Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարոնյանցիներն իրենց հաշվին են մեկնել մարզ

Նոյեմբեր 23,2015 13:30

Մշակութային առանց այն էլ սուղ բյուջեն ավելի է «սեղմվել»

Վերջին շրջանում մարզերում թեեւ նկատվում է մշակութային կյանքի տարբեր ոլորտներում աշխուժացում փառատոների, միջոցառումների, նույնիսկ Գյումրիում ավանդական դարձած «Վերածնունդ» միջազգային մրցույթի անցկացմամբ, այդուհանդերձ սա չի կարելի համարել հարցի վերջնական լուծում: Ակնհայտ է մայրաքաղաք Երեւանի հետ համեմատած մարզային մշակութային կյանքի անհամաչափությունը:
«Առավոտի» հետ զրույցներում երեւանյան մշակութային օջախների պատասխանատուները, այդ թվում՝ արտիստները, հաճախ են հիշում խորհրդային տարիները: Օրինակ, թատրոնի մարդիկ ասում են, որ մշակույթի նախարարությունը արտագնա ներկայացումների համար յուրաքանչյուր տարի «իջեցնում» էր պլան՝ համապատասխան բյուջեով, իրենք էլ թատերաշրջանի ընթացքում մարզերում խաղում էին շուրջ 15 ներկայացում:

paronyanciner

Պարոնյանցիները սեւանցի հանդիսատեսի հետ:

Մեր զրուցակիցները «վերադառնալով» մեր օրերը, հոռետեսական հարց են հնչեցնում՝ իսկ հիմա մարզերում երիտասարդները ինչո՞վ են մեծանում, սերիալներո՞վ, գիշերային ակումբներո՞վ… Մեր զրուցակիցները փաստում են նաեւ, որ այն տարիներին երեւանյան թատրոնների անվանի շատ դերասաններ, այդ թվում՝ Արուս Ասրյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Ավետ Ավետիսյանը, Բաբկեն Ներսիսյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը եւ մյուսները հաճույքով էին մասնակցում այսպես կոչված՝ շեֆական ներկայացումներին: Հետո էլ որոշ արվեստագետներ հիշում են, որ լինում էին նաեւ բացառություններ: Օրինակ, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը մի առիթով պատմեց հետեւյալը. «Ավետ Ավետիսյանը, դե, մարդ է, հավանաբար հոգնածություն էր վրան եկել ու Վարդան Աճեմյանին ասաց՝ էս անգամ ես չեմ գալու շրջան… Բայց սիրտը չտարավ, գնաց: Տեղ հասնելուն պես թատրոնի տնօրենը կատակել է, ասելով՝ ինչ լավ ա, որ Ավետ Ավետիսյանը էկել ա, թե չէ շրջկոմի քարտուղարը հրահանգել էր՝ եթե Ավետը գալիս ա, թող գան, բարով գան, եթե ոչ՝ ոչ մեկն էլ թող չգա»:
Իմիջիայլոց, 2016թ բյուջեով կրճատվել են մշակույթի ոլորտի հատկացումները, իսկ որոշ քաղաքական գործիչներ այն որակել են կործանող բյուջե: Հանգստի, մշակույթի եւ կրոնի բնագավառին 2016թ. պետական բյուջեով հատկացումները կազմում են 26,238.5 մլն դրամ` 2015թ. 28,282.0 մլն դրամի դիմաց:

paronyanciner-2

Տեսարան «Ազգային գործիչը» ներկայացումից:

Վերջերս երեւանյան թատրոններից պարոնյանցիները Ալ. Շիրվանզադեի «Ազգային գործիչը» կատակերգությամբ (ռեժիսոր՝ Գոհարինե Նժդեհ-Տրդատյան) հանդես եկան Սեւան քաղաքում: Մեզ հետաքրքրող հարցերով հանդիպեցինք Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանի (լուսանկարում) հետ:
Անցյալ թատերաշրջանում կոմեդիայի թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակներում՝ Ալավերդիում, Սպիտակում եւ Աբովյանում:

Կարո Շահբազյանը նշեց, որ ընթացիկ թատերաշրջանում թատրոնը հյուրախաղերի է մեկնել ԱՄՆ, Աբովյան եւ Սեւան քաղաքներ: Նշեց, որ այս անգամ նախաձեռնողը Սեւանի համայնքային մշակույթի կենտրոնի տնօրեն Նաիրա Հովսեփյանն էր: Շեշտելով, թե դերասանական խումբը հաճույքով խաղաց սեւանցիների համար, մեր զրուցակիցը հատուկ նշեց, որ գլխավոր դերերում հանդես են եկել իրենց թատրոնի առաջատար դերասաններ Արթուր Կարապետյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Հովակ Գալոյանը, Զարուհի Խաչատրյանը եւ մյուսները:

Հետաքրքրությանը, թե ինչ վիճակում է Սեւանի մշակութային կենտրոնը, պարոն Շահբազյանը պատասխանեց, որ ունեն հրաշալի բեմ, 500 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճ, բայց, ցավոք, 1970-ականներին կառուցված շենքը անմխիթար վիճակում է: «Եթե չլիներ դերասանների մեծ ոգեւորությունը, պարզապես ներկայացումը չէր կայանա: Այդ օրերին Սեւանում շատ ցուրտ էր, շենքն էլ չէր ջեռուցվում: Իսկապես բրավո մեր արտիստներին, որ երկու ժամ դիմացան, այլապես հնարավոր էլ չէր: Ներկայացումը դիտել ցանկացողների թիվը ավելի մեծ էր, քան 500-ը»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը:

Հավելենք, որ պարոնյանցիները Սեւան էին մեկնել «իրենց հաշվին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30