Ես և ուսանողական ընկերս՝ Հրաչն, ամառային արձակուրդներին հանգստանում էինք Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի մի փոքրիկ և չքնաղ քաղաքում՝ Ադլերում, որտեղ գտնվում էր նաև Սոչիի շրջանային օդանավակայանը: Ադլերը հիմնականում տեղակայված է Կուդեպստա գետի ձախ ու Պսոու գետի աջ ափերի միջև: Քաղաքը ձգվում է Սև Ծովի ափով՝ հատելով Մզիմտիի գետաբերանը: Այն Ռուսաստանի Դաշնության ամենահարավային քաղաքն է և սահմանամերձ է Աբխազիայի հետ: Ես և ընկերս, որպես հանգստավայր, ընտրել էինք հենց այս քաղաքը, որովհետև խորհրդային տարիներին ուղիղ օդային չվերթ կար Երևանի և Ադլերի միջև: Չվերթի տևողությունն ընդամենը մեկ ժամ էր:
Մենք կահավորված մի սենյակ էինք վարձել ծովից ընդամենը երեք-չորս հարյուր մետր հեռավորության վրա՝ ձեղնահարկում: Առաստաղը եռանիստ թեքություններ ուներ, իսկ մեր գլխավերևում մոտավորապես ժամը մեկը ինքնաթիռներ էին սավառնում մոտակա օդանավակայանից՝ մի քանի ակնթարթ շռնդալից աղմուկով լցնելով մեր պստիկ կացարանը, բայց մեզ դա այնքան էլ չէր խանգարում, քանի որ շատ երիտասարդ էինք, մոտ տասնինը-քսան տարեկան:
Ամեն առավոտ մոտավորապես ժամը իննին արթնանում և շտապում էինք դեպի լողափ: Նախաճաշում և ճաշում էինք հենց լողափում, որտեղ կար սրճարան, խորտկարան և ճաշարան: Ամբողջ օրն այնքան հետաքրքիր էր անցնում, որ չէինք նկատում, թե ինչպես էր այն այդքան շուտ վերջանում: Լողափին արևահարվում էինք, լողանում ծովի տաք ու հաճելի ջրերի մեջ, նավակով և ջրային հեծանիվով զբոսնում աղջիկների հետ ծովի վրա:
Օրվա ընթացում հաճախակի բարձրախոսով հնչում էր մեր տաղանդավոր հայրենակցի, նշանավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հանրահայտ երգերը՝ «Աշխարհի ամենալավ քաղաքը», «Սատանայի անիվ», «Գեղեցկության թագուհին», «Ոսկյա տանգո» «Կիրակի», «Իմ Երևան», «Ժպտա», «Կամուրջներ» և այլ երգերը, ինչպես նաև տվյալ լողափի առույգ կարգախոսը՝ “Солнце, воздух и вода – наши верные друзья!”:*
Կարդացեք նաև
Երեկոյան բավականին հաճախ գնում էինք պարահրապարակ պարելու: Այնուհետև զբոսնում էինք լողափում՝ պարահրապարակում հենց նոր ծանոթացած աղջիկների հետ: Պարահրապարակի և լողափի շնորհիվ մենք բազմաթիվ աղջիկների հետ էինք ծանոթանում, իսկ նրանցից մի քանիսին հաճախ բերում էինք մեր կացարանը, բայց դա դուր չեկավ մեր տանտիրոջը և նա մեզ վռնդեց ձեղնահարկի մեր սենյակից: Ես և Հրաչը մեծ դժվարությամբ մեկ ուրիշ սենյակ վարձեցինք ու որոշեցինք այլևս աղջիկներին մեր կացարան չբերել, որ նորից չզրկվենք ապրելու տեղից: Փոխարենը, անհրաժեշտության դեպքում, մենք էինք գնում նրանց մոտ… Այդպես ավելի ապահով էր:
Մենք շատ ընկերներ էինք ձեռք բերել հովեկների, ինչպես նաև տեղացիների մեջ, որոնք հիմնականում փրկարարներ, լողի մարզիչներ, լուսանկարիչներ կամ ջրային հեծանիվների և նավակների վարձույթի աշխատակիցներ էին: Նրանց մի մասն Ադլերի շրջակա գյուղերից ու ավաններից էին, ինչպես օրինակ՝ Մոլդովկան, Կազաչիյ Բրոդը, Գալիցինոն, Կեպշան, Վեսյոլոյեն և այլն: Տեղացիների մեջ կային նաև հայեր, որոնք մեզ, որպես հայերի, չափազանց մեծ ջերմությամբ էին վերաբերվում և նույնիսկ հովանավորում որոշ հարցերում: Հետագայում իմացանք, որ նրանք հիմնականում համշենահայեր են:
Մի օր, կեսգիշերից հետո ես իմ ընկերուհուն տուն ուղեկցելուց հետո վերադարձա տուն, բացեցի տան դուռը և մտա նախասրահ, որը նաև որպես խոհանոց էր ծառայում կենվորների համար: Մոտեցա միջանցքի դռանը, բայց այն փակ էր: Շատ զարմացա, որովհետև միջանցքի դուռը միշտ բաց էր լինում, քանի որ նրա վրա էին բացվում կենվորների բոլոր երեք սենյակները: «Ի՞նչ անեմ», մտածեցի ես: Մի քանի րոպե շվարած կանգնած մտածում էի. վերջապես գլխի ընկա, որ բակի կողմից կարող եմ մոտենալ մեր պատուհանին ու ձայն տալ Հրաչին, որպեսզի գա դուռը բացի: Բակում այնքան էլ մութ չէր. իմ բախտից լիալուսին էր, ու բակը հավասար լուսավորված էր լուսնի արծաթափայլ լույսով, նույնիսկ գետնի վրա պարզորոշ երևում էին ծառերի և մեր տան ծխնելույզի ստվերները: Անմիջապես մեր սենյակների պատուհանների տակ վարդեր էին տնկված, որոնք իրենց վառ, կարմիր գույնի ծաղիկներով միշտ հիացնում էին ինձ, բայց հիմա լուսնի լույսի տակ նրանք չգիտես ինչու սև-սպիտակ էին դարձել, ինչպես սև-սպիտակ հեռուստացույց դիտելիս: Քանի որ ամառ էր, բոլոր պատուհանները բաց էին: Ես զգուշությամբ, անաղմուկ մոտեցա մեր պատուհանին և կամացուկ կանչեցի.
– Հրա՜չ, Հրա՜չ, Հրա՜չ, – բայց Հրաչը չարձագանքեց. երևի խորը քնած էր:
Ես հուսահատ նորից վերադարձա նախասրահ և տեսա, որ մեկ ուրիշն էլ է փորձում բացել միջանցքի դուռը: Դա մեր հարևանուհին էր: Նա գիշերային թեթև խալաթով էր:
– Եկա երեխայի համար խմելու ջուր տանելու և դուռը փակվեց, – ասաց նա, – ես միշտ միջանցքի դռան բանալին խալաթիս գրպանում եմ պահում, բայց պատահաբար այն ձեռքիցս ընկավ և հիմա այս մթան մեջ չեմ կարողանում գտնել: Լամպն էլ հակառակի պես փչացել է: Եկեք միասին փնտրենք, – առաջարկեց նա ժպտալով:
– Եկեք, – տխուր ասացի ես, ու մենք սկսեցինք մթան մեջ խարխափելով բանալի փնտրել: Մենք բանալին փնտրեցինք ամենուրեք. նայեցինք հատակին, գազօջախի տակն ու կողքերը, պահարանի առջևն ու կողքերը, սեղանի տակ, բայց բանալին չկար ու չկար…
Կինը կլիներ մոտ երեսուն տարեկան՝ փարթամ կրծքով և ուսերին թափված կիսագանգուր մազերով: Նրա կուրծքը խալաթի բացվածքից կիսով չափ տեսանելի էր, իսկ խալաթի փեշերը երբեմն բացվում էին ցույց տալով նրա արևահարված, բրոնզագույն փայլով պիրկ ազդրերը: Միգուցե դա պատահմամբ էր ստացվում, միգուցե և ինքն էր միտումնավոր դա անում, բայց ամեն դեպքում դա հաճելի էր ինձ: Նրա մարմինը թարմություն և անուշահոտ օճառի բույր էր արձակում: Ըստ երևույթին նա նոր էր դուրս եկել ցնցուղի տակից, որովհետև նկատեցի, որ նրա մազերը թաց են:
– Արի մեկ անգամ էլ փնտրենք սեղանի տակ, – ասաց կինը ժպտալով, – ես գրեթե համոզված եմ, որ այն գլորվել է այնտեղ ու մեզ է սպասում:
Ես հլու հնազանդ մտա սեղանի տակ ու շարունակեցի նրա հետ փնտրել բանալին, բայց իրականում իմ աչքերն արդեն ուրիշ բան էին փնտրում նրա խալաթի խորհրդավոր ծալքերում: Կռացած վիճակում նրա հմայիչ կուրծքն ավելի ցայտուն էր ցուցադրված և շատ գրգռիչ տեսք ուներ… Կինն էլ կարծես միտումնավոր բավականին մոտեցել էր ինձ… Ես արդեն պատրաստվում էի գրկել նրան, երբ հանկարծ միջանցքի դուռն աղմուկով բացվեց և ինչ որ մեկն անսպասելի միացրեց լույսը: Սենյակն անմիջապես ողողվեց էլեկտրական ուժեղ լույսով:
– Վազգե՞ն, – ասաց Հրաչը, – բանալի ե՞ք փնտրում, հա՜, հա՜, հա՜: Այդ խորամանկ կինը նույն օյինն իմ գլխին խաղաց: Ներս արի՛: Բանալին նրա գրպանում է: Կարող ես ստուգե՛լ, եթե չես հավատում:
Ես անմիջապես ձեռքերս մտցրեցի նրա խալաթի գրպանները ու շոշափելով գտա բանալին:
Բանալին փնտրելիս, նկատեցի, որ նրա կլորիկ ու ողորկ ազդրերը հուզմունքից դողում էին:
– Տեր Աստվա՜ծ, – մտածեցի ես, – ինչքան ցանկալի, միայնակ կանայք կան այս աշխարհում, որ գուրգուրանքի կարիք ունեն…
*“Солнце, воздух и вода – наши верные друзья” – «Արևը, օդը և ջուրը մեր հավատարիմ բարեկամներն են»:
Մարտին Շիրինյան
Կալիֆորնիա, Գլենդել
28 մարտի, 2015թ.