Լրահոս
Օրվա լրահոսը

Վերգինեն կարող է ափսե լվանալ, խոհարարին օգնել, սակայն աշխատանքի համար չի դիմում. վստահ է, որ կմերժվի

Նոյեմբեր 23,2015 14:30

Վերգինեն 21 տարեկան է, ինչպես նա է ասում՝ կարող է աշխատել «խոհարարի օգնական, ափսե լվացող, բանջարեղեն դասավորող», սակայն ամեն անգամ նրա եւ մտավոր խնդիրներ ունեցող, սակայն աշխատունակ այլ երիտասարդների վերաբերյալ հայտերը աշխատանքի տոնավաճառներում գործատուների կողմից մնում են անարձագանք: Այդ իսկ պատճառով էլ մեր երկրում մտավոր խնդիրներ ունեցող դեռահասը կամ պատանին հատուկ դպրոցն ավարտելուց հետո կամ մնում են տանը փակված, ինչի արդյունքում խորանում է նրանց բարդույթը, կամ էլ հայտնվում են հաստատություններում, փողոցում՝ մուրացկանի, թափառաշրջիկի կարգավիճակում: Մինչդեռ, ինչպես մասնագետներն են պնդում, մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ մարդիկ պոտենցիալ աշխատուժ են, որի մասին ո՛չ գործատուները, ո՛չ էլ առհասարակ հասարակությունը բավարար իրազեկված չեն: Մտավոր խնդիրներ ունեցող այն քաղաքացիները, որոնք նույնիսկ աշխատում են, օրինական ձեւակերպված չեն, եւ գործատուն ամեն պահի կարող է նրանցից ազատվել՝ առանց օրենքի առաջ պատասխանատվություն կրելու:

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքները ջատագովելու, նրանց հնարավորությունները ներկայացնելու նպատակով հանրապետությունով մեկ մեկնարկել է «Խտրականությունը չի՛ աշխատում» քարոզարշավը: Այն նախաձեռնել է «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունն իր գործընկեր կազմակերպությունների հետ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագրի շրջանակներում:
Վերգինե Ավետիսյանը 6 տարի է՝ հաճախում է «Փրկություն» հ/կ-ի մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների եւ երիտասարդների ցերեկային խնամքի կենտրոնը:

Ինչպես այս կենտրոնի էրգոթերապիայի մասնագետ Սուսաննա Սարգսյանն է ասում՝ Վերգինեն ի վիճակի է աշխատելու, պարզապես գործատուն պիտի հասկանա ու մի փոքր համբերություն դրսեւորի: «Առավոտի» հետ զրույցում Վերգինեն ասաց, որ չնայած նրան, որ ինքը կարող է աշխատել, այդուհանդերձ՝ խուսափում է դիմել աշխատանքի համար, քանի որ վստահ է՝ կմերժվի:

Այս կենտրոնում Վերգինեին սովորեցրել են այս կամ այն իրավիճակում կողմնորոշվել, հմտանալ տնտեսակենցաղային աշխատանքներում:

«Երբ մեկ անգամ ցույց եմ տալիս, համբերատար բացատրում եմ՝ ինչպես պետք է արվի, հաջորդ անգամ Վերգինեն ինքնուրույն կարողանում է կատարել այդ աշխատանքը»,- ասում է Սուսաննա Սարգսյանը՝ նշելով, որ կենտրոն հաճախող դեռահասների աշխատանքները, որոնք ստեղծվում են կավագործության, դիզայնի եւ մակրամեի խմբակներ հաճախելու արդյունքում, պարբերաբար ցուցադրվում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կազմակերպած ցուցահանդեսներում, որտեղ եւ վաճառքի են հանվում: Սակայն ամեն անգամ այդ տոնավաճառներում գործատուներին ներկայացված հայտերը թափուր աշխատատեղերի համար մնում են անպատասխան: Մինչդեռ Սուսաննա Սարգսյանի խոսքերով՝ մտավոր խնդիրներ ունեցող դեռահասները միանգամայն ունակ են ծառայությունների ոլորտում աշխատելու. «Տղաները կարող են բեռնակրություն անել, մեքենա լվանալ, խանութում ապրանք դասավորել: Աղջիկները ափսեներ լվացող աշխատեն, հավաքարար, խոհարարի օգնական: Հայտերը տվել ենք, բայց ոչ մի տեղից պատասխան չենք ստացել: Արձագանք չի լինում: Իրազեկման պակասն է ու գործատուների ցանկությունը: Այս մարդիկ աշխատունակ են, աշխատուժ են, եւ, եթե գործատուն մի փոքր համբերություն դրսեւորի, ինչ-որ մեկին կցի, որպեսզի, ասենք՝ Վերգինեին սովորեցնի ծաղիկներն ինչպես դասավորել, նա ի վիճակի է այդ անել եւ անել ավելի պարտաճանաչ, քանի որ մտավոր խնդիր ունեցողը կենտրոնանում է այդ գործի վրա եւ ձգտում է լավ անել, որպեսզի կրկին ստանա աշխատանք: Տղաները նաեւ կանաչապատման ոլորտի լավ աշխատողներ կարող են լինել»:

Ինչպես բացատրում է Սուսաննա Սարգսյանը, էրգոթերապիան մտավոր խնդիրներով երեխաների հետ աշխատանք է, որպեսզի կարողանան նրանք առավելագույնս ինքնուրույն լինել, ինքնասպասարկվեն, սոցիալական հմտություններ ձեռք բերեն:
«Երբ երեխան ընդունվում է կենտրոն, նրա անհատական կարիքներից առանձնահատկություններից, զարգացվածության աստիճանից ելնելով՝ կազմակերպում են անհատական եւ խմբային պարապմունքներ: Վերգինեի դեպքում, օրինակ, չկար անհատական աշխատանքի կարիք, եւ մոտեցումը ավելի շատ խմբային էր: Նա մասնակցում էր տնտեսակենցաղային աշխատանքներին, այդ թվում եւ ճաշարանի աշխատանքներին, որը մենք կազմակերպում ենք հենց մեր կենտրոնի ճաշարանում՝ ճաշի ժամերին, եւ այժմ նա բավականին ինքնուրույն է եւ կարողանում է մասնակցել տարբեր աշխատանքների: Վերգինեի հետ կապված պահանջվում է փոքր-ինչ համբերատարություն, քանի որ մտավոր խնդրի դեպքում մենք պետք է հաշվի առնենք, որ հարցը տալիս՝ պետք է ժամանակ տանք, քանի որ ընկալելու եւ պատասխանը տալու համար նրանց ժամանակ է պետք»:

Նկատենք, որ այսօր քաղաքակիրթ աշխարհի շատ երկրներոմ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ պետական աջակցությամբ ունեն աշխատանք: Մասնագետները գտնում են, որ ընդհանրապես մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար պետք է ստեղծվեն սոցիալական ձեռնարկություններ, որտեղ նրանք կաշխատեն՝ իրենց վրա չունենալով աշխատանքային պլան, քանի որ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ չեն կարող երկարատեւ նստել ու աշխատել, նրանց պետք են այնպիսի պայմաններ, որպեսզի հոգնելու դեպքում հանգստանան եւ նորից անցնեն աշխատանքի:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30