ բան կախված է նրանից, թե որքան վստահ եք ասում ձեր կողմից «բռնացրած» մարդուն՝ «ես ուզում եմ ձեզ հետ զրուցել»: Մի խոսքով՝ եթե դուք ուզում եք որեւէ բան վաճառել, ապա աներկբայորեն պետք է տիրապետեք վստահ երեւալու արվեստին:
Բայց եթե դուք որեւէ մեկի վրա ազդելու հավակնություն չունեք, «աղջիկ կապելու» խնդիրը ձեզ համար արդիական չի, եւ դուք չեք պատրաստվում որեւէ նյութական կամ «հոգեւոր» բան վաճառել, ապա այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու դուք ձեր ուժերի, ձեզ համոզմունքների կամ առաջ քաշած գաղափարների վրա չպիտի կասկածեք: Եթե ես կյանքի ամեն մի դեպքի համար ունեմ իմ անսասան «դեղատոմսերը» (որոնք, ի դեպ, սովորաբար ոչ թե իմ սեփական մտորումների արդյունք են, այլ փոխառնված են այս կամ այն «հեղինակավոր» աղբյուրից), եւ դա իմ ինքնավստահության հիմքն է, ապա ես նման եմ մի կենդանու, որը մի քանի տասնամյակ առաջ անփոխարինելի էր դժվար անցանելի լեռնային ճանապարհներում, բայց մտավոր առումով ամենեւին էլ հեղինակություն չի:
Այդտեղ կա եւս մի բան, որն ինձ վիճահարույց է թվում է: Ի՞նչ է նշանակում՝ զարգացրեք ձեր մեջ այս կամ այն բանը: Այսինքն՝ դուք, ենթադրենք, չար եք եւ բռնության կողմնակից եք, բայց ձեր մեջ բարություն եւ հանդուրժողականությո՞ւն եք զարգացնում: Ուզում եք ներկայանալ ոչ այն տեսքով, որն իրականում ունե՞ք: Կամ՝ իմ բնավորությունը թույլ է, եւ ես ուզում եմ ուժե՞ղ երեւալ: Կամ՝ ես իմ վրա ամենեւին վստահ չեմ, բայց ուզում եմ վստա՞հ դառնալ: Ավելի ճիշտ չէ՞ շարունակել ապրել՝ կասկածները սրտում:
Գրիգոր Նարեկացու «Ողբերգության մատյանը» մի ամբողջ կասկած է, պոետն ու փիլիսոփան ամեն մի տողի մեջ ինքն իր հետ կռիվ է տալիս: Դրա համար էլ դա հանճարեղ գործ է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.11..2015